«Երևանն ու Բեյրութն ունեն մեծ ներուժ՝ համատեղ ծրագրերի իրականացման համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորել է Բեյրութի քաղաքային խորհրդում Երեւանի հետ համագործակցության սերտացման ու խորացման ուղղությամբ հայազգի քաղաքական գործչի կողմից տարվող աշխատանքներն ու համոզմունք է հայտնել, որ ոչ ուշ ապագայում շոշափելի արդյունքներ կլինեն. «Վստահ եմ՝ Երեւանը եւ Բեյրութը համագործակցության լայն հնարավորություններ եւ հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Բեյրութում հայ համայնքի ունեցած զգալի դերակատարումը եւս հաշվի առնելով կարծում եմ, որ մենք կկարողանանք երկուստեք փոխշահավետ համագործակցություն հաստատել ու համագործակցությունն առավել առարկայական դարձնել», – ընդգծել է Տարոն Մարգարյանը` հատուկ կարեւորելով նաեւ այն հանգամանքը, որ 2000 թվականից ի վեր Երեւանը եւ Բեյրութը եղբայրացած քաղաքներ են:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝  Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանը իր հերթին եւս կարեւորել է բեյրութահայ համայնքի դերն ու նշանակությունը Լիբանանի կյանքում եւ համոզմունք հայտնել, որ առաջիկայում Երեւանի եւ Բեյրութի միջեւ հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան.

«Երկուստեք համագործակցությունն անչափ կարեւոր է, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաեւ փորձի փոխանակման տեսակետից: Ինձ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է գտնվել Երեւանում, եւ ես համոզված եմ, որ Երեւանն ու Բեյրութն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման համար»,- նշել է Արամ Մալյանը եւ, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին է փոխանցել Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի պաշտոնական հրավերը՝ այցով հյուրընկալվելու Բեյրութում, երկու քաղաքների միջեւ հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար:




Լրահոս