Ռ. Քոչարյանին դուր չէր գալիս «Ազատություն» ռադիոկայանի աշխատաոճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի կողմից հանրայնացված այս փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան է: Վերջինս պատմում է Ռոբերտ Քոչարյանի հետ 2007թ. հուլիսին իր իսկ խնդրանքով կայացած հանդիպման մասին: Զրույցը ընթացել է Հայաստանում տվյալ պահին արդիական մի շարք հիմնախնդիրների շուրջ, որոնց թվում է Հայաստանում խոսքի ազատության խնդիրը: Այս համատեքստում դիվանագետը ներկայացնում է «Ազատություն» ռադիոկայանի (Ա/Ռ) հիմնահարցը, որը ենթադրում էր ոչ միայն լոկ հաճախականության փոփոխություն, այլեւ խոսքի ազատության սահմանափակում: Զեկուցագրում տեղ գտած մեջբերումներից ակնհայտ է, որ թեպետ Քոչարյանն ամեն կերպ փորձել է ձեւացնել, թե ռադիոկայանի հաճախականության փոփոխությունը կապ չունի քաղաքականության հետ, բայց, ի վերջո, չի կարողացել իրեն զսպել և անուղղակիորեն հաստատել է այդ փաստը: Հատկանշական է, որ դա նկատել է նաեւ ամերիկացի դիվանագետը, ով զեկուցագրի ավարտին հանդես է եկել բավականին հետաքրքիր մեկնաբանությամբ: Ամերիկացի պաշտոնյան նախ եւ առաջ նկատել է, որ Ա/Ռ-ը բավականին երկար պատմություն ունի եւ արդեն իսկ ավանդույթի է վերածվել Հայաստանում՝ ազատ խոսքի տարածման առումով: Նա միաժամանակ հավելել է, որ ռադիոկայանի առջեւ հարուցվող դժվարությունները բացասաբար են անդրադառնում նրա գործունեության վրա: Այս խոսքերը, սակայն, ամենեւին էլ չեն ազդել Քոչարյանի վրա, ով վճռականորեն հայտարարել է, որ Ա/Ռ-ը չի կարող հեռարձակվել հանրային ռադիոյի հաճախականությամբ: Այսուհանդերձ, Քոչարյանը հարկադրված է եղել փոխզիջման գնալ` շեշտելով, որ ռադիոկայանը Հայաստանում իսպառ չի փակվում, այլ անցնում է մասնավոր հաճախականության: Քոչարյանն անձնական երաշխիքներ է տվել, որ լրատվամիջոցը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը: ԱՄՆ պաշտոնյան ընդունելով հանդերձ Քոչարյանի երաշխավորությունը՝ նկատել է, որ մասնավոր հաճախականությամբ հեռարձակվելու պարագայում ռադիոկայանը կզրկվի իր նախկին սփռվածությունից, երբ հասանելի էր ամբողջ Հայաստանի տարաքծում: Ռոբերտ Քոչարյանին այս հանգամանքն ակնհայտորեն չի մտահոգել, քանզի ի պատասխան ամերիկացու նկատառումներին` նա հայտնել է, որ Ա/Ռ-ը չի հասնի միայն այն առանձին գյուղերի բնակիչներին, որոնց շրջանում ռադիոկայանը մեծ լսարան չունի: Մեղմ ասած, ծիծաղելի է Քոչարյանի բացատրությունը, քանզի ստացվում է, որ կարելի է լրատվամիջոցի առաջ սահմանափակումներ դնել այն պատճառով, որ ինչ-որ վայրում նրա լսարանը փոքր է: Հազիվ թե մեկը կարող է ապացուցել, որ հանրապետության նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնողի գործառույթն է ռադիոկայանների հաճախականությունը փոփոխելն ու ունկնդիրների քիմքին հաճելի դարձնելը: Ինչեւէ. Քոչարյանը պնդել է, որ այդ որոշումը ոչ մի կապ չունի ռադիոկայանի խմբագրակազմի հետ: Ավելին` «մեծն» ռադիոունկնդիրը նկատել է, որ այդ գործողությունների հիմնական նպատակն է հանրային ռադիոյի ծրագիրը բարելավելն ու ռուսական ռադիոկայաններին եթեր ունենալու հնարավորություն ընձեռելը: Նախկին վոյինի պնդմամբ՝ հանրային ռադիոյում ռուսներին եթեր չտալ հնարավոր չի եղել: Քոչարյանի կարծիքով՝ «եթե ամերիկյան ու ռուսական կայաններն այդքան շատ ժամանակ վերցնեն, ապա հայաստանյան ծրագրերի համար շատ քիչ ժամանակ կմնա»: Բայց, իհարկե, Քոչարյանը կդավաճաներ իրեն, եթե զուսպ լիներ ու չխոսեր Ա/Ռ-ի խմբագրակազմի գործունեությունից: Դժգոհելով ռադիոկայանի աշխատանքից` Քոչարյանն այն որակել է որպես «պրոպագանդա», որն ուղղված է բացառապես ՀՀ կառավարության դեմ: Քոչարյանը հավելել է, որ Ա/Ռ-ի հաղորդումները լավն են եղել մինչեւ 2002թ.-ը, որից հետո նոր խմբագրակազմն իր գործունեությունը ծավալել է բացառապես հակաիշխանական տոնայնությամբ: Նրա պնդմամբ` ռադիոկայանում «մի մարդ կա, ով առաջ է մղում իր հակակառավարական անձնական մոտեցումները` հանրայնացնելով ու խաչաձեւելով ընդդեմ Հայաստան իշխանություններին»: Ապա հավելել է, որ ինքը խնդիր չի տեսնում իր հանդեպ անձնական քննադատության մեջ, սակայն անընդունելի է, երբ լրատվամիջոցը հարվածում է Հայաստանի ազգային արժեքներին: Հատկանշական է, որ Հայաստանի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած Քոչարյանի համար կառավարությանը քննադատելը համազոր է ազգային արժեքները ոտնահարելուն: Իսկ արդյոք ազգային արժեքների հետ առնչություն ունեն ընտրությունները կեղծելը, իշխանությունը բռնազավթելն ու անզեն քաղաքացիների վրա դիմահար կրակելու հրաման արձակելը: Փաստաթղթի վերջում Փերինան, մեկնաբանելով Քոչարյանի պահվածքը, նկատել է. «Քոչարյանի կողմից ցույց տրված ջերմ վերաբերմունքն ու ընկերական կեցվածքը թյուր տպավորություն են ստեղծում` ի հեճուկս նրա որդեգրած դիրքորոշման: Նրա անփոփոխ ժպիտը, հաճելի պահվածքը ոչ մի ընդհանուր բան չունեն նրա համառ դիրքորոշումը թաքցնելու հետ: Մենք բախվեցինք նրա վճռական վերահաստատմանն ու անձնական երաշխավորությանը, որ «Ազատություն»-ը ամբողջությամբ պաշտպանված ու անվտանգ կլինի բոլոր տեսակի միջամտություններից ու առարկայական ազդեցությունից: Մենք քիչ հնարավորություն ենք տեսնում, որ Քոչարյանը փոխի իր կարծիքը ռադիոկայանն այլ հաճախականություն տեղափոխելու հետ կապված` հաշվի առնելով նրա վճռական մոտեցումն այս հարցում»: ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս