ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՉԻ ՊԱՏԺՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Էջմիածնի N զորամասում պարտադիր ժամկետային զինծառայող շարքային 20-ամյա Վահրամ Խաչատուրովը եւ 20-ամյա կրտսեր սերժանտ Ռաֆայել Ալոյանը ժամը 03:00-ին զորամասն ինքնակամ լքել էին: Վերջիններս մեքենայով բախվել էին Երեւանի Մյասնիկյան պողոտայի մայթեզրի ծառին, ինչի հետեւանքով 20-ամյա Վահրամ Խաչատուրովը մահացել էր, իսկ 20-ամյա կրտսեր սերժանտ Ռաֆայել Ալոյանին տեղափոխել էին Կայազորային կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից տեղեկացավ. «Երեկ քրեական գործ է հարուցվել է Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով): Բայց դեռեւս այս պահի դրությամբ մեղադրյալներ չկան»: Այսինքն` անհայտ է, թե ում նկատմամբ է հարուցվել քրեական գործը: Ու չի բացառվում, որ հենց մահացածի նկատմամբ դա արվի, որպեսզի արագ կարճվի: Ինչ վերաբերում է զորամասից փախչելու փաստին, ապա հրամանատարներից որեւէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել: Ու չի բացառվում, որ առաջիկայում էլի նույն զորամասից զինվորներ փախչեն. միեւնույն է, դրա համար որեւէ մեկը չի պատժվում:




Լրահոս