Երկրորդ «մարտի 1» եք ուզո՞ւմ. Հ. Աբրահամյանը՝ ընդդիմադիրներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախքան «Շրջանառության հարկի մասին» օրենքի ընդունումը բազմաթիվ քննարկումներ են արվել, մարդկանց բացատրել են, ու առանց քննարկման չի ընդունվել այս օրենքը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա  նշեց, որ դժգոհողներին ճիշտ չեն բացատրում օրենքում կատարված փոփոխությունը, և դա ոմանք միտումնավոր են անում:

«Գիտենք` ովքեր են ստվերում աշխատում, և սա մեկ քայլ է, որ փակենք այդ ճանապարհը: Մենք սկսելու ենք խոշորներից, չգիտեմ` ում հնարածն է, որ մենք գնալու ենք, թուրը քաշելու ենք, գցենք փոքրերի վրա, ոչ, հակառակը, նման բա չի լինելու»,-ընդգծեց նա:

Ապա դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանին՝  վարչապետն ասաց. «Այնպիսի ճամբար եք ընտրել, որ դուք այս ժողովրդի մասին մտածող եք, իսկ կառավարությունը` ոչ: Սխալվում եք` մենք ենք մտածում, դուք չեք մտածում:

Միտինգ անելով, հավաքներ անելով՝ երկրի հարց չեք լուծում: Ժողովուրդը մեզ ընտրել է, որ մենք գործ անենք այս երկրի համար: Հիմա դուք ուզո՞ւմ եք գործ անեք, թե՞ ոչ. խոսքս ուղղում եմ նաև «քառյակին»: Մենք բազմաթիվ փաթեթներ ենք բերում ԱԺ, դուք ցանկություն չեք հայտնում քննարկելու: Բա ձեր ցանկությունն ի՞նչն է, ի՞նչ եք ուզում, որ էս երկրում իշխանափոխություն ու հեղափոխություն լինի՞, չի լինելու, երկրորդ «մարտի 1» եք ուզո՞ւմ այս երկրում տեղի ունենա»:




Լրահոս