ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ԿԼԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն 8-օրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն եւ ԱՄՆ: Ընդ որում, վարչապետի աշխատանքային այցերն ունեն առավել քան հետաքրքիր օրակարգ. Տ. Սարգսյանը մասնակցելու է սեմինարների, դասախոսությունների, այցելելու է թանգարաններ, իսկ ամենաբարձր պաշտոնյաները, որոնց հանդիպելու է, լինելու են ԳԴՀ Ֆրանկֆուրտի երկրամասի ղեկավարության ներկայացուցիչները: Այսինքն՝ Հայաստանի վարչապետը աշխատանքային իր այցի ընթացքում որեւէ լուրջ, պետական բարձրաստիճան պաշտոնյայի չի հանդիպելու:
Համենայնդեպս, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԳԴՀ Ֆրանկֆուրտ քաղաքում մասնակցելու է Commerzbank-ի գործարար համաժողովին, հանդիպելու է բանկի ղեկավարների հետ, Gutenberg թանգարանում մասնակցելու է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին: «ԳԴՀ այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը երկրամասի ղեկավարության եւ գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ֆրանկֆուրտի հայ համայնքի հետ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Հատկանշական է, որ այդտեղ որեւէ բառ չկա, թե կոնկրետ ում հետ է հանդիպելու վարչապետը: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները, նման անորոշ հաղորդագրություն տարածում են այն դեպքում, երբ հանդիպումը կայանալու է երկրորդական կամ երրորդական պաշտոնյաների հետ: Այս տրամաբանությամբ ստացվում է, որ Տ. Սարգսյանին չի հաջողվել հանդիպման պայմանավորվածություն կորզել անգամ այդ երկրամասի ղեկավարի հետ, այլապես հաղորդագրության մեջ նշված կլիներ, թե կոնկրետ ում հետ է հանդիպելու:
Առավել ուշագրավ է ԱՄՆ այցի օրակարգը: Տ. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ԳԴՀ-ից ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգ կմեկնի դեկտեմբերի 8-ին: Այնտեղ նա այցելելու է Կալտեք համալսարան, հաջորդ օրը լինելու է Գեթթի թանգարանում: Այցելելու է նաեւ Սթենֆորդի համալսարան, Հարվարդի համալսարան՝ սեմինարի, հետո՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, IBM, Intel, «Plug and Play» ընկերություն: Եւ միայն դեկտեմբերի 14-ին կվերադառնա Երեւան:
Վարչապետից բացի, պատվիրակության կազմում են լինելու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը եւ այլք:
Հասկանալի է՝ Տ. Սարգսյանը փորձում է գրագետ մարդու իմիջ ձեւավորել՝ ցույց տալով, որ ինքը մի շաբաթ շարունակ կարող է շրջագայել արեւմուտքի հեղինակավոր համալսարաններում, մասնակցել սեմինարների, նույնիսկ հանդես գալ ելույթներով: Միայն թե, Տ. Սարգսյանի այդ հաճույքները, սեմինարներին մասնակցությունը կամ օտարերկրյա թանգարաններ այցելությունները ՀՀ պետական բյուջեի վրա ահռելի գումարներ են արժենում: Այլ կերպ ասած՝ վարչապետը ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից գոյացած գումարները ծառայեցնում է իր հաճույքներին ու շրջագայություններին:
Հ.Գ. Ի դեպ, կարծիք կա, որ միջազգային այդ սեմինարներից հետո վարչապետի կողմից ՀՀ քաղաքացիների համար դասախոսությունների նոր շարք է սպասվում: Ենթադրվում է՝ այս անգամ դրանք չեն վերաբերելու կովի կրծքերը գոլ ջրով լվանալուն եւ փափուկ սրբիչով չորացնելուն. համենայնդեպս, նրա օրակարգում չկան գյուղատնտեսական «ոլոլորտի» սեմինարներ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս