ՄԵՆՔ ՉԵՆՔ ՊԱՐՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը 44-օրյա պատերազմից հետո բանակում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանի հետ:

 

-Պարո՛ն Եղիազարյան, տպավորություն է, որ այսօր արվում է ամեն ինչ մեր բանակի մարտական ոգին թուլացնելու, բանակը թիրախավորելու համար. ի՞նչ կասեք այս մասին: Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ վճակում է այսօր մեր բանակը:

-Այո՛, դա այպես է, քանի որ իշխանության են եկել մարդիկ, որոնք իրենց բարեմասնություններին են սիրահարված. նրանց պետք չէ, որ հայերին պաշտպանեն: Երկիրը պետք է այնպիսի մարդիկ ղեկավարեն, որոնք ոչ թե հացի համար կպայքարեն, այլ պատվի: Սրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանը դառնա ոտքի կոխան. եթե հները թալանում էին երկիրը, սրանք հիմա ամեն ինչ անում են, որ դառնանք անպաշտպան ազգ: Մենք ամենալավ զինվորներն ունենք, մենք երբեք մեր հաղթանակների մասին չենք բարձրաձայնել, մատնացույց չենք արել դրանք: Մի՛ մոռացեք, որ նախկինում հայոց այրուձին էին տանում այստեղ ու այնտեղ կռվելու համար, քանի որ իսկական զինվորներ ենք ունեցել, իսկ հիմա զինվորներին օտարացրել են մեզնից: Մոռանալով անցյալը՝ դու նորը չես կառուցի. միայն մարդը, որը սիրահարված է իր բարեմասնություններին, կարող է անցյալը մոռանալ:

-Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ 44-օրյա պատերազմում մեր պարտության հիմնական պատճառն այն է եղել, որ մեր զինվորները չեն կռվել. դասալիքներ ենք ունեցել: Դուք ի՞նչ կասեք, ի վերջո, ո՞րն էր պատերազմում պարտության պատճառը:

-Մենք պարտություն չենք կրել, սուտ են ասում, թե մենք պարտվել ենք, այդպես չէ. հայ տղամարդը պատերազմի ժամանակ իր իրական պատկերը ցույց է տվել: Պատերազմի 44 օրվա ընթացքում մենք այդքան զոհեր ու վիրավորներ ենք ունեցել, այդքան մարդ մարտի դաշտում զոհվել է, ոչ մեկը բարձրաձայն չի ասում այս մասին, քանի որ չեն ցանկանում բացահայտվի այն դավաճանությունը, որը եղել է պատերազմի ժամանակ: Բարդում են հայ տղամարդու վրա. չի՛ եղել պարտություն, մոռացե՛ք, եղել է դավ, իսկ այդ դավը նոր չի սկսվել, սկսվել է 1992թ.-ից, երբ Հայաստանը եւ Արցախը թալանել են, մարդկանց արհամարհել են: Հիմա այն վիճակն է, որը մենք զգացել ենք Եղեռնից հետո. սա մեր երկրորդ Եղեռնն է: Այդքան հաղթանակներից հետո այսօր այս վիճակին ենք, քանի որ մեր հաղթանակը չփայփայեցինք, ամեն ինչ թողեցինք բախտի քմահաճույքին, արդյունքում ունեցանք այս վիճակը: Այսօր Հայաստանում նորից Եղեռն է, որը եղել է 100 տարի առաջ:

-Պարո՛ն Եղիազարյան, առաջիկայում նոր հաղթանակներ կտոնե՞նք: Ի՞նչ պետք է անենք նորանոր հաղթանակներ գրանցելու համար:

-Առաջիկայում եթե կարողանանք տոկուն լինել, այս վիճակից դուրս գալ, կարող ենք ավելի մեծ հաղթանակներ տոնել: Ամենակարեւորն այն է, որ հրամանատարը զորքը ղեկավարի, ոչ թե պատահական մարդ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՆԵՐՈՒՄ ՌՈՒՍՆԵՐԻՆ

«Քաղաքական շահերի տեսանկյունից կատարյալ տգիտություն է արտաքին վեկտոր փոխելը. հեռանալ Մոսկվայից նշանակում է մտերմանալ Անկարայի հետ»,- մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

 

