Համագործակցության ծրագրեր մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ, Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Տատյանա Զնամենսկայային:

Առաջատար մասնագետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 3-ին արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրներին նվիրված գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով:

Արմեն Մուրադյանը նշեց, որ այդ ձևաչափի հանդիպումները լավ հնարավորություն են մասնագիտական փորձի, գիտելիքների փոխանակման համար: Նա առաջարկեց սերտացնել երկու երկրների մասնագիտական միավորումների համագործակությունը:

Ներկայացնելով մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրի արձանագրած հաջողությունները` նախարարը շեշտեց, որ Հայաստանում էականորեն նվազել են մանկական և մայրական մահացության ցուցանիշները:

Տատյանա Զնամենսկայան նշեց, որ Հայաստանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ իրենց համագործակցությունը տարիների փորձ ունի:

Նրա խոսքով` իր ղեկավարած ասոցիացիան ունի մոտ 2000 անդամ: Կառույցի հիմնական նպատակը մայրերին ու նորածիններին ցուցաբերվող բժշկական օգնության բարելավումն է, հատկապես՝ 1 կգ քաշով լույս աշխարհ եկած նորածինների:

Պրոֆեսորի գնահատմամբ` Հայաստանի մասնագետները լուրջ գիտելիքներ ունեն այս ոլորտում և քննարկումները հնարավորություն կտան բացահայտելու նոր մոտեցումներ և մշակելու առաջիկա ծրագրեր:

Հանդիպմանը ներկա էին մոր և մանկան ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետներ: Անդրադարձ կատարվեց նեոնատոլոգիայի ոլորտում բժշկության ներկայիս նվաճումների ուսումնասիրման անհրաժեշտությանը, հասարակության լայն շրջանում նորածնային բժշկության վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացմանը, առողջապահական արդիական այլ հարցերի:




Լրահոս