ՍԵՐԺԱ՛ՆՏ-ԱՊԵՐ, ՄԻ ՀԱՏ ՈՒՌԵ՞ՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածին քաղաքի բնակիչ 24-ամյա Մուշեղ Կարապետյանն աշնանային մի օր` 2011թ. սեպտեմբերի 4-ին, որոշում է գործով իր անձնական օգտագործման ավտոմեքենայով գնալ Կապան: Գնում է, գործն ավարտում ու հետ գալու ճանապարհին մրգատու այգի է տեսնում: Սիրտը միրգ է ուզում, ու նա, մեքենան կանգնեցնելով, մտնում է մրգատու այգի:
Միրգ է քաղում, համտեսում ու այդ պահին այգու խորքում` ծառերի տակ, կանեփի թփեր է նկատում: Միանգամից նրա միտքը փոխվում է. ուտելու ախորժակը վերածվում է ուռելու ախորժակի: Արմավիրի մարզի պլանասեր բնակիչների նման նա շատ զգուշորեն քաղում է կանեփի թփերը, լցնում մի հարմար թղթի մեջ, դնում շարժիչի վրա ու մեքենայով վերադառնում հայրենի մարզ: Մինչեւ տեղ է հասնում, կանեփի թփերը չորանում են: Դրանց մի մասը Մուշեղը փշրում, լցնում է գլանակի մեջ ու ծխում, մյուս մասն էլ պահում, որ ծանոթներին պատիվ տա: Հասնում է Էջմիածին ու 2 օր անց` սեպտեմբերի 6-ին` երեկոյան ժ. 19:30-ի սահմաններում, այցելում է Հայաստանի պաշտպանության նախարարության` Արմավիրի մարզում գտնվող զորամասերից մեկը: Հսկիչ անցագրային կետի մոտ Մուշեղը հանդիպում է նշյալ զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրայր Գրիգորյանին եւ զրույցի ընթացքում հայտնում, որ իր մոտ հյուրասիրելու բան կա: Սերժանտը հյուրասիրության անունը լսում ու միանգամից համաձայնում է օգտվել դրանից: Մուշեղից Հրայրը վերցնում է թմրամիջոցը, մտնում զորամասի հսկիչ անցագրային կետի սենյակ, ծխախոտի գլանակը դատարկում ու այն թմրամիջոցով լիցքավորում: Հետո այնտեղից դուրս է գալիս, մոտենում իր հետ ծառայության մեջ` վերակարգում գտնվող Հ.Հովհաննիսյանին ու նրա հետ զրուցող Մուշեղին: Հրայրը մի քանի «ղուլաբ» քաշելուց ու օրինակ ծառայելուց հետո գլանակը փոխանցում է մյուսներին: Էդպես գլանակը մի քանի պտույտով օգտագործելուց ու գցելուց հետո հանկարծ նրանց կողքին են հայտնվում  ՊՆ Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության աշխատակիցները եւ թմրամիջոց օգտագործելու կասկածանքով վերջիններիս բերման ենթարկում ՌՈ բաժին:
Հ.Գրիգորյանի եւ Հ.Հովհաննիսյանի կողմից թմրամիջոցի ապօրինի օգտագործման  փաստով քրեական հետապնդում չի իրականացվում` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, եւ փոխարենը գրություն է ուղարկվում զորամաս` նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ Մուշեղ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար (ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 1-ին մասով) եւ նա Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արագացված դատաքննությամբ դատապարտվում է 4 տարվա ազատազրկման:
Դատարանը որպես պատիժը մեղմացնող եւ անձը բնութագրող հանգամանքներ է դիտել այն, որ Մուշեղ Կարապետյանը զղջացել է կատարածի համար, նախկինում դատված, արատավորված չի եղել, դրականորեն է բնութագրվում Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի կողմից (որտեղ հաշվառված է), խնամքին են մինչեւ 14 տարեկան մեկ մանկահասակ երեխա, կինը եւ հաշմանդամ մայրը, հայրը զոհվել է ծառայության կատարման ընթացքում: Իսկ ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի գտել:
Ամբաստանյալի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան եւ խնդրում է բեկանել դատավճիռը եւ նոր դատական ակտ կայացնել. կա՛մ պատիժը պայմանականորեն չկիրառել, կա՛մ չկիրառելու դեպքում պատիժը մեղմացնել եւ սահմանել նվազագույն`  3 տարի պատիժ:   

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս