Armenian text to speach

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ ովքեր են մասնակցում 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, որի առանցքային թեմաները դաշինքի անդամ երկրների պաշտպանական ծախսերի ավելացումն ու Ուկրաինային աջակցության շարունակությունն են։

Գագաթնաժողովը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ճնշում է գործադրում ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա՝ պահանջելով ավելացնել պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։ Ակնկալվում է, որ եվրոպական պետությունները կհայտարարեն միլիարդավոր դոլարների նոր ռազմական պայմանագրերի մասին։

Անկարայում հավաքվել են ՆԱՏՕ-ի բոլոր 32 անդամ երկրների ղեկավարները։ Գագաթնաժողովին մասնակցում են նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունը, թեև նրանց երկրները դաշինքի անդամ չեն։

Ավստրալիան, Ճապոնիան և Նոր Զելանդիան ներկայացված են պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Մասնակցում են նաև Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները։

Միևնույն ժամանակ, Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան գագաթնաժողովին չի մասնակցի, սակայն Անկարայում նախատեսված է նրա երկկողմ հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ։

ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովում անդամ երկրները համաձայնել էին մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի, որից 3.5 տոկոսը պետք է ուղղվի ռազմական ծախսերին, իսկ 1.5 տոկոսը՝ անվտանգության հետ կապված այլ կարիքներին։ Այս տարվա հանդիպման գլխավոր նպատակներից մեկն այդ պարտավորությունների գործնական իրականացումն է։

Գերմանական Մարշալի հիմնադրամի Թուրքիայի տարածաշրջանային տնօրեն Օզգյուր Ունլուհիսարջըքլին նշել է, որ եթե նախորդ տարի խոսքը վերաբերում էր ֆինանսավորման ավելացմանը, ապա այժմ քննարկվում է, թե ինչպես այդ ծախսերը վերածել իրական ռազմական հնարավորությունների։

Միաժամանակ որոշ փորձագետներ զգուշացնում են, որ նույնիսկ միլիարդավոր դոլարների ներդրումները անմիջապես չեն վերածվելու նոր ռազմական կարողությունների, քանի որ սպառազինության արտադրությունն ու մատակարարումները տարիներ են պահանջում։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չորեքշաբթի երկկողմ հանդիպում կունենա Դոնալդ Թրամփի հետ։ Սպասվում է, որ նա կխնդրի ԱՄՆ-ին լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել, քանի որ վերջին շրջանում Ռուսաստանի հարվածներն Ուկրաինայի քաղաքների ուղղությամբ ուժգնացել են։ Վերջին հարձակման հետևանքով միայն Կիևում զոհվել է առնվազն 11 մարդ։

Կիևի համար կարևոր է ստանալ ոչ միայն նոր սպառազինություն, այլև ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքական երաշխիքները, որ ռազմական աջակցությունը շարունակական կլինի առաջիկա մեկ-երկու տարիներին։

Միևնույն ժամանակ եվրոպական երկրները փորձում են նաև պահպանել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Վերլուծաբանների կարծիքով՝ գագաթնաժողովում սպասվող բազմամիլիարդանոց ռազմական պայմանագրերը նաև նպատակ ունեն մեղմելու Թրամփի դժգոհությունը եվրոպացի դաշնակիցների պաշտպանական ծախսերի վերաբերյալ։

Գագաթնաժողովից առաջ ԱՄՆ նախագահը հերթական անգամ քննադատել է Գերմանիայի պաշտպանական բյուջեն՝ այն անվանելով «ծիծաղելի»։ Ի պատասխան՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ իր երկիրը երբեք այսքան մեծ ներդրում չի կատարել սեփական պաշտպանունակության ամրապնդման համար։

Միաժամանակ Վաշինգտոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներից իր ռազմական ինքնաթիռների, կործանիչների և սուզանավերի մի մասի փուլային դուրսբերման մասին, ինչը ևս քննարկումների հիմնական թեմաներից է դարձել։

Անկարայի գագաթնաժողովի գլխավոր նպատակն այս փուլում ոչ այնքան նոր որոշումների ընդունումն է, որքան դաշնակիցների միասնականության ցուցադրումը՝ չնայած առկա տարաձայնություններին։

Անի Վարդանյան



Լրահոս