Մեծ-մեծ խոսելով չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր գործընկերների կողմից ներկայացված օրինագիծը վերաբերում է չաշխատող մայրերին և մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար գումար հատկացնելուն: Մեծ-մեծ խոսելով չէ, թե մենք սոցիալական ողջ փաթեթն ապահովում ենք»,-այսօր ԱԺ-ում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` խոսելով ԲՀԿ-ի հեղինակած «Պետական նպաստի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծի  մասին:

Ըստ նրա` չաշխատող մայրերը ևս կարիք ունեն այդ նպաստը ստանալու: Պատգամավորը կոչ արեց խորհրդարանին կողմ քվեարկել, որպեսզի հարցը մտնի օրակարգ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, սակայն, հայտնեց, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ առաջարկվել է նախագծի հիմական զեկուցողին առայժմ օրակարգ չմտցնել այս նախագիծը, քանի որ նույն օրենքի նախագիծն ավելի վաղ առաջարկել է նաև ՕԵԿ խմբակցությունը:

«Իրենք չեն համաձայնել այլընտրանքային քննարկմանը: Խոսքը չի գնում երեխայի չաշխատող մորը օգնելու ծրագրի մասին, օրենքի նախագիծը վերաբերում է աշխատող մոր ծրագրի անվան տակ չաշխատող մորը փող տալուն: Այսինքն` ո՞ր մորը փող տալ՝ աշխատող, թե՞ չաշխատող, աղքատ ընտանիքի մո՞ր, թե՞ ոչ»,-ասաց ՀՀԿ պատգամավորը, սակայն  ժամանակի սղության պատճառով միտքը չհասցրեց ավարտել:

ՕԵԿ  խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ երկրորդ տարին է, որ իրենց կողմից շրջանառության մեջ է դրվել նման օրենքի նախագիծ, իսկ կառավարությունն էլ առաջարկել է քննարկում իրականացնել 2015-ի բյուջեով:

Մարգարյանը շեշտեց, որ նախագծով առաջարկվելու է բոլոր մայրերին՝ անկախ նրանից՝ աշխատում են, թե՝ ոչ, գումար հատկացնել երեխայի խնամքի համար, և առաջնահերթություն տալ հատկապես ուսանող մայրերին:

Նախագիծը դրվեց քվեարկության, և այն չընդունվեց 45 կողմ, 69 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:




Լրահոս