ՖՈՏՈ. Իմ կողակիցը պետք է լինի շատ ուժեղ մարդ. Շուշաննա Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը` անդրադառնալով հայկական շոու-բիզնեսի` արդեն ճանաչում ունեցող ներկայացուցիչներին: Վերջիններս պատմում են իրենց կարիերայի դժվարին պահերի մասին, նշում են` ինչի շնորհիվ են դարձել հայտնի: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է:

«Չճանաչվելու տարբերակ չունեի»

Կարող եմ վստահաբար ասել, որ հայ հանրության լայն զանգվածների կողմից ճանաչվեցի «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո: Նախագիծը երկու տարի էկրաններին էր, եւ ես չճանաչվելու տարբերակ չունեի: Ամեն դեպքում, երբեւէ հատուկ չեմ ձգտել հայտնի դառնալ: Չեմ երազել, օրինակ, մի առավոտ արթնանալ ու հոլիվուդյան աստղի չափ ճանաչում ունենալ: Հիշում եմ, որ սերիալում նկարահանվելու տարիներին, բացի նկարահանման հրապարակից տուն եւ տնից հրապարակ գնալուց, չէի հասցնում ոչ մի տեղ լինել: Եվ երբ մի անգամ հաջողվեց զբոսնել փողոցում, հասկացա, որ այն, ինչով զբաղվում եմ, տվել է իր պտուղները. մարդիկ ճանաչում էին ինձ:

«Ես մոդել չեմ, այլ դերասանուհի»

Գոհ եմ իմ երկրպագուներից, որոնց մեջ կան նաեւ հասուն, կայացած մարդիկ: Նրանք այնքան համախմբված են, միշտ անակնկալներ են մատուցում տոն օրերին, հետաքրքրվում են իմ պլաններով: Ասել, թե հայտնիությունը ինձ խանգարում է, սուտ կլինի: Ուղղակի լինում են պահեր, երբ ուզում ես ուշադրության կենտրոնում չլինել` ոչ լավ, ոչ վատ առումով: Ինքս փորձում եմ ինձ վրա ուշադրություն բեւեռել` կատարածս աշխատանքի միջոցով: Չեմ ուզում դա անել` համացանցում ակտիվություն ցուցաբերելով կամ անընդհատ նոր ֆոտոշարքեր ներկայացնելով: Ես մոդել չեմ, դերասանուհի եմ եւ մարդկանց պետք է գրավեմ իմ խաղով:

Նեգատիվ էներգիայի պոռթկումներ

Կարիերայիս ամենաբարդ շրջանը, միանշանակ, սկիզբն էր: Երբ մարդ գրանցում է որեւէ հաջողություն, հնարավոր չէ, որ շրջապատում չհայտնվեն մարդիկ, որոնք կնախանձեն նրան: Իմ անձի նկատմամբ այդ առումով լուրջ «սպառնալիքներ» չեն եղել, բայց մարդիկ կարող են տարածել սուտ խոսակցություններ. դա եւս վատություն անելու մի ձեւ է: Կարող եմ միանշանակ ասել, որ հայտնի եմ դարձել սերիալի շնորհիվ: Բայց ինձ ամեն բան պատրաստի չի հրամցվել: Դասախոսիս` Աբել Աբելյանի հորդորներով մասնակցել եմ քասթինգի, անցել եմ, խաղացել եմ, սկզբում նաեւ քննադատվել եմ, հետո արդեն ինձ նոր կերպար են վստահել: Ասեմ, որ մշտապես արձագանքում եմ առողջ քննադատությանը: Որքան էլ այն սուր լինի, ամեն դեպքում, կարող ես դրանից ինչ-որ օգտակար բան քաղել: Բայց, իհարկե, ինձ չեն շրջանցում նաեւ այնպիսի մեկնաբանություններ, որոնք մարդկանց նեգատիվ էներգիայի պոռթկման անհաջող դրսեւորումներ են: Երբեմն մարդիկ չեն էլ համբերում, որ դու քո պոտենցիալը ցույց տաս, շատ շուտ են սկսում կարծիքներ հայտնել: Իսկ դերասանուհին պետք է հասցնի այդ տեմպին, թերանալու իրավունք չունի:

«Շատ հայ տղաներ իրենց պահում են էգոիստաբար»

Միանշանակ, հանրային լինելու հանգամանքը կարող է ազդել անձնական կյանքի վրա: Մարդու անձնականը պատկանում է միայն իրեն, բայց մարդիկ ուզում են այդտեղ էլ ներխուժել: Ինչ-որ չափով հասկանում եմ նրանց, բայց միշտ փորձում եմ այնպես անել, որ մարդիկ հետաքրքրվեն իմ կատարած աշխատանքով: Իմ կողակիցը պետք է լինի շատ ուժեղ տղամարդ, որովհետեւ այդքան էլ հեշտ չէ ունենալ կին, որը հանրության ուշադրության կենտրոնում է: Շատ հայ տղամարդիկ կարող են ասել, թե իբր գիտակցում են, որ մեր ասպարեզում դժվարությունները բազմաթիվ են, բայց իրականում չեն կարողանում մեր բնագավառի կնոջ հետ իրենց կյանքը կապել: Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մեկը, դեռեւս արժանացած չլինելով նույնիսկ քո վերջնական «այո»-ին, խլի քեզնից քո կարիերան: Շատ հայ տղաների գիտեմ, որոնք այդ առումով իրենց էգոիստաբար են պահում: Կարծում եմ` եթե դերասանուհու կողքին լինի արժանի տղամարդ, այդ հարցն ինքնըստինքյան կլուծվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս