ՏՏ ոլորտի զարգացումը տապալված է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահական նստավայրում երեկ տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ 2014 թվականի մրցանակի հանձնման արարողությունը:

Այս անգամ Սերժ Սարգսյանը մրցանակ է հաձնել բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեծ հեղինակություն վայելող աշխարհահռչակ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ, միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ Մարիո Մացցոլային:

Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի զարգացման ջատագով Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ այս մրցանակաբաշխությունը հիմնադրվեց 4 տարի առաջ եւ նպատակ ուներ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման մտավոր ներուժի վրա հրավիրել այդ բնագավառի հսկաների եւ հեղինակությունների ուշադրությունը: Եվ երեկ, երբ ամբողջ Հայաստանն ու Արցախն ալեկոծված էր ադրբեջանական զինված ուժերի կողմից զորավարժություններ իրականացնող հայկական ուղղաթիռը խոցելու փաստով, երբ մեկը մյուսի հետեւից մտահոգ հայտարարություններով էին հանդես գալիս ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն եւ անգամ Ադրբեջանում գտնվող Իրանի նախագահը (ի դեպ, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը, ինչպես միշտ, հայտնի կենդանու ականջում քնած էին), Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունելություն էր անում՝ ի պատիվ մրցանակակրի:

Իհարկե, հասկանալի է, որ այդ միջոցառումը կանխավ ծրագրված էր, եւ այն նման միջադեպի պատճառով հետաձգելը սխալ կլիներ, սակայն հետեւելով Հայաստանի ազատ, բայց դեռեւս պատասխանատու (ոչ պակաս, քան Քոչարյանի օրոք) հեռուստաեթերին, որում այս երկու իրադարձությունները հաջորդեցին միմյանց, ընդ որում, որոշ դեպքերում ուղղաթիռի մասին լուրն առաջինն էլ չէր, դժվար էր չզուգահեռել այս երկու իրադարձությունները: Այն իմաստով, որ Հայաստանի անվտանգության ամենակարեւոր բաղադրիչը ներկայումս հենց ՏՏ ոլորտում թռիչքաձեւ զարգացումն է, նոր տեխնոլոգիաների ստեղծումը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի մեր բանակի համար ապահովել նորագույն սերնդի սպառազինություն: Մինչդեռ Հայաստանի իշխանությունները, բացի ՏՏ ոլորտի զարգացման մասին դատարկաբանելուց, Չինաստանում հավաքված «հայկական պլանշետների» հաշվին փի-առ անելուց եւ յուրաքանչյուր տարի որեւէ հայտնի դեմքի մրցանակ շնորհելուց, այդպես էլ առարկայական քայլեր չարեցին՝ Հայաստանում ՏՏ ոլորտն իրապես զարգացնելու եւ երկրից ոսկե ուղեղների արտահոսքը կասեցնելու համար:




Լրահոս