ԽՄԵԼՈՒ ԲԱՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանին սահմանակից Պտղավան գյուղի բնակիչներն օգտագործում են Դեբեդի ափին փորված խորքային հորի ջուրը: Նոր տարվա նախաշեմին ջրամղիչ պոմպը խափանվել էր` գյուղը թողնելով   առանց խմելու ջրի: Որպեսզի նման իրավիճակները չկրկնվեն, համայնքի բնակչության անունից Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը խնդրանքով դիմել էր Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանին երկրորդ պոմպ գնելու համար աջակցության խնդրանքով: Փետրվարի 7-ին Պտղավան այցելության ժամանակ պատգամավորը տրամադրեց մեկ միլիոն դրամ: Նրան շնորհակալություն հայտնելով հանդերձ` Պտղավանի բնակիչները մտահոգություն հայտնեցին խորքային հորի ջրի որակի կապակցությամբ: Պտղավանի բնակիչ, Նոյեմբերյանի այգեգործների միության նախագահ Սպարտակ Զաքարյանը մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ Միքայել Վարդանյանին ասաց, որ այդ ջուրն անորակ է` կրի նստվածքով: Գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը հայտնեց, որ Ստեփանավան-Նոյեմբերյան ինքնահոս ջրագծից Պտղավանը սնուցելու համար 2 անգամ դիմել են համապատասխան  մարմիններին, սակայն հարցը չի լուծվել: Ռաֆիկ Օհանյանի խոսքերով` պատճառաբանել են, թե ջրագծում ջուրը չի հերիքում, դրա համար պետք է Լոռու Աքորի գյուղի մոտ ջրահավաք ավազան կառուցել:  Տարիներ շարունակ Դեբեդի հովտի բնակավայրերում օգտագործում են գետի` ծանր մետաղներով հագեցած ջուրը: Պարզ չէ, թե Դեբեդի ափից 10-20 մետր հեռավորությամբ փորված հորերի ջուրն ավազի շերտով անցնելուց  հետո ինչ չափով է մաքրվում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի, Ալավերդու պղնձաձուլական գործարանի, Արմանիսի ոսկու հանքի  թունավոր արտանետումներից: Ուսումնասիրված չէ, թե անորակ խմելու ջուր օգտագործելու հետեւանքով Դեբեդի հովտի, Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների բնակիչներն ինչ հիվանդություններ են ձեռք բերել:




Լրահոս