Պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով. կան այլ մեկուսացածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ Ազգային ժողովում գնալով բարդանում է: Մեր տեղեկություններով, օրեցօր ավելանում են կորոնավիրուսով նոր վարակակիր պատգամավորներ, նաեւ օգնականներ: Այսպիսով, մենք տեղեկացանք, որ կորոնավիրուսով է վարակվել նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը:

«Այո՛, թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է: Պատասխանը երեկ երեկոյան եմ ստացել: Հիմա պայմանավորվել եմ բժշկական կենտրոնի հետ, գնում եմ հետազոտությունների, հասկանանք՝ ինչ բուժում ենք ստանալու», – նշեց նա:

Համբարձումյանը նշեց, թե իրեն լավ է զգում, ջերմություն չունի: «Մի երկու օր ցավեր եմ ունեցել եւ վերջ: Բալիկիս մոտ էլ ջերմություն կա, բոլորով հանձնել ենք կորոնավիրուսի թեստ, սակայն երեխայիս թեստի պատասխանը դեռ չի եկել, այսօր կիմանանք», – հավելեց նա: Պատգամավորը ընդգծեց, որ իր շփման շրջանակը մեծ է եւ հստակ չի կարող ասել, որ վարակվել է խորհրդարանի իր գործընկերներից:

Հավելենք նաեւ, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել նաև պատգամավոր Արգիշտի Մեխակյանը, որը խորհրդարանում նստում է Կարեն Համբարձումյանի կողքին:  Սակայն Մեխակյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել:

Հավելենք, որ այս պահի դրությամբ վարակված են իշխող խմբակցությունից Հայկ Գևորգյանը, Ծովինար Վարդանյանը, Քրիստինե Պողոսյանը, Արեն Մկրտչյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ԲՀԿ-ից՝ Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանն ու Վահե Էնֆիաջյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս