Կարող եք օրենք մշակել. ով Կովկասում զենք վաճառի, սանկցիաների կենթարկվի. Թ. Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինձ մոտ տպավորություն է, որ Կիսիլյովից հետո Դուք Ռուսաստանի soft power ներկայացուցիչն եք: Գաղափարը նույնն է, դուք խոսում եք ռուսերեն լեզվի մասին, սակայն տարբերությունն  այն է, որ նա մեծ քլունգով էր եկել, իսկ դուք ավելի մեղմ եք խոսում»,- այսօր Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի 7-րդ նիստի ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը` դիմելով ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Պողոսյանը նշեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկու երկրների հետաքրքրությունները միմյանց նկատմամբ նվազել են:  «Ասում եք` Հայաստանին ճնշելու համար Ադրբեջանի հետ կխաղամ, Ադրբեջանին ճնշելու համար Հայաստանի հետ կխաղամ: Նորմալ է, միայն Ռուսաստանը սա չի անում: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ օրինակներ ենք բերում, բայց դրանց հետևել չենք ուզում: Այն ժամանակ, երբ հազարավոր ռուսներ կգան Հայաստան՝ ծանոթ լինելով Ցեղասպանությանը, իսկ հազարավոր հայեր կմեկնեն Ռուսաստան՝ իմանալով ռուսերեն, այն ժամանակ հարաբերությունները նորմալ կդառնան», – ընդգծեց նա:

«Դուք նախկին նախարար եք, հիմա էլ շատ մոտ եք նախագահին, խորհրդական եք, կարող եք, չէ՞, նրան հուշել, ատոմային զենք տալ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, որ խաղաղությունը միանգամից հաստատվի: Կամ էլ կարող եք օրենք մշակել, որ ով Կովկասում զենք վաճառի, սանկցիաների կենթարկվի: Ես վստահ եմ, որ այդ ժամանակ ոչ մեկ զենք չի վաճառի, այդ թվում՝ Ռուսաստանը», – հայտարարեց նա:




Լրահոս