«Երկիր Ծիրանիի» ավագանու երկու անդամները պատասխանում են կուսակցության մեղադրանքներին

«Երկիր Ծիրանիի» ավագանու երկու անդամները պատասխանում են կուսակցության մեղադրանքներին

Երևանի ավագանու անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիեվը հայտարարություն են տարածել.

«Հաշվի առնելով «Երկիր Ծիրանի» կուսակցության 18․06․2017թ․ տարածած
հայտարարությունը, հարկ ենք համարում արձագանքել և պարզաբանել
հայտարարության մեջ առաջ քաշված մեղադրանքները։
Ինչ-ինչ պատճառներով, այն հանգամանքը, որ մենք կողմնակից ենք
կուսակցության Երևանի ծրագիրը իրագործել սառը դատողությամբ և ոչ
թե էմոցիոնալ երանգներ հաղորդելով գործընթացներին, ինչպես նաև բոլոր
գործողությունները կատարել օրենքի շրջանակներում և անկախ ամեն
ինչից պահպանել պրոֆեսիոնալիզմ և հարգալից վերաբերմունք,
կուսակցության կողմից գնահատվել է, որպես կուսակցության գծից շեղում,
պարտականությունների չկատարում և թիմային աշխատանքի խաթարում։
Հայաստանի անկախության մոտ երեք տասնամյակների ընթացքում, մենք
բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, երբ կարևորագույն հարցերին
տրվում էին ուռճացված էմոցիոնալ երանգներ, սակայն հարցը հիմովին
լուծում չէր ստանում, ինչը շարունակական հիասթափության ալիք էր
բարձրացնում մեր քաղաքացիների մոտ, դրանով իսկ սերմանելով
անվստահություն և անտարբերություն առողջ քաղաքական պայքարի
հանդեպ։ Մեր համոզմամբ, այսպիսի մոտեցումը անուղղակիորեն
աջակցում է գործող իշխանությանը և խոչնդոտում է առողջ
ժողովրդավարության զարգացմանը մեր հայրենիքում։

Ինչպես բազմաթիվ անգամներ նշվել էր քարոզարշավի ընթացքում,
Երևանի ավագանու անդամ լինելով, մեր աշխատանքը պետք է լինի ոչ
միայն բարձրաձայնելը Երևանցիների խնդիրների մասին, այլ նաև լինել
կառուցողական, հանդես գալ առարկայական առաջարկներով և անել մեր
լիազորություններից բխող ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։
Մեր կողմից ծրագրած անելիքների վերաբերյալ մենք ելույթ կունենանք
մամլո ասուլիսին ուրբաթ, հունիսի 23-ին Հայացք ակումբում»։

«19» Հունիսի 2017թ․