Ռեկտորները թեժ նիստ են ունեցել. կառավարությունը գաղտագողի նախագիծ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ քիչ առաջ ավարտվել է ռեկտորների խորհուրդի նիստը: Մենք տեղեկացանք, որ այն բավականին թեժ է անցել, ու շատ կոպիտ հայտարարություններ են հնչել հանդիպման ժամանակ:

Բանն այն է, որ հայրենի կառավարությունը` ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավորությամբ չի սպասել ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարան ուղարկված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի քննության ավարտին ու հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մի նախագիծ, որով նախատեսվում է փոփոխության ենթարկել բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ թվակազմը կրճատելով եւ 32-ից կամ 24-ից դարձնելով 20:

Առաջարկվող նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։ Ու այս նախագծով կառավարությունը որոշել է լուծել իրենց համար արդեն գլխացավանք դարձած ռեկտորներին նշանակելու հարցը:

Նշենք, որ տևական ժամանակ է՝ իշխանությանը չի հաջողվում հարցին լուծում տալ, նրանց հույսը օրենքի փոփոխությունն էր, դա էլ նախարար Վահրամ Դումանյանին չհաջողեց իրականություն դարձնել: Ու ըստ մեր տեղեկությունների՝ այս նախագծից դժգոհ են բոլոր ռեկտորներն անխտիր: Նիստի ժամանակ բոլորը միաձայն դեմ են արտահայտվել ու շատ կոպիտ խոսել նախագծի, կառավարության գաղտագողի քայլերի վերաբերյալ: Ի դեպ, մենք տեղեկացանք, որ նիստն ամբողջությամբ ձայնագրվել է: Իսկ երկուշաբթի օրը` մայիսի 3-ին ռեկտորները պատրաստվում են նախագծի վերաբերյալ շատ կոպիտ հայտարարությամբ հանդես գալ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս