ԲՀԿ-Ի ԽՈՍԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր էջում, ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստանին, հայտնել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով եւ կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

 

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում՝ նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ կապված. «Ես դա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում է իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ, պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի եւ չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին, ու Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար կան ավելի մասնագիտացված անձինք»: Հարցին՝ Դուք ակնարկում եք, որ Հայաստանի ներքաղաքական կյանքի հետ կապված Սերժ Սարգսյանի գնահատականներով պայմանավորված է Տուսկը նման հայտարարություն անում, Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, ոըոնք իրականությունից կտրված աչքեր են, արդարադատությանը սպասող աչքեր են, ու որոնք ՀՀ իրականության հետ արդեն շատ շուտվանից, դեռ մինչ հեղափոխությունը ոչ մի կապ չունեն ու չեն կարող ունենալ»: Խոսելով Վենետիկի հանձնաժողովի ղեկավարի հայտարարության մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող գնահատական է, բայց որի մասին անցյալի ներկայացուցիչներին սպասարկող ներկայացուցիչները շատ քիչ են խոսում»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրույցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ:

-Տիկի՛ն Ղազարյան, ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը քննադատել էր գործող իշխանություններին՝ կոչ անելող զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներ կիրառելուց: Արդյոք իշխանությունն այս ընթացքում փորձե՞լ է լռեցնել ընդդիմությանը:

-Ցավոք, պետք է արձանագրեմ, որ քաղաքական խոսքի ու քաղաքական ելույթների շուրջ որեւէ դիմադրություն չի եղել «Իմ քայլ»-ի կողմից, հետեւաբար նման պնդումը չի համապատասխանում իրականությանը: Եթե նկատել ենք, հենց այդ օրը, երբ մենք քննարկում էինք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, «Իմ քայլը» խմբակցությունը ողջ դաշտը բաց թողեց եւ հնարավորություն տվեց ԲՀԿ-ին արտահայտվելու եւ հակափաստարկներ ներկայացնելու: Սա նշանակում է, որ իրենց հնարավորությունները խոսելու ավելի մեծ էին, եւ նրանք ավելի հնարավորություն ունեին ներկայացնելու: Եվ այն պնդումները, որ իշխանությունը լռեցնում կամ ճնշում է, այդպես չի եղել, եւ մի քիչ ուշադիր դիտորդը կնկատեր դա, եւ չի կարող ՀՀ-ում այդպես լինել: Եվ ակնհայտ է, որ այն փաստը, որ  քրեական հետապնդումներ են իրականացվում այն մարդկանց նկատմամբ, որոնք քաղաքական գործունեություն ծավալելու հավակնություն ունեն, ամենեւին չի  առնչվում նրանց քաղաքական աշխատանքին, այլ քրեական գործերի տիրույթում է: Այդ մանրեւներն այնքան էլ տեղին չեն. քաղաքական գործունեությամբ զբաղվելը ինդուրգենցիա չէ:

-Դրա մասին նաեւ բարձրաձայնում են ԲՀԿ-ականները՝ ասելով, որ դա ոչ թե քրեական հետապնդում է, այլ պարզապես իրենց լռեցնում են իշխանությունների դեմ քննադատաբար խոսելու համար: Արդյոք դա՞ էր պատճառը, որ նման զարգացումներ եղան:

-Այդ մասին բազմաթիվ մեկնաբանություններ եղել են եւ հենց նույն օրը: ԲՀԿ-ն, երբ հայտարարություն տարածեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը նկատեց, որ Ծառուկյանի հայտարարությունները կարող են կապ ունենալ արդեն իսկ ընթացքի  մեջ գտնվող քրեական գործերի հետ: Եվ բնական է, որ եթե մարդկանց շուրջ քրեական գործեր են հարուցվում, իրենք տեղեկանում են այդ մասին, մանավանդ որ ԱԱԾ հայտարարություն էր տարածել, որ 4 տասնյակ մարդ էր, որոնք կապ ունեն Գագիկ Ծառուկյանի հետ, եւ, բնականաբար, նրան կարող էին հայտնել տեղի ունեցող գործընթացների մասին: ԱԱԾ-ն, կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիք չհրապարակելու պարտավորությամբ, չէին  կարող հայտարարություն կատարել, բայց ես կարծում եմ, որ եղել են մարդիկ, որոնք կարող էին ունենալ տեղեկություններ եւ դա փոխանցել Գագիկ Ծառուկյանին: Իմ կարծիքով՝ հենց դա էր պատճառը, որ քաղաքական հայտարարություններ եղան, որպեսզի դա հետագայում վերածեն քաղաքական հետապնդումների:  Հայաստանում կարծես թե նորաձեւ է, որ խոսում են եւ այն վերագրում քաղաքական հետապնդումների, սակայն ոչ ոք ապահովագրված չէ իրենց հանդեպ քրեական գործերի հարուցումից:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ԱՅՍՕՐ

Վենետիկի հանձնաժողովն այս շաբաթ հրապարակելու է Հայաստանի Սահմանադրական դատարանի բարեփոխման առաջարկի եւ սահմանադրական կարգի տապալման քրեական հանցագործության վերաբերյալ կարծիքները: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

 

«Այս շաբաթվա մեր նստաշրջանում մենք հաստատելու ենք շուրջ 10 առավելապես բարդ եւ զգայուն կարծիքներ», – Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի խոսքերն է մեջբերել արդարադատության նախարարը: Նա ընդգծել է, որ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է լինելու նաեւ Հայաստանին վերաբերող վերոնշյալ երկու հարցերին։

Իսկ, ահա, Վենետիկի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ՍԴ ճգնաժամի վերաբերյալ կարծիքը հրապարակվելու է այսօր: Նկատենք, որ  կառավարությունը Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանրաքվեի փոխարեն խորհրդարանում լուծելու վերաբերյալ հարցադրումներ էր ուղղել Վենետիկի հանձնաժողովին դեռեւս մայիսին։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ սպասում են Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին հանդիսացող Վենետիկի հանձնաժողովի արձագանքին մինչեւ ՍԴ հարցի լուծմանը ձեռնամուխ լինելը։

Ինչպես հայտնի է, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է հրաժեշտ տալ  ՍԴ այն դատավորներին, ովքեր պաշտոնավարել են 12 եւ ավելի տարիներ: Բացի այդ, նախագծի ընդունման պարագայում Հրայր Թովմասյանը կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ: Հենց այս տարբերակի վերաբերյալ էր հարցեր ուղղված Վենետիկի հանձնաժողովին:

Հավելենք, որ ՀՀ արդարադատության նախարարը նաեւ հրապարակել էր Բուքիքիոյի խոսքերը՝ կապված Հայստանում եւ Մոլդովայում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Մասնավորապես, Բուքիքիոն, ըստ Հայաստանի արդարադատության նախարարի, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեին ներկայացնելով իրենց նախորդ տարվա գործունեության մասին զեկույցը, նշել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում եւ Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել: Նա նաեւ նշել է, թե իրենք աջակցում են այս երկու պետություններին ժողովրդավարական համակարգեր ձեւավորելու իրենց ջանքերում։ Մարտահրավերներից մեկը, ըստ Բուքիքիոյի, վերաբերում է, մի կողմից, ժողովրդի ակնկալիքները բավարարելուն եւ երկրում իրական փոփոխություններ բերելու անհրաժեշտությանը, իսկ մյուս կողմից՝ իրավական կայունության պահանջներն ու օրինականության չափորոշիչները պահպանելու միջեւ ճիշտ հավասարակշռություն ապահովելուն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԻԱՑԵԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հունիսի 7-ին հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարին պետք է միանան նաեւ մարզային հիվանդանոցները եւ վերապրոֆիլացումից հետո ընդունեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին: Armlur.am-ը զանգահարել է վարչապետի կողմից նշված մարզային Մարտունի, Դիլիջանի, Սպիտակի եւ Վեդու բժշկական կենտրեններ եւ ճշտել, թե արդյոք դրանք արդեն վերապրոֆիալավորվել են եւ ընդունում են կորոնավիրուսով վարակվածներին: Վեդու բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ հաստատությունը վերապրոֆիլավորվել է դեռեւս հունիսի 9-ին: «Այս պահին բկ-ում կորոնավիրուսով վարակված 30-ից 40 քաղաքացի կա», – հայտնեցին ԲԿ-ից: Դիլիջանի բժշկական կենտրոնը նույնպես պատրաստ է կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին ընդունել ու բժշկական օգնություն ցուցաբերել: Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կորոնավիրուսային վարակից բուժվողների թիվը 17 է: Սակայն այլ պատկեր է Մարտունու եւ Սպիտակի բժշկական կենտրոններում. այս բուժհաստատությունները դեռ չեն հասցրել վերապրոֆիլավորվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: ԲԿ-ների աշխատակիցները նշում են՝ վերապրոֆիլավորումը կավարտվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

 

 

ՄԵԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԻԾ

Ազգային ժողովը երեկ սկսեց քննարկել «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը եւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը: Հեղինակները «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Թեւոսյանն ու Մխիթար Հայրապետյանն են եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Հիմնական զեկուցող Վահագն Թեւոսյանը հայտարարեց, որ առաջին հերթին այս օրենքով կկանոնակարգվեն այն հարցերը, որոնք մինչ այս չէին կանոնակարգվում: Ըստ նրա` գործող օրենքը այլեւս բացարձակ չի կարգավորում հեռուստատեսային եւ ռադիո ոլորտը: Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին:  «Այս օրգանիզմն ինքնուրույն օրգանիզմ է, անկախ օրգանիզմ է, մեդիա ոլորտի մասին է խոսքը, որեւէ ձեւով միջամտություն չի իրականացվում այդ օրգանիզմի աշխատանքում, բայց անհրաժեշտ է, որպեսզի լինի մի բժիշկ եւ միաժամանակ նաեւ թիկնապահ, որը կարողանա եւ՛ ձեռքը պուլսի վրա պահել այդ օրգանիզմի ընթացքում, եւ՛ կարողանա կենսագործունեությանը ներքին վտանգ սպառնացող երեւույթների ժամանակ բժշկական միջամտություն իրականացնի, ինչու չէ նաեւ վիրահատական: Եվ միաժամանակ այդ մարմինը նաեւ թիկնապահ է, որը կարողանում է մեդիա ծառայություններին պաշտպանել արտաքին ճնշումներից, այդ թվում` քաղաքական»:

 

 




Լրահոս