![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/Qegxri7yWhieLgNCl1r5X4azWfpWKgqvwPC7k9ok-1.jpg)
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին հավանություն տալու փաստը։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Պեսկովն ասել է, որ դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։
«Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։ Իհարկե, հարկավոր է, որպեսզի իրենք հայերը և մնացած բոլորը հասկանան, թե դա որքանով է փոխադարձ ցանկություն, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները։ Ինչպես երևում է, Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք կարծում են, որ դեպի ԵՄ կողմնորոշումը հավելյալ դիվիդենտներ կտա երկրի և ժողովրդի շահերի առումով՝ հստակություն չունենալով, թե արդյոք Եվրամիությունը հետաքրքրված է դրանով»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և այդ դիվիդենտներն ակնհայտ են։
Հայաստանի խորհրդարանը փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 7-ը։ Կողմ են քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկել, իսկ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։