Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը կոչ է անում բոլորին միանալ հանուն բնության պայքարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է դադարեցնել Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը, վերականգնել բնությանը, մարդկանց եւ մշակութային հուշարձաններին հասցված վնասը:Հայտարարությունում ասվում է.”Մենք` Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, համախմբում ենք ազատ եւ գիտակից մարդկանց Հայաստանում, Սփյուռքում եւ ամբողջ աշխարհում, ովքեր հավատում եւ պայքարում են հանուն մարդու առողջ եւ արժանապատիվ կյանքի` ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը եւ քաղաքացիական համերաշխությունը (ՀՀ Սահմանադրության նախաբան):Հավատարիմ լինելով համամարդկային արժեքներին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մեր մտահոգությունն ենք հայտնում առ այն, որ-  մեր պետության մեջ ընթանում են շրջակա միջավայրի հետեւողական ոչնչացման անվերականգնելի գործընթացներ` բնական պաշարների անխնա շահագործմամբ (խախտվում է ՀՀ Սահմանադրության 10 հոդվածը) –  Հայաստանում խոշոր կապիտալի` անհատական եւ մասնավոր ընկերությունների սեփականության իրավունքը եւ դրա իրացումը վնասում է շրջակա միջավայրին, խախտում այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը (խախտվում է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածը)-  մարդիկ զրկվում են իրենց առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքից (խախտվում է ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածը) –  պետությունը թերանում է իր պարտավորություններում եւ չի իրականացնում ներկա եւ ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն (խախտվում է ՀՀ Սահմանադրության 48 հոդվածը):Վերը նշված մտահոգությունների պատճառը ՀՀ ներկա տնտեսական  քաղաքականությունն է,  որի  հիմքում դրված է բնական պաշարների վայրի շահագործումը` Հայաստանը դարձնելով առաջին աշխարհի երկրների հանքահումքային կցորդ: Հայաստանում հանքերը հիմնականում պատկանում են օտարերկրյա մասնավոր ընկերությունների, որոնք անխնա շահագործում են ազգային հարստությունը, մսխում են ժողովրդի սերունդների ունեցվածքը, աղտոտում են շրջակա միջավայրը, զրկում են պետությանը կայուն զարգացման հնարավորությունից:Այս տնտեսական քաղաքականությունը վերջնականպես արմատավորվել է 2007թ-ից, երբ ՀՀ Կառավարության կողմից անօրինական ձեւով տրվել է Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդնային հանքավայրի շահագործման թույլտվություն: Հայաստանի ընդերքը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը հաճախ գաղտնի են պահվում. վառ օրինակն է Թեղուտի հանքը շահագործող ACP ընկերությունը, որի 81% բաժնեմաս ունեցող Vallex ընկերությունը գրանցված է Լիխտենշտեյնում` օֆշորային գոտում (հարկային դրախտ), իսկ մնացած 19%-ի սեփականատերը Ռուսաստանի քաղաքացի է:Թեղուտի հանքավայրի շահագործումն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշորն է իր ծավալներով եւ շրջակա միջավայրին ու սերունդներին հասցվելիք վնասի չափով: Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանի հյուսիսում հանգեցնելու է հանքարդյունաբերական թափոններով թունավորված միջավայրի ստեղծման, որն այսօր առկա է հարավում` Քաջարանում, Կապանում, Ագարակում: Արդեն իսկ Լոռու եւ Տավուշի մարզերում տրված են մետաղական հանքերի հետախուզման եւ շահագործման բազմաթիվ լիցենզիաներ: Սա տնտեսական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական եւ ժողովրդագրական իմաստով ազգային անվտանգության խնդիր է եւ քայքայում է պետականաշինության հիմքերը:Ընդերքը շահագործելուց հետո, մասնավոր ընկերությունները լքելու են Հայաստանը` մեզ թողնելով թունավորված, կյանքի համար ոչ պիտանի դարձած տարածք:Թեղուտի պայքարը շրջակա միջավայրի պահպանությունն է` հանուն մարդու առողջ եւ բարեկեցիկ կյանքի: Մարդը չպետք է ստորադասվի կապիտալին: Աղտոտված շրջակա միջավայրը աղքատության ամենաակնառու ցուցանիշներից է: Որակյալ կրթության, առողջապահության եւ մշակութային կյանքին մասնակցելու անմատչելիությունը, աշխատանքի ստրկատիրական պայմանները, անբուժելի հիվանդությունների սպառնալիքը, հանգեցնում են հարատեւ աղքատության,  անարժանապատիվ կյանքի եւ մարդկային դժբախտության:Մենք պահանջում ենք` դադարեցնել Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը, վերականգնել բնությանը, մարդկանց եւ մշակութային հուշարձաններին հասցված վնասը, բարեփոխել ՀՀ համապատասխան օրենսդրությունը` բարձր հարկերի, բնապահպանական վճարների եւ պետական կարգավորման մեխանիզմների միջոցով ապահովելով շրջակա միջավայրի եւ բնական պաշարների պաշտպանությունը:Մենք, գործելով ինքնուրույն եւ կամավոր սկզբունքերով, նախանձախնդիր եւ պահանջատեր ենք, որ մեր պետությունը որդեգրի մարդակենտրոն քաղաքականություն, ստանձնի ներկա եւ ապագա սերունդներին առողջ եւ բարեկեցիկ շրջակա միջավայր ապահովելու ու փոխանցելու իր հիմնական պարտավորությունը:Մենք իրականացնում ենք ՀՀ Սահմանադրության պատգամն առ այն, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը (ՀՀ Սահմանադրության 33.2 հոդված)”:




Լրահոս