ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ԱՅՐԻՆ ՊԱՏՄԵԼ Է ԴԵՐԱՍԱՆԻ ՀԵՏ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, թատերական մանկավարժ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր ու անփոփոխ ղեկավար Արմեն Ջիգարխանյանը կյանքի 86-րդ տարում կյանքից հեռացավ նոյեմբերի 14-ին՝ ծանր հիվանդությունից հետո։ Կես դարից ավելի նրա կողքին է եղել կինն ու հավատարիմ ընկերը՝ Տատյանա Վլասովան, որը հանուն արտիստի հրաժարվել է իր դերասանական կարիերայից տաղանդավոր ամուսնու համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովելու համար։ «Նորությունների դաշնային գործակալության» հետ զրույցում Վլասովան պատմել է, որ Ջիգարխանյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքացիական ամուսնություն է ունեցել որդու հոր՝ Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ։ 

 

«Արմեն Բորիսովիչի հետ ծանոթացա Երեւանում։ Ընտանիքն ընտանիք, բայց ինձ ու Ալեքսանդր Սամսոնովիչին կապում էր քաղաքացիական ամուսնությունը, իսկ Երեւանում ես տեսա այդ հիասքանչ մարդուն (Ջիգարխանյանին), հայտնվեցի նրա անողոք գերության մեջ, եւ նա իմ ամուսինը դարձավ մնացած ամբողջ կյանքի համար։ Մենք ամուսնությունը գրանցեցինք արդեն Մոսկվայում, երբ տեղափոխվեցինք, երբ Արմեն Բորիսովիչի մասին իմացավ (խորհրդային հայտնի ռեժիսոր Անատոլի) Էֆրոսը։ Էֆրոսին պատմել էին, որ Երեւանում դերասան կա, որը հիանալի մարմնավորում է Ռիչարդ Երրորդին։ Եվ որոշում էր կայացվել Արմեն Բորիսովիչին Մոսկվա կանչել՝ Լենինյան կոմսոմոլի թատրոն։ Եվ մենք արդեն նրա, ընտանիքի հետ տեղափոխվեցինք Մոսկվա»,- պատմել է Վլասովան։

Ջիգարխանյանի այրու խոսքով՝ Մոսկվա տեղափոխվելուց հետո այդ ծանր ժամանակահատվածում ինքը շատ անհրաժեշտ էր ամուսնուն։ «Հավանաբար, մեր մոսկովյան կյանքի սկզբնական շրջանում Արմեն Բորիսովիչը որոշակի անվստահություն ուներ, վախ անորոշ ապագայից։ Շատ օրինակներով գիտեմ, որ Մոսկվայում շատ դժվար է ոչ միայն նոր կյանք սկսել, այլեւ հաստատել արդեն իսկ առկա կարգավիճակը։ Դա հաջողվում էր շատ քիչ արտսիտների: Բացի այդ՝ նա հայ է, ուրիշ հանրապետություն, մի խոսքով, դժվար ժամանակ էր։ Այդ ժամանակ ես նրա համար մեծ աջակցություն էի, կարիերաս շարունակելու մասին նույնիսկ չէի մտածում, քանի որ հարկավոր էր հարմարվել կենցաղային հարցերում»,- խոստովանել է Վլասովան։

Ջիգարխանյանի հատկությունների մասին հարցին ի պատասխան՝ Տատյանան չի կարողացել առանձնացնել, թե հատկապես ինչու է նրան սիրել։ «Հազիվ թե կարողանամ ինչ-որ բան առանձնացնել, քանի որ նա այնպիսի խարիզմա ուներ, որում պարզապես ձուլվում ես։ Եվ արդեն կես դար է՝ այդ խարիզմայի գերության մեջ եմ։ Միայն ես չէի զգում դա։ Ջերմ, երբեմն հեգնական։ Զավեշտների սիրահար, առաջին պատմողը ճաշկերույթների ընթացքում։

Ինչ վերաբերում է հատկանիշներին… ինչպե՞ս բացատրել։ Խնդիրն այն չէ, որ նա ինձ լավ էր վերաբերվում։ Եվ ոչ միայն այն, որ նա սիրում էր մարդկանց։ Նա առհասարակ լավ մարդ էր։ Նա սիրում էր կյանքը, եւ նրա կողքին մարդիկ վարակվում էին այդ սիրով։

