Վերջերս համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Հայաստանում հիվանդներին տալիս են մի ինսուլին, որից շատ երկրներ հրաժարվել են:
ArmLur.am-ին ահազանգած 28-ամյա Մարինե Բաբայանը պատմում է.
«Ես 10 տարի է, ինչ ունեմ շաքարային դիաբետ և 10 տարի է օգտագործում եմ ինսուլին: Այս տարվա 2023 թվականի սեպտեմբերից սկսած նախարարությունը ինսուլոտարդի փոխարեն տրամադրում է գենսուլին, դա օգտագործելու ֆոնի վրա իմ թվերը ահավոր բարձրանում են, առավոտյան արթնանում եմ 15 ա, հետո բարձրանում ա մինչև 20-25 թվով:
Իսկ ինսուլոտարդի պարագայում 5.5-ից մինչև 6 բարձրանում»:
Մարինեն սկզբում մտածել է, որ դեղը նոր է, օրգանիզմը չի հարմարվում նոր դեղատեսակին, և դեղի միավորը սկսել է բարձրացնել մինչև 100 միավոր:
«Անգամ 100 միավոր գենսուլին ներարկվելու պարագայում նորից արթնանում էի 15-ից բարձր թվով»,-ասում է նա:
Նրա խոսքով՝ նա դիմել է Առողջապահության նախարություն՝ ասելով որ ինսուլինը չի օգնում իրեն: Դրան ի պատասխան ասել են՝ այդ դեղերի միջև տարբերություն չկա:
«Երբ որ իրենց փաստացի ներկայացնում եմ իմ ներարկված դոզաները ու իմ բարձր թվերը, իրենք առաջարկում են, որ օգտագործեմ միքստարդ, որը 70/30 խառնուրդ է: Ես իրենց մանրամասն բացատրում եմ, որ այդ դեղերը չի կարող փոխարինել մեկը մյուսին, իրենք ինձ ասում են՝ գենսուլինը Հայաստանում անցել է փորձաքննություններ, սերտիֆիկատ է ստացել և որակի հետ կապված խնդիր չկա»:
Մեղադրելով կնոջը՝ ասել են, որ կինը չի պահել համապատասխան դիետաները:
Էմմա Մարտիրոսյան