
Երեկ՝ մարտի 16-ին, Ադրբեջանի ՊՆ-ն 3 անգամ հայտարարություն տարածեց, թե, իբր, հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ, սակայն հայկական ՊՆ-ն հերքել է տեղեկությունը։
Հարցեր են առաջանում, թե ինչու է խաղաղության պայմանագրի համաձայնագրի ֆոնին ադրբեջանական կողմը նման հայտարարություններ տարածում։
ArmLur.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։
-Պարո՛ն Նահապետյան, ինչի՞ համար է ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի ֆոնին նման տեղեկություններ տարածում, ո՞րն է դրդապատճառը։
-Եթե հիմք ընդունենք ոչ հայկական կողմի արձագանքը, այլ եվրամիության դիտորդների, այսպես կոչված քաղաքացիական առաքելության դիտորդները, որոնք գնացել են շրջաններ, արձանագրել են, որ որևիցե լարում չկա։ Ընդունենք, որ սա իրականություն է, ընդունենք նաև, որ հայկական կողմի հերքումը ևս իրականություն է և հիմք ընդունելով այս երկու իրողությունները՝ արձանագրենք, որ մեկ օրվա մեջ երեք անգամ ադրբեջանական կողմի տարածած նման տեղեկությունը իր մեջ գործնականում վտանգ է պարունակում։
-Ի՞նչ վտանգի մասին է խոսքը։
-Ադրբեջանական կողմի շարունակական ապատեղեկատվությունները երկու նպատակ ունեն․ առաջինն այն է, որ այս ամենը ճնշման գործիք է Փաշինյանի վրա։ Ադրբեջանի նախագահն ի՞նչ ասաց Փաշինյանին, ասաց զրոյական վստահություն չէ՞, հիմա գործնականում Ադրբեջանի նախագահը դա փորձում է հիմնավորել՝ ասելով, որ Փաշինյանը մի կողմից խաղաղություն է ուզում, խաղաղության պայմանագիր, մյուս կողմից սահմանում իրավիճակը լարումներ է առաջացնում։ Այսինքն՝ Փաշինյանն ինքը վստահելի անձ չի և Փաշինյանի ստորագրությունն այդ տրամաբանությամբ, ըստ Ալիևի, արժեք չունի։ Հետևաբար, եթե արժեք չունի այդ ստորագրությունը՝ ապա ինչո՞ւ ստորագրել։ Սա մոտեցումներից մեկն է, որտեղ Ալիևը չի փորձելու ստորագրել, այսինքն մերժման համար հիմք է նախապատրաստում։ Ցանկացած ռազմական գործողությունից առաջ, երբ նախահարձակ կողմը փորձում է տրամագծորեն հակառակը ցույց տալ, ինքը միշտ ապատեղեկատվություն է տարածում առ այն, որ հակառակ կողմն է գործողությունը սկսել, ինքն ընդամենը պատասխանել է։ 44-օրյայի ժամանակ ևս սկզբում Ալիևը և իր քարոզչամեքենան փորձում էին հիմնավորել, որ ռազմական գործողությունները Արցախի ինքնապաշտպանական ուժերն են սկսել, իրենք ընդամենը արձագանքել են։ Նույնն այս պարագայում, եթե օրինակ մի քանի օր այս ամենը շարունակվի ու մեկ շաբաթ անընդհատ ապատեղեկատվություն տարածվի, առավել ևս, եթե իրենք ասել են, որ հայկական կողմում զորքեր են կենտրոնացնում, որ Արցախից ինչ-որ տարածքներ հետ բերեն, սա մտնում է ընդհանուր տրամաբանության մեջ, որ որոշակի ռիսկայնություն կա։
-Այսինքն հնարավո՞ր է ռազմական գործողություններ լինեն։
-Ես չեմ բացառում, բայց եթե այս հայտարարությունները քարոզչական դաշտում որոշակի ժամանակ տևեն, մեկ օրով չի լինելու։ Ապրիլյանից առաջ, ասեմ, ադրբեջանական կողմը 7-8 օր տարածում էր ապատեղեկատվություն և երրորդ տարբերակը, կարող է՝ նման հայտարարությունները Փաշինյանի վրա ճնշման գործիք են։ Օրինակ իրեն հասկացնում են, որ եթե այս ու այն բաները գործնականում չանես, էդ մեր պայմանավորվածությունները, ենթադրենք, որ Պրահայում տվել ես սահմանադրության փոփոխություն, փախստականների վերադարձ, եթե չանես դրանք, ապա ես տեսականորեն մի քանի օր շարունակ ապատեղեկատվություն կտարածեմ, ենթատեքստով կհասկացնեմ և ռազմական գործողություն կսկսեմ ու քեզ էլ մեղավոր կսարքեմ։
Աննա Սրապիոնյան