Ես վստահ եմ, որ ծնվել եմ դրական տրամադրվածությամբ, կյանքում ամեն ինչի համար ուրախացել եմ։ Ինձ միշտ ամեն ինչ դուր է եկել, ես կարողացել եմ ամեն ինչում լավը գտնել։ Չէ՞ որ աշխարհում հարյուր տոկոս լավ եւ հարյուր տոկոս վատ ոչինչ չկա։ Պարտադիր կա ե՛ւ սեւ, ե՛ւ սպիտակ։ Բայց ես «սպիտակն» ավելի շատ էի տեսնում, եթե պատկերավոր խոսեմ։ Եվ դրանից միշտ ուրախություն է եղել։ Երբեմն ես նույնիսկ մտածում էի. կարծես թե ոչ մի լավ բան տեղի չի ունեցել, իսկ ես ուրախանում եմ, ես ինչ է, հիմարիկ եմ, որը վատը չի տեսնում։ Ո՛չ, իհարկե, ես հիմարիկ չեմ։ Իսկ նրա հովանու ներքո իմ այդ հատկությունը (հենց այդպիսի վերաբերմունքը կյանքին) ծաղկում էր, աջակցություն ստանում։ Դա ներդաշնակ էր կյանքի նկատմամբ նրա բարի վերաբերմունքին»,- ասել է լեգենդար դերասանի այրին։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՇՏ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՍՐՏՈՒՄ Է ԵՂԵԼ

«Ազնավուր» հիմնադրամի եւ վերջինիս գործընկերների միջոցով Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն Հայաստան ուղարկելու համար:

Այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս: Այս մասին հայտնում է հիմնադրամը։

«Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին ե՛ւ ամենաերջանիկ, ե՛ւ տխուր պահերին: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին: Իր ընկերների եւ գործընկերների ջանքերի շնորհիվ հիմնադրամը հավաքել է 35 տոննա մարդասիրական օգնություն, որը Ֆրանսիայի նախագահի եւ կառավարության աջակցությամբ կուղարկվի Հայաստան»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նույնպես կմեկնի Հայաստան՝ հիմնադրամի թիմի հետ կանոնակարգելու օգնության բաշխման գործընթացը: Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաեւ շուրջ հարյուր կամավորներ մասնակցել են մարդասիրական այս լայնածավալ օգնության հավաքագրմանը»,- նշված է հաղորդագրությունում։

 

 

ՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակչում: Արագ շախմատի առցանց մրցաշարի այս փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչին էր: Արագ շախմատի 4 պարտիաներում Արոնյանը մեկն ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտություն կրեց, իսկ երկուսում հաղթանակ տոնեց:

 

 

ԱԿՈՒՄԲԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՃԱՌԵԼ

Միլանի «Ինտերի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: ESPN-ի տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի Լոնդոնի «Արսենալը»: Միլանյան ակումբը պատրաստ է վաճառել Էրիկսենին, եթե նրա դիմաց ստանա 16 միլիոն եվրոյի առաջարկ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը փոխարինող է փնտրում 28-ամյա Էրիկսենին: «Ինտերի» ուշադրության կենտրոնում են հայտնվել «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը: Դանիացի ֆուտբոլիստն «Ինտեր» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմից»:

 

 

ՄՏԱԴԻՐ Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Արքայական ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որի տեղափոխության դիմաց «Ռեալը» պատրաստ է վճարել 85 միլիոն եվրո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» Լուկակուի հրաժարագինը սահմանել է 104 միլիոն եվրո: Ռոմելու Լուկակուն «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականին, ակումբի կազմում մասնակցել է 60 հանդիպման, դարձել 43 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են A, B, C, D խմբերի 4-րդ տուրի հանդիպումները: A խմբում «Բավարիա»-ն 3:1 հաշվով պարտության մատնեց «Զալցբուրգ»-ին, «Ատլետիկո»-«Լոկոմոտիվ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: B խմբում Մադրիդի «Ռեալ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ինտեր»-ի դարպասը: Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն խոշոր 4:0 հաշվով պարտության մատնեց Դոնեցկի «Շախտյոր»-ին: C  խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Օլիմպիակոս»-ին, իսկ «Պորտու»-ն գերազանցեց «Մարսելին» 0:2 հաշվով: D խմբում «Այաքս»-ը առավելության հասավ «Միդտյուլանդ»-ի նկատմամբ (3:1), «Լիվերպուլ»-ը զիջեց «Ատալանտա»-ին (0:2):

 

 




Լրահոս