«Եթե մեր ժամանակ Հայաստանը դաշնակցում էր Մոսկվայի հետ, ապա Նիկոլի ժամանակ մտնում է Անկարայի տակ։ Եթե խաղաղապահները չլինեին Ստեփանակերտում, այն կլիներ Խանքենդի։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թուրքադրբեջանական հովանավորները չեն ներում ռուսներին, որ Շուշին Շուշա դարձրին, բայց Ստեփանակերտը Խանքենդի՝ ոչ։ Հայաստանի ապագան Ռուսաստանի եւ Իրանի հետ դաշնակցությունն է, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի դեպքում, որովհետեւ չեն դաշնակցում մեկի հետ, որն առավոտյան գնում է Վաշինգտոն, ցերեկը՝ Պրահա, երեկոյան՝ Մոսկվա։ Օգնում են նրան, ով ուզում է ծնկած վիճակից ոտքի կանգնել»- ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե Շուշին պետք է ազատագրել գործով, ոչ թե խոսքերով, Շարմազանովն ասաց, որ Շուշին ազատագրել են Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանն էլ հանձնել է։

«Հիմա Սասուն Միքայելյանն ո՞ւմ կողքին է։ Իրենք խոսում են դավաճանությունից, բայց Շուշին հանձնել են իրենք, երբ որ չեն համաձայնել Պուտինի՝ հոկտեմբերի 19-ի առաջարկին, երբ որ հասարակությանը բաժանել են սեւերի եւ սպիտակների, երբ որ կազմաքանդել են հայոց բանակը։ Քանի դեռ կա այս կապիտուլյանտ իշխանությունը, մենք խնդիր ունենք եղածը պահելու։ Ոչ մի լավ բանի պետք չէ սպասել իրենցից։ Ի՞նչ սպասել մեկից, որ ուղեղում միայն զիջելն է. ինքը զիջելու  է մինչեւ իր աթոռը։ Կանգառը կլինի այն ժամանակ, երբ ժողովուրդը հասկանա, որ փրկությունը Նիկոլից ազատվելու մեջ է»,- ընդգծեց նա։

 

 

 

 

 

ԱՅԼԵՎՍ ՉԻ ՏՊԱԳՐՎԻ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից հրատարակվող «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը հաջորդ ամսվանից այլեւս դադարելու է լույս տեսնել, քանի որ դադարեցվել է օրաթերթի ֆինանսավորումը, եւ կրճատվել է նաեւ աշխատակիցների թիվը: Մեր տեղեկություններով՝ օրաթերթի ֆինանսավորումը դադարեցնելու որոշում կայացվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Ո՞րն է ֆինանսավորումը դադարեցնելու պատճառը. մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրաթերթի աշխատակազմը դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, վերջինս էլ որոշել է դադարեցնել ֆինանսավորումը, որպեսզի այն այլեւս լույս չտեսնի:

«Ժողովուրդ» օրաթերթին «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը հայտնեց. ««Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության  բաժնետիրոջ լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշմամբ՝ 2023թ. հունիսի 1-ից կդադարեցվի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը։

Որոշումը պայմանավորված է թերթերի՝ 2022թ. ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով եւ ծախսարդյունավետության նվազ մակարդակով։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը 2017 թվականից գործում են ««Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲԸ կազմում, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը»։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետություն»-ը Հայաստանում լույս տեսնող պաշտոնական թերթ է,  որը հրապարակվում է դեռեւս 1990թ.-ից:

 

 

 

 

 

ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ

«ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ բորբոքված կրքերը չեն դադարում: Նախ՝ հիշեցնենք, որ այս ընկերությունը  փոխկապակցված է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ: Բանն այն է, որ այս ընկերությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցներին: Մասնավորապես,  «ՄԼ Մայնինգ» ընկերության գրասենյակը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հարեւանությամբ, ընկերության մեքենաները, այդ թվում՝ բեռնատարները, երթեւեկելիս վնասում են ճանապարհները, որն էլ հետո դժվարացնում է այդ ճանապարհով այլ մեքենաների երթեւեկությունը: «Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված կադրերում եւս երեւում է, որ ճանապարհին քարեր են, այն դժվարանցանելի է, եւ պատճառն էլ հենց այս ընկերության  շինարարական գործընթացին մասնակից մեքենաներն են: «ՄԼ մայնինգ» ընկերության շուրջ դժգոհությունները բազմաթիվ են եւ միայն սրանով չեն սահմանափակվում: Պարբերաբար «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա այս ընկերության գործունեությանն ու առկա դժգոհություններին:

 

 




Լրահոս