«ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՅԼԵՎԱՅԼ ԿԱՊԵՐ ԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի ՀՀ պետական մրցանակի ներկայացված գործերի թվում է նաեւ ՀԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գիրքը։ Կարծես թե արտառոց ոչինչ չկա. յուրաքանչյուր գրող, անկախ պաշտոնից ու դիրքից, կարող է ներկայացնել իր ստեղծագործությունը։ Բայց քանի որ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները ՀԳՄ անդամներ են, նրանք դժվար թե համարձակվեն մերժել իրենց նախագահի ժողովածուն: Բացի այդ՝ Էդ. Միլիտոնյանը նաեւ գրահրատարակչական գործակալության պետն է, ինչը հանձնաժողովի վրա ազդելու եւս մեկ լծակ է:

Երիտասարդ գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է, որ պետական մրցանակները հատկապես գրականության բնագավառում շատ կարեւոր են. դրանք արժեւորում են կենդանի գրական ընթացքը եւ օգնում այն ընթերցողներին, որոնք չեն կողմնորոշվել՝ ինչ գիրք կարդան, ինչ արժեքներ դավանեն։ «Դրանք օգնում են, որպեսզի ընթերցողը կանգնի ճիշտ ճանապարհի վրա։ Այլ հարց է, որ ոչ միայն մեր երկրում, այլեւ ընդհանրապես աշխարհում այդ մրցանակները հաճախ տրվում են ոչ թե գրական նկատառումներով, այլ, ասենք, Նոբելյանի պարագայում, ավելի շատ քաղաքական հանգամանքներ են հաշվի առնվում։ Հատկապես մեր երկրում միշտ չէ, որ մրցանակները հասնում են ճիշտ հասցեատերերին, ճիշտ գրողներին, ճիշտ ստեղծագործություններին, եւ, բուն գրականությունից զատ, գործում են այլեւայլ կապեր ու հարաբերություններ։ Ամեն դեպքում, նույնիսկ այդ պարագայում պետական մրցանակը եւ ընդհանրապես բոլոր մրցանակներն ունեն կողմնորոշիչ դեր մեր կյանքում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց գրականագետը։
Նկատառմանը, թե ՀԳՄ նախագահ, գրահրատարակչության տնօրեն լինելն արդեն իսկ լծակներ են, որոնք հաստատ կգործեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մի ճշտում պետք է անել. Էդվարդ Միլիտոնյանը պետական մրցանակի հայտարարությունը տվել է շատ վաղուց, եթե չեմ սխալվում, այս տարվա սկզբներին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ՀԳՄ նախագահը լուսահոգի Լեւոն Անանյանն էր։ Բայց հետո հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ, ներկայացված լինելով պետական մրցանակի մրցույթին, դարձավ նաեւ ՀԳՄ նախագահ։ Եթե այդ քայլը կատարեր ՀԳՄ նախագահ դառնալուց հետո, իհարկե, միանշանակ ճիշտ չէր ընկալվի»:
Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, թե քանի ստեղծագործություն է ներկայացվել հանձնաժողովին. «Ներկայացվել է մոտ հիսուն գիրք, կան երիտասարդ, ավագագույն, շատ ճանաչված եւ ընդհանրապես սկսնակ գրողներ։ Ամեն տեսակ գրող էլ կա, որովհետեւ մենք մեր երկրում այնպիսի մթնոլորտ ենք ստեղծել նաեւ այդ բնագավառում, որ պետական մրցանակ ասված այդ բարձր կատեգորիան մի փոքր արժեզրկվել է, եւ ամեն մեկը, ով մի բրոշյուր է տպել, կարծում է, թե ինքը կարող է արժանանալ այդ բարձր պարգեւին։ Սա լավ նշան չէ, խոսում է այն մասին, որ չափանիշները գրական դաշտում այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն դրված գոնե հոգեբանական տեսանկյունից»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս