«ՉԵՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԱՍԱԾՆԵՐԸ. ՆԱ ԼՈՒՐՋ ՄԱՐԴ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանական կողմը ապրիլի 23-ից փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում: Այս ճանապարհը փակելով՝ կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) եւ Արցախի միջեւ ցամաքային կապը նաեւ Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն եւ Եղծահող գյուղերի հատվածում։ Հակառակորդը այնտեղ նաեւ անցակետ է տեղադրել: 
«Ժողովուրդ» օրաթերթը Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումից հետո այնտեղ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Ադրբեջանն ապրիլի 23-ից արդեն ամբողջական շրջափակման է ենթարկել Արցախը, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի գետի կամուրջը, այնտեղ նաեւ անցակետ է տեղադրել: Ի՞նչ զարգացումներ կլինեն այս մասով առաջիկայում:
-Ես որեւէ ակնկալիքներ չունեմ, ես միայն գիտեմ՝ ինչ է կատարվում:
-Ի՞նչ է կատարվում՝ ըստ Ձեզ:
-Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված կետերն են իրագործվում:
-Բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա այդպիսի կետ, որ Ադրբեջանը պետք է ամբողջական շրջափակի Արցախը, արգելի հայերի մուտքն այնտեղ: Այդ փաստաթղթում գրված է, որ ռուս խաղաղապահները պետք է վերահսկեն միջանցքը եւ ապահովեն այդ տարածքով անվտանգ երթեւեկությունը:
-Այդ փաստաթղթում ուրիշ կետ էլ կա, որ պետք է կատարվի. նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերջին կետն է, նայած թե ինչ ժամանակացույցով են կողմերը շարժվում, պայմանավորվում:
-Պարո՛ն Հակոբյան, փաստացի ստացվում է, որ Արցախն ամբողջությամբ կտրված է Հայաստանից. ադրբեջանական կողմն անգամ թույլ չի տալիս, որ սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր մտնեն Արցախ:
-Ի՞նչ կապ ունի՝ այսօր է կտրված, թե վաղը, տարբերությունը ո՞րն է:
-Այսինքն՝ Ադրբեջանի այս քայլը սպասելի՞ էր Ձեզ համար:
-Ես արդեն հոգնել եմ բացատրել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ համար շատ վատ փաստաթուղթ է. այդ փաստաթղթով ամրագրված է, որ Արցախը հանձնված է Ադրբեջանին, մնացած բոլոր գործողություններն արդեն ժամանակացույցով կատարվող գործողություններ են:
-Պարո՛ն Հակոբյան, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջերս աղմկահարույց մի հայտարարություն արեց՝ ասելով, որ 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում, երբ թշնամական կողմը կրակել է հայկական դիրքերի, բնակավայրերի ուղղությամբ եւ տարածքներ է նվաճել, պատշաճ դիմադրության չի արժանացել, զորքը չի կրակել, բայց հիմա արդեն իրավիճակ է փոխվել, ու մերոնք եւս անհրաժեշտության դեպքում կրակում են։ Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես չեմ մեկնաբանում նրա ասածները. նա լուրջ մարդ չէ:
-Դուք եւս այդ ընթացքում եղել եք առաջնագծում. իսկապե՞ս չի կրակել մեր զորքը:
-Իսկ այդպիսի մարդ կա՞, ով գիտի՝ կրակել են, թե ոչ, բացի Անդրանիկ Քոչարյանից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝  ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ: Խոսքը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի մասին է:
Ռուսական պաշտոնական գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները։ ՌԴ ԱԳՆ-ից մասնավորապես հայտնում են. «Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թթ. պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ պահպանման կարեւորությունը»:
Հավելենք, որ  Միխայիլ Գալուզինն ապրիլի 25-ին Երեւանում էր: Նա այդ ժամանակ հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալներ Վահե Գեւորգյանի եւ Մնացական Սաֆարյանի հետ: Գալուզինը առանձնազրույց էր ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
ՈՒՆԻՎԵՐՍԱԼ  ՋՐԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում Ոստիկանության պարեկային ծառայության կազմում ստեղծվում է ջրային ստորաբաժանում: Նախագիծը հավանության է արժանացել կառավարության երեկվա նիստում եւ ուղարկվել Ազգային ժողով:  Ջրային պարեկները կատարելու են նավավարի սթափության վիճակի զննության, լողամիջոցի զննման եւ մի շարք այլ գործառույթներ, արձագանքելու են ձկնագողության դեպքերին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ: Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիան, այսինքն՝ մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, պարեկություն իրականացնելու են նաեւ ցամաքային հատվածում, Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ:
Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ: Մասնավորապես նախատեսվել են կարգավորումներ՝ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության վիճակի զննության, լողամիջոցը վարելուց ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մեկուսացնելու, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, ստուգման, լողամիջոցի զննման, օրենքով նախատեսված որոշ հիմքերով լողամիջոցի շահագործումն արգելելու եւ վերջին դեպքում լողամիջոցը տեղափոխելու կամ այլ անձի հանձնելու վերաբերյալ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ  ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
«Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմով հանդիպեցի Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգայի եւ նրա աշխատակազմի հետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«Խոսեցի Հայաստանի եւ Արցախի անվտանգային խնդիրների, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների, սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգային մարտահրավերների մասին։
Պատմեցի, որ Սոթքի հանքավայրի 800 աշխատակիցներ զրկված են աշխատանքի գնալու հնարավորությունից, քանի որ 1 շաբաթից ավելի ազերիները կրակում են ու թույլ չեն տալիս մարդկանց գնալ իրենց աշխատանքին:
Նշեցի, որ, չնայած միջազգային հանրության բոլոր ջանքերին եւ ԵՄ դիտորդական առաքելությանը՝ հասնել խաղաղության Կովկասյան տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան, գրեթե ամեն օր կրակում է հայկական դիրքերի, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ, իրականացնում դիվերսիոն գործողություններ, որոնց հետեւանքով, ցավոք, ունենք զոհեր եւ վիրավորներ։
Խոսեցի Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով արդեն 4 ամիս ծանրագույն պայմաններում հայտնված 120.000 Արցախի մեր հայրենակիցների խնդիրներից, որոնք զրկված են կյանքի, ազատ տեղաշարժի, իրենց առողջության, կրթության իրավունքներից, որոնք երաշխավորված են միջազգային մի շարք կոնվենցիաներով եւ փաստաթղթերով։
Ընդգծեցի, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այս իրավիճակում դարձել է հրատապ անհրաժեշտություն, որը հնարավորություն կտա փրկել շրջափակման մեջ հայտնված 120.000 մարդու կյանք։
Շնորհակալություն հայտնելով իմ նամակներին արձագանքելու համար՝ նշեցի, որ մեր այցն անհրաժեշտ խթան էր համագործակցության ընդլայնման առումով։
Տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան իր հերթին հայտնեց իր պատրաստակամությունը՝ շարունակական համագործակցության, եւ նշեց, որ Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հետ ունի կարեւոր օրակարգ», … գրել է նա:




Լրահոս