ՖՈՏՈ. Որևէ մեկը երեխաներիս խլելու ցանկություն չունի, եթե նման բան լիներ, մռնչյունս կլսվեր քաղաքում. Վահագն Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկրանային եւ բեմական նախագծերում ունեցած նոր դերերի, գործունեության հուսադրող եւ հիասթափեցնող կողմերի մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ալա- Բալա Նիցա», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Տնփեսա» և այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան, Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ Վահագն Գալստյանի հետ:

-Վահա՛գն, վերջերս համացանցի Ձեր էջում տեղադրել էիք  Ձեր երեխաների  հետ լուսանկար եւ թողել մակագրություն, որտեղ մոտավորապես նշել էիք, որ ինչ էլ լինի, եթե նույնիսկ փորձեն երեխաներին Ձեզնից խլել, նրանց կողքին եք: Հիմա կարող են խոսակցություններ պտտվել այն մասին, որ ամուսնալուծվել եք…

-Ես երբեք իմ անձնականից ոչինչ չեմ հրապարակում. կլինի դա ուրախություն, տխրություն, ձեռքբերում թե կորուստ: Այս հարցին մոտենում եմ խիստ եւ սկզբունքորեն: Չեմ սիրում, երբ մարդիկ իրենց կյանքը` թողած ապրում են ուրիշի կյանքով:

-Բայց բավական համարձակ գրառում էիք կատարել: Ի վերջո, ո՞վ է ուզում երեխաներին խլել Ձեզնից:

-Նրանց ինձնից խլող չկա, ոչ մեկ նման բան չի ուզում: Չի կարող նման մեկը հայտնվել: Եթե հանկարծ նման բան լիներ, շատ ավելի մեծ աղմուկ կբարձրանար: Մռնչյունս կլսվեր քաղաքում: Անավարտ սիրով եմ սիրում զավակներիս: Սրա մասին էի գրել:

-Որքանով տեղյակ եմ` Դրամատիկական թատրոնում նոր ներկայացում եք պատրաստում, բեմադրիչն էլ Ժան Նշանյանն է: Կպատմե՞ք Ձեր դերակատարության մասին։

-Այո, դա ֆանտաստիկ, խորը հոգեբանական գործ է, բայց փակագծեր դեռ չեմ բացի: Ես մարմնավորում եմ հոգեբույժի, խաղում եմ Լուիզա Ղամբարյանի եւ Արթուր Ութմազյանի հետ: Ամեն փորձի ժամանակ կարելի է անել մի նոր բացահայտում:

Իհարկե, ներկայացման վրա աշխատելը ոչ միայն հաճելի է, այլեւ բավական բարդ. այն ստիպում է չարչարվել: Ներկայացման հերոսն իր էությամբ սպիտակ ագռավ է, մեկը, ով իր կարծիքն ազատ արտահայտում է, իսկ մարդիկ «խրտնում են» դրանից: Կարծում եմ` արդեն գարնանը կունենանք պրեմիերա: Իսկ ավելի վաղ` նոյեմբերին, Դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման պրեմիերան (բեմադրիչ` Գրիգոր Խաչատրյան): Ներկայացման շուրջ հավաքված է թատրոնի երիտասարդական կազմը: Դերասաններիս կենցաղը հաճախ ստիպում է ավելի շատ հանդես գալ էկրանին, քան բեմում: Հիմա արդեն ես ավելի շատ ժամանակ եմ հատկացնում թատրոնին։

-Իսկ Նարեկ Դուրյանի հետ համագործակցությունը ինչո՞ւ չի շարունակվում: Հիշում ենք, որ ընդգրկված էիք «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացման մեջ։

-Այդ ներկայացման շրջանակում ես ունեի փոխարինող: Նա է իմ փոխարեն հանդես գալիս, իսկ թե ինչու ես չեմ խաղում` պրոդյուսերը տեղեկություն չի հայտնում: Ինքս փորձել եմ կապվել նրա հետ, սակայն զանգս մնացել է անպատասխան:

-Իսկ էկրանային կյանքում նորություններ ունե՞ք: Որեւէ սերիալում, սիթքոմում Ձեզ կտեսնե՞նք։

-Այո, սկսել եմ նկարահանվել «Մոռացված կանգառը» սերիալում, որը կհեռարձակվի «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Ռեժիսորը Վահե Սայանն է: Սերիալում նկարահանվել են Գոհար Իգիթյանը, Արտաշես Ալեքսանյանը Հարություն Մովսիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Շուշաննա Թովմասյանը, Սոֆի Դեւոյանը եւ այլք:

Ինչ վերաբերում է սիթքոմին, ապա հետաքրքիր առաջարկ ստանալու դեպքում կմտածեմ այդ ուղղությամբ:Եղել են շրջաններ, երբ միաժամանակ հանդես եմ եկել մի քանի հեռուստաընկերություններում, մի տեղ կրկնօրինակել եմ, մեկ այլ տեղ նկարահանվել եմ որեւէ նախագծում:

Հիմա այդ առումով համեմատաբար հանդարտ շրջան է: Բացի այն, որ նախագծերի շրջանակում նոր մարդիկ են հայտնվել, նաեւ ինձ համար հետաքրքիր դերերն են պակասել: Կերպարը պետք է այնպիսին լինի, որ քեզ նորովի բացահայտելու հնարավորություն տա: Երբ ռեժիսորների, պրոդյուսերների հետ խոսում ես, ասում ես, որ տվյալ նախագիծը նման հնարավորություն չի տալիս, պատճառաբանում են, թե փող չունեն: Չունեք` մի նկարեք: Առհասարակ, մեզ պակասում է սցենարական ուժեղ դպրոցը: Բայց դա արագ լուծվող խնդիր չէ: Որպեսզի ամեն բան իր տեղն ընկնի, ժամանակ է հարկավոր:

Աննա Բաբաջանյան




Լրահոս