ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ զինված բանդայի ձերբակալված անդամներից մեկին ոստիկանությունում ծեծել են, որի արդյունքում հիվանդանոցից հիվանդանոց են տեղափոխում:Խոսքը 39-ամյա Արման Դալլաքյանի մասին է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արմանի հայրը դիմել է փաստաբան Սեդա Սաֆարյանին եւ խնդրել օգնել իրեն ու անպաշտպան որդուն: Պարզվում է` հայրը պատահաբար է տեղեկացել, որ իր որդին հիվանդանոցում է գտնվում: Ի սկզբանե Արմանի հորը տեղեկացրել են, որ նա «Էրեբունի» բժշկական կենտրոնում է գտնվում, իսկ երեկ, երբ Ալբերտը գնացել է որդուն տեսակցելու, ասել են, թե Արմանին տեղափոխել են Ավանի ոստիկանական հոսպիտալ:Արման Դալլաքյանի հայրը եւ փաստաբան Սեդա Սաֆարյանը երեկ փորձել են տեսակցել Արմանին, սակայն ոստիկանության օպերները թույլ չեն տվել` նշելով, որ սկզբում միայն հայրը կարող է իր որդուն տեսնել: Ականատեսների վկայությամբ` ձերբակալվածի հայրը որդուն մի քանի րոպեով օպերների ուղեկցությամբ տեսակցելուց հետո լացակումած դուրս է եկել հիվանդանոցից եւ որեւէ բառ չփոխանակելով` հեռացել է` փաստաբանին հորդորելով չայցելել որդուն: Ենթադրվում է, որ օպերները սպառնացել են նրան:«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Արմանի հոր` Ալբերտ Դալլաքյանի հետ, սակայն նա, լսելով, որ իրեն լրագրող է անհանգստացնում, ասաց, թե ոչ մի բան չի ուզում, որ գրվի: Նույնիսկ կողքից ինչ-որ մեկը հուշում էր. «Ասա՛ պետք չի, բան մի՛ բան գրեք», ապա անջատեց հեռախոսը:Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության բաժնից տեղեկացանք, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 18:00-ին, ապօրինի թմրամիջոցներ պահելու վերաբերյալ նախապատրաստվող նյութերով 39-ամյա Արման Դ.-ն հրավիրվել է ոստիկանություն, որտեղ համապատասխան բացատրություն տալուց հետո, կտրող առարկայով հարվածելով որովայնին, իրեն վնասվածք է պատճառել: Փաստի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Արման Դալլաքյանին երեք օր առաջ որովայնի վնասվածքով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ տեղում վիրահատել: Նա մեկ օր մնացել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ երեկ առավոտյան տեղափոխել են Ավանի ոստիկանական հոսպիտալ: Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել` վնասվածքները ստացել է ոստիկանության ներսո՞ւմ, թե՞ բերման ենթարկելու ընթացքում նրան պարզապես կրակել են:Ամեն դեպքում, եթե հավատանք ոստիկանության վարկածին, հարց է առաջանում, թե ինչու ոստիկանությունը զինված բանդայի անդամին բերման ենթարկելուց հետո չի խուզարկել: Կամ եթե խուզարկել է, ապա ինչպե՞ս է նրա մոտ հայտնվել կտրող գործիք, որով իրեն վնասել է: Թեեւ խոսքը զազրելի հանցագործություն կատարած բանդայի անդամի մասին է, բայց նախ` դեռ ապացուցված չէ, որ Դալլաքյանը մեղավոր է, բացի այդ, նա քաղաքացի է եւ ունի ապրելու իրավունք` թեկուզ ձերբակալված: Ի դեպ, սա վերջին շրջանում թվով երրորդ դեպքն է, որ ոստիկանությունում հայտնված մարդը վիրավորվում է: Լեւոն Գուլյանը ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից իբրեւ թե իրեն նետեց, Վահան Խալաֆյանին Չարենցավանի ոստիկանությունում դանակահարեցին, բայց մատուցվեց ինքնասպանություն, հիմա էլ Արման Դալլաքյանը: Անհասկանալի հանգամանքներում ծանր վիրավորված ՀՀ քաղաքացի: Ո՞ւր ենք գնում այս տեմպերով: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս