Շխմուրադի վանական համալիրի վերանորոգման համար հարկավոր է