Շինծու դատավարություններ են ընթանում Ադրբեջանում կամայականորեն կալանավորված ՀՀ 23 քաղաքացու նկատմամբ։ Այս մասին Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում ելույթի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հենց հիմա շինծու դատավարություններ են ընթանում 23 հայ քաղաքացու նկատմամբ, որոնք կամայականորեն ձերբակալվել են Ադրբեջանում։ Ընդ որում, ամբողջությամբ խախտվում են պատշաճ դատավարության նորմերն ու երաշխիքները»,– նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով` չնայած 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն` Հայաստանի հարևանը վիճարկում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:





























