ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որն է ավագանու ընտրությունների ինտրիգը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որն է ավագանու ընտրությունների ինտրիգը

Երեկ՝ ապրիլի 9-ին, լրացավ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների համար ԿԸՀ սահմանած վերջնաժամկետը: Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է երեք քաղաքական ուժ: Ըստ այդմ,  ընտրություններին կմասնակցի ՀՀԿ-ն՝ քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, Ելք դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և Երկիր Ծիրանի կուսակցությունը՝  Զարուհի Փոստանջյանի թեկնածությամբ:

Հետաքրքիր է, որ ոչ խորհրդարան անցած Ծառուկյանն դաշինքն ու ՀՅԴ-ն, ոչ էլ խորհրդարանական  ընտրություններում ձախողված մյուս ուժերը ցանկություն չեն հայտնել մաս դառնալ պայքարի:  Պատճառը դեռևս ընտրությունների արդյունքներն են, որոնք իսկապես շատերի համար անակնկալ էին. շոկային վիճակից դեռ շատ ուժեր դուրս չեն եկել:

«Ծառուկյան» դաշինքում այս հարցով ակտիվ քննարկումներ են եղել, հատկապես մասնակցության ձևաչափի շուրջ և հիմնական խնդիրը ցուցակի առաջին համարի հետ էր կապված:  ԱԺ այս ընտրություններից առաջ «Ծառուկյան» դաշինքը հայտարարեց, թե Երեւանի ավագանու նախկին անդամ, «Միասնություն» շարժման խորհրդի ղեկավար Արման Վարդանյանն է գլխավորելու իրենց ցուցակը, ուստի չի ընդգրկվի ԱԺ համամասնական ցուցակում, սակայն այս հարցում ևս փոփոխություն գրանցվեց:

Ինչ վերաբերում է իշխող ՀՅԴ-ին, ապա նրանք հայտարարեցին, թե նպատակահարմար չեն գտնում մասնակցել ավագանու ընտրություններին. թերևս պատճառը նաև անցողիկ շեմը չհաղթահարելու վախն է: Իսկ քաղաքական այն ուժերը, որոնք չհաղթահարեցին ԱԺ անցնելու նվազագույն շեմը,  քաղաքական «պաուզա» վերցրեցին ու պարզապես չեն մասնակցի այս ընտրություններին:

Այնպես որ, Երևանի ավագանու ընտրություններում, որն անցկացվելու է համամասնական ընտրակարգով եւ որը կարելի է համարել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը,  պայքարն ընթանալու է Տարոն Մարգարյանի, Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի միջև: Իշխանությունն այս ընտրություններին ներկայանում է Տարոն Մարգարյանի դեմքով, ընդդիմությունը՝ Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի: Երևանի քաղաքապետի ընտրությանը առավել ինտրիգային է երկու ընդդիմադիր ուժերի միջև մրցակցությամբ: Եթե անգամ նրանց թիրախը լինի ՀՀԿ-ն ու Տարոն Մարգարյանը, միևնույն է, ՀՀԿ-ին կողմ չքվեարկողն առնվազն պետք է որոշի, թե ում քվեարկել:

Այսպիսով, կարելի է ասել խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի մեկնարկը տրված է: Մայիսի 14-ին երեւանցին այս անգամ էլ պետք է քաղաքապետ ու ավագանի ընտրի:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: