ՕՀԱՆՅԱՆԸ ՄԻԱՅՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն հինգշաբթի ավանդույթ դարձած բողոքի ակցիան շարունակվեց նաեւ երեկ: Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարազատներն ակնկալում էին գոնե այս անգամ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը: Կառավարության նիստից առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մինչեւ շենք մտնելը, մի քանի րոպե լսեց ծնողներին, սակայն այդ մի քանի րոպեների ընթացքում այնպիսի պատասխաններ տվեց, որից հետո ծնողները էլ ավելի անմխիթար եւ զայրացած վիճակում հայտնվեցին:
Հարցերին, թե ինչու է այսօր բանակն այդպես անտեսված վիճակում, ինչու են  բանակում օր օրի շատանում մահացության դեպքերը, ինչու ծնողներին ոչ մի ապացույց չեն ներկայացնում, թե իրենց երեխան ինքնասպան է եղել եւ այլն, նախարարը պատասխանեց. «Ի՞նչ կարող եմ անել, գետնի տակից հո չե՞մ կարա հանեմ, ինձնից հասնում է հանձնարարել, ես հանձնարարել եմ, որ զբաղվեն այդ հարցերով, մնացածն իմ պարտականությունների մեջ չի մտնում»:
Նարեկ Գալստյանի հորաքույրը` Սուսաննա Գալստյանը, մեկ տարի շարունակ ամեն հինգշաբթի գալիս է այստեղ: Նրա եղբոր որդին` ընտանիքի միակ արու զավակը, սպանվել է  2008թ. մայիսի 9-ին, այն դեպքում, երբ նրան տուն վերադառնալու համար ընդամենը 20 օր էր մնացել: Ըստ պաշտոնական վարկածի` տղան խեղդվել է բենզինի «բակում» գիշերվա ժամը երկուսի սահմաններում: «Ի՞նչ գործ պետք է ունենար զինվորը ժամը 2-ին դրսում, այն էլ բենզինի բակի մոտ»,-վրդովված հարցնում է հորաքույրը: Զորամասի սպա Բախշիկ Ստեփանյանը իրավիճակը ծնողներին բացատրել է հետեւյալ կերպ. «Բենզին է գողացել»: «Նույնիսկ եթե այդպես էր, զինվորին պետք էր դատել գողության համար, ոչ թե խեղդամահ անել բենզինի բակում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում լացակումած ասաց Սուսաննա Գալստյանը:
 Զինվորի ծնողները տեղեկացել են, որ քրեական գործն ինչպես բացվել է, այնպես էլ փակվել է, առանց ընտանիքին այդ մասին ծանուցելու: Եւ երբ հորաքույրը զանգահարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ խնդրել քրեական գործի պատճենը, ստացել է նման պատասխան. «7500 դրամ պետք է փոխանցեք մեր հաշվեհամարին, որպեսզի ստանաք»: Սակայն գումարը փոխանցելուց հետո անգամ զինվորի ընտանիքը ոչ մի սպառիչ պատասխան չի ստացել: Ավելին, նրանց զրկել են նույնիսկ 7 ամսվա զինվորական թոշակից: Սուսաննա Գալստյանի խոսքերով`  Նարեկի մտերիմ ընկերը` Վոլոդյան, վախենում է ճիշտ ցուցմունք տալ: Սուսաննան պատմում է, որ երբ Նարեկի պապիկը գնացել է Մեղրու զորամաս Վոլոդյայի հետ խոսելու, նա, տեսնելով ընկերոջ պապիկին, հետ է գնացել եւ չի ցանկացել խոսել: Հետագայում Նարեկի նույն զորամասի ընկերները եւ անձամբ Վոլոդյան տաքսու մեջ խոսել են այն մասին, որ բոլորը կարողացել են այդ գիշեր փախչել, բացի Նարեկից: Իսկ նույն տաքսու վարորդը, Սուսաննայի խոսքերով, ճանաչել է Նարեկի հորը եւ ամեն ինչ պատմել իրեն: Պաշտպանության նախարարը խոստացել է փաստաբան տրամադրել ընտանիքին, սակայն հիմա զինվորի  հորաքույրն անգամ նախարարի կողմից տրամադրված փաստաբանին չի վստահում:
Սուսաննան պատմում է, որ Մեղրու նույն զորամասում ծառայող զինվորներից շատ անգամ է լսել, որ իրենց զորամասը «բարդակի» է նման: «Լինելով մանկավարժ` այդ բառը երբեք չեմ օգտագործել ո’չ իմ բանավոր, ո’չ էլ գրավոր խոսքում, բայց այսօր առանց ամաչելու ու վստահաբար կարող եմ ասել, սա բանակ չէ, բարդակ է, իսկական բարդակ»,-վրդովված բղավեց Սուսաննան:
Մեկ այլ, շատ սարսափելի դեպք է պատահել Գրիգորյանների ընտանիքում: Արդյոք ճիշտ կլինի այս դեպքում ասել` Արթուր Գրիգորյանի բախտը բերել է, թե ոչ, բայց նա ողջ է: 2008թ. ծառայելով Գորիսի զորամասերից մեկում` Արթուրը  ստացել է գլխուղեղի վնասվածք եւ ժամանակից շուտ վերադարձել տուն, որպեսզի վիրահատվի: Նրա ծնողները պատմում են, որ Արթուրը ծեծվել է նույն զորամասի սպա Դավիթ Հայրապետյանի կողմից: Տղան այժմ երրորդ կարգի հաշմանդամ է, աշխատելու հնարավորություն չունի, քանի որ գլուխը վիրահատված է, ունի սարսափելի գլխացավեր, սրտխառնոցներ: Արթուրին անգամ թոշակ չեն տրամադրում գոյատեւելու համար, իսկ սոցապ նախարարությունից էլ պատասխան է եկել, թե երրորդ կարգը ձեւակերպել են հօգուտ Արթուրի: «Այդ դեպքում, եթե մեր տղան առողջ է, ինչպես նրանք են վստահեցնում,  ինչո՞ւ նրան նորից չեն տանում բանակ»,-հարցնում են զինվորի ծնողները:
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորներից բացի, երեկ  էլի շատ մարդիկ կային կառավարության շենքի դիմաց` հիմնականում միայնակ թոշակառուներ, որոնք մի կերպ էին ոտքի վրա կանգնած: Ու երբ անօգնական տատիկ-պապիկները մոտենում էին ոստիկաններին եւ խնդրում, որ սոցապ նախարար Արթուր Գրիգորյանի դուրս գալուն պես իրենց ասեն, քանի որ նախարարին դեմքով չեն ճանաչում, ոստիկանները, մեկը մյուսի վրա գցելով, ասում էին` «ես չգիտեմ, գնա’, նրանի’ց հարցրու», մյուսն էլ երրորդի վրա էր գցում եւ այդպես շարունակ:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս