«ԲՈՒՏԻԿՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու շաբաթ է, ինչ Մաշտոցի այգում օր ու գիշեր պայքարի են դուրս եկել մի շարք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի Աբովյան փողոցից առեւտրային «էլիտար» կրպակները չբերվեն ու չտեղակայվեն Մարգարյան հիվանդանոցին հարակից պուրակում, բայց չստացվեց:
Երեւանի քաղաքապետարանը, անտեսելով մշակութային գործիչների, քաղաքական կուսակցությունների եւ վերջապես Երեւանի բնակիչների դժգոհությունը, գիշերով կառուցեց կրպակները: Անգամ լրագրողներից մեկի սկսած հացադուլն անտեսվեց: Արդյունքում` ցուցարարները հանդես եկան հայտարարությամբ` նախ նշելով, որ տաղավարների կառուցումը կասեցված է: Այնուհետեւ հայտարարեցին. «Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ որ այս կրպակները եւ սրճարանի ընդլայնվող տարածքն ապամոնտաժվեն»: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ունենալու են ամենօրյա գործողությունների հստակ օրակարգ: Թե ինչ արդյունքի կհասնեն այս անգամ, ապագան ցույց կտա:
Այնուամենայնիվ,  «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երեւանի քաղաքապետարանից ճշտել` շինարարությունը կասեցված է, թե ավարտված: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետ Արթուր Գեւորգյանը տեղեկացրեց, որ շինարարությունը ոչ թե կասեցված է, այլ ավարտված:
Օրվա վերջում, երբ լուսանկարում էինք նշված տարածքը, այգում հավաքվածները շարունակում էին իրենց պայքարը՝ այս անգամ արդեն գնդակ խաղալով, կիթառ նվագելով, երգելով Ռուբեն Հախվերդյանի «Ո՞ւր է անգլուխը, քաղաքագլուխը» հայտնի երգը: Իսկ քիչ հեռու` տաղավարների կողքին, արթուն պահապան էին ոստիկանները:
Այսպիսով` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չկարողացավ հաղթահարել առաջին փորձությունը: Նա դեմ գնաց երեւանաբնակներին` կարեւորելով էլիտար կրպակատերերի քմահաճույքները: Այսուհետ տարաբնույթ բրենդների անվան տակ Մաշտոցի այգում կվաճառվի նույն թուրքական աղբը, ինչ Հայաստանի գրեթե բոլոր խանութներում:

ՄԱՆՈՒՇԱԿ ԹԱՎՐԻԶՅԱՆ
Լուսանկարը` հեղինակի




Լրահոս