ԿԽՄԿ-ի աշխատանքի ձևաչափը չի ենթադրում հանրային քննարկում իր տեսածի վերաբերյալ։ Այս մասին Կարմի խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների իրականացվող ակցիայի մասնակիցներին ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«ԿԽՄԿ-ն փետրվարին տեսակցություն է ունեցել հայերին, ովքեր պահվում են Ադրբեջանում։
Ռուբեն Վարդանյանին տեսակցությունը եղել է իր հացադուլի ընթացքում։ Տեսակցության շրջանակներում մեր պատվիրակի հետ եղել է բժիշկ։
Անազատության մեջ գտնվող հացադուլ հայտարարած անձանց ԿԽՄԿ-ն հնարավորություն ունի տեսակցելու բժշկի հետ, իսկ բժիշկը ևս պատվիրակ է և չի հանդիսանում տվյալ երկրի անձնակազմ։ Բժիշկը հնարավորություն է ունեցել ապահովելու անձի չեզոք զննումը»,-ասաց Զառա Ամատունին։






























