ՎԿԱՆԵՐԸ ՓԱՍՏԵՐԸ ԽԱՌՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ հարցաքննվեցին ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով անցնող վկա, ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Տեր-Պողոսյանը եւ տուժած ոստիկան Հայկ Նաջարյանը: Տեր-Պողոսյանը  հայտարարեց, որ միջադեպի ժամանակ Տիգրան Առաքելյանն իրեն ասել է. «Զորքդ հավաքի՛, ստեղից ռա՛դ էղի», իսկ ինքն էլ ամեն ինչ արել է Առաքելյանին հանդարտեցնելու համար, սակայն դա իրեն չի հաջողվել:
Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության պատճառով: Հաջորդ օրն ակտիվիստները ձերբակալվել էին, սակայն մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ եւ Վահագն Գեւորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրությամբ: Իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորվել էր:
Երեկ դատարանում նախ ցուցմունք տվեց տուժած ոստիկան Հայկ Նաջարյանը, ով նախորդ դատական նիստում հայտնել էր, որ գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանն անցած տարի` օգոստոսի 9-ին, Երեւանի Կարապի լճի մոտ ոստիկանների հետ տեղի ունեցած ընդհարման ժամանակ հայհոյանքներ չի հնչեցրել: Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի միջնորդությամբ հրապարակվեց Նաջարյանի նախաքննական ցուցմունքը, ըստ որի` Տիգրան Առաքելյանը նրան  սեռական բնույթի հայհոյանքներ է տվել: Ոստիկան Նաջարյանը հակասությունը պատճառաբանեց նրանով, որ դեպքից մի քանի ամիս է անցել, եւ դա է պատճառը, որ մանրամասները չի հիշում: Նա նշեց, թե  միայն իր  նախաքննական ցուցմունքը դատախազի կողմից ընթերցվելուց հետո է հիշել, որ Տիգրանը հայհոյել է:
Երեկ հարցաքննված մյուս վկան` Արթուր Տեր-Պողոսյանը, իր ցուցմունքում հայտարարեց, որ միջադեպի ժամանակ Տիգրան Առաքելյանն իրեն ասել է. «Զորքդ հավաքի՛, ստեղից ռա՛դ էղի», իսկ ինքը մոտ տասնհինգ րոպե փորձել է  երիտասարդներին հանդարտեցնել, ամեն կերպ փորձել է «խախանդ» ձեւով խոսել  Տիգրան Առաքելյանի հետ, սակայն վերջինս կախվել է իր կրծքավանդակից:
 Տեր-Պողոսյանը նշեց նաեւ, որ միջադեպի առավել ակտիվ մասնակիցներին բերման ենթարկելու հրամանն ինքն է տվել, քանի որ այլեւս հնարավոր չի եղել նրանց հանդարտեցնել: Վերջինս վստահեցրեց, որ երիտասարդները ոստիկաններին հայհոյել ու քաշքշել են, սակայն դժվարացավ նշել, թե բացի Տիգրան Առաքելյանից, ով եւ ում է քաշքշել: Ցուցմունք տվող վկան ասաց նաեւ, որ իրենք երիտասարդներին բերման ենթարկելիս սպորտային հնարք են կիրառել: Ամբաստանյալ Արտակ Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք մազերը քաշելը սպորտային հնարք է: Տեր-Պողոսյանը նշեց, որ ոստիկանները նման բան չեն արել:
Տիգրան Առաքելյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 27-ին` ժամը 12-ին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս