ՄՀԵՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ «ՔՆԱԾ» Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած ՀՀ նախկին փոխոստիկանապետ,  ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը, ասաց, որ արդեն երեք տարին է լրանում, ինչ իր որդուն սպանել են, սակայն մինչ օրս որեւէ քայլ չի ձեռնարկվում մարդասպաններին բացահայտելու համար: Գործը «քնած է»:Հիշեցնենք, որ 2009-ի փետրվարի 3-ին` 20:30-ի սահմաններում, Երեւանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկում` իր տան մուտքի մոտ, դիմահար կրակոցներով սպանեցին Հայաստանի փոխոստիկանապետ, 34-ամյա Գեւորգ Մհերյանին.  արձակված գնդակներից երեքը դիպել էին Գ.Մհերյանի գլխին, մեկը` մարմնին:Սպանության առնչությամբ քրեական գործ հարուցվեց` ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով. 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ, եւ 235 հոդվածի 1-ին մասով` ապօրինի հրազենի կրում: Քրեական գործի քննությունն իրականացնում էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:Սակայն Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը դիմում էր գրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` հղում անելով քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որ նմանատիպ գործերը ենթակա են քննության ոստիկանության մարմիններում: Արդյունքում քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն` նախաքննությունը շարունակելու համար: Սակայն կրկին «սայլը տեղից չի շարժվել»: Մհերյանի հայրը երեկ հիշեց իր որդու գործի վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեռեւս 2009թ. փետրվարի 27-ին արած հայտարարությունը. «Ամենայն ըմբռնումով եւ պատասխանատվությամբ ենք մոտենում այս գործին` քաջ գիտակցելով, որ դա ոստիկանության ամբողջ համակարգի, ինչու չէ` պետության վարկանիշի հետ կապված խնդիր է: Որպես ոստիկանության պետ` հավաստիացնում եմ` մեր համակարգն ամեն ինչ կանի այս սպանությունը բացահայտելու համար, դա ոստիկանության համար պատվի եւ արժանապատվության հարց է: Մեզ մի քիչ ժամանակ է պետք»:  ՀՀ ոստիկանապետը նշել էր նաեւ, որ Մհերյանի սպանության բացահայտումը «ոստիկանության պատվի հարցն է»: Սակայն ոստիկանության պատիվը, ինչպես երեւում է, դեռ կասկածելի դիրքերում է:Պետրոս Մհերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Աղվան Հովսեփյանն ու Ալիկ Սարգսյանն Ազգային Ժողովում դեպքերից 10 օր հետո հայտարարել են, թե կան ձերբակալվածներ, շուտով գործը բացահայտվելու է. «Հիմա անցել է արդեն մոտ երեք տարի, սակայն գործի մասին չեն խոսում: Արդյո՞ք էդ ԱԺ-ում չկա որեւէ մեկը, որ հարցնեն՝ ո՞ւր ա դրա պատասխանը, ո՞ւր են այդ ձերբակալվածները: Հայտարարեցին ու վե՞րջ»:Պարոն Մհերյանն ասաց, թե գնալով համոզվում է, որ այդ գործով չեն էլ հետաքրքրվում, քանի որ հանրապետության դեմքերը հայտարարել են, որ ձերբակալվածներ կան, սակայն հետեւանքները չեն երեւում. «Քո փոխոստիկանին խփել են, ինչո՞ւ ոչ մի բան չեք անում, ինչո՞ւ չի բացահայտվում գործը: Երկրի դեմքեր եք, եւ ԱԺ-ից հայտարարում եք, բա ո՞ւր են այդ մարդիկ, դեպուտատներն ո՞ւմ համար են նստած, ինչո՞ւ մի հատ չեն հետաքրքրվում այդ հարցով»:Գեւորգ Մհերյանի հայրը հիշեց նաեւ Սերժ Սարգսյանի խոսքը. «Չպատժված հանցագործությունը բերում է մեկ այլ հանցագործության»` ընդգծելով, որ եթե իր որդու սպանությունը «մարսեն», հասկանալի է, որ նոր, ավելի վատ բաների պետք է սպասել:«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի հետ` պարզելու, թե ինչու դատախազի հայտարարությանը գործողություններ չեն հետեւել: Հովսեփյանի խոսնակն ասաց, թե գլխավոր դատախազը նման հայտարարությամբ հանդես չի եկել. «Գործը տվյալ պահին գտնվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում»: Զրուցեցինք նաեւ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ` պարզելու, թե ինչ ընթացքում է գործը, եւ ինչու այն չի բացահայտվում: Ահարոնյանն ասաց, որ ՀՀ ոստիկանապետն արդեն հայտարարել է` այդ գործն իր ուշադրության կենտրոնում է գտնվում. «Քննությունը շարունակվում է, եւ ամեն հնարավոր բան արվում է` գործը բացահայտելու համար»:Ամփոփելով նշենք, որ բարձր ատյաններից միշտ էլ հայրենի պաշտոնյաներն ամպագոռգոռ բառեր են հնչեցնում, թե կպատժենք, չենք ների եւ այլն, սակայն փաստը մնում է փաստ, որ տարիներն անցնում են, իսկ պատժվողներ այդպես էլ չեն լինում: Եւ ինչպես Սերժ Սարգսյանն էր հայտարարել` չպատժված հանցագործությունը բերում է նոր հանցագործության: Իսկ Մհերյանի դեպքում երկու հարց կա. ոստիկանությունը չի՞ ուզում բացահայտել, որովհետեւ կարող է անհարմար իրավիճակ ստեղծվել, թե՞ չի կարողանում: Ա՛յ սա է, որ նախ եւ առաջ պետք է պարզաբանվի:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս