Middle East Eye պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել , ըստ որի Ադրբեջանն ու Հայաստանը նախատեսում են ուրբաթ օրը Վաշինգտոնում ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ խաղաղության հասնելու հանձնառությամբ։
Հոդվածի բովանդակությունը հետևյալն է.
Middle East Eye -ի հետ զրույցում պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սպիտակ տանը՝ ստորագրման արարողության համար։
Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը մարտին համաձայնության էին եկել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի շարք լրացուցիչ պայմանների անհապաղ իրականցում ՝ նախքան վերջնական համաձայնագրի ստորագրումը։ Ադրբեջանի հիմնական պահանջներից է, որ ՀՀ-ն փոփոխի իր Սահմանադրությունը՝ այնտեղից հանելով Ադրբեջանի տարածքների վերաբերյալ հղումները, ինչը Հայաստանում կպահանջի հանրաքվե։
Սպասվող Սպիտակ տան գագաթնաժողովը հաջորդում է երկու առաջնորդների հուլիսին Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։ Հանդիպումից հետո Ալիևը նշել էր, որ կողմերը կարող են վերջնականացնել համաձայնագրի տեքստը կամ առնվազն դրա հիմնական սկզբունքները և նախաստորագրել դրանք։
«Հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալը, նախաստորագրելը, ապա տեքստի վրա աշխատանքը կարող է տարբերակ լինել», – ասել էր Ալիևը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը կախված է Հայաստանի կողմից Սահմանադրության փոփոխությունից։
Աղբյուրները հավելել են, որ երկու առաջնորդները, ամենայն հավանականությամբ, կստորագրեն «նպատակների մասին նամակ, հուշագիր», այլ ոչ թե խաղաղության պայմանագրի նախագիծ, ինչը Թրամփին հնարավորություն կտա տարածաշրջանում դիվանագիտական ձեռքբերում գրանցել։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի օրը զանգահարել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին՝ տեղեկացնելու գագաթնաժողովի մասին, հայտնել է երրորդ տարածաշրջանային աղբյուրը։ Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները նշել են, որ Ֆիդանը Բայրամովի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
MEE-ն մեկնաբանության համար դիմել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կառավարություններին։
Խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը պետք է կապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի անկլավի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով։ Հայաստանը մերժում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ պնդելով, որ այն իր տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիք է և վերաբերում է Սյունիքին։
Անցած ամիս ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը պաշտոնապես առաջարկել էր, որ ամերիկյան ընկերությունը կարող է վարձակալել և շահագործել միջանցքը 100 տարի՝ փորձելով լուծել երկու կողմերի անվտանգության և երթուղու հուսալիության հետ կապված մտահոգությունները։ Սակայն Հայաստանը մերժել է այդ առաջարկը՝ հայտարարելով, որ չի տա վարձակալության իր ինքնիշխան տարածքը որևէ երրորդ երկրի։
Տարածաշրջանային աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիան ի սկզբանե առաջարկել էր, որ մասնավոր ընկերություն, որը կհաստատեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, կառավարի միջանցքը։
«Սակայն հայկական կողմը պահանջել է, որ այդ ընկերությունը գործի նաև միջանցքի Նախիջևանի հատվածում, ինչը Բաքվի համար անընդունելի էր», – նշել է աղբյուրը։
Անի Վարդանյան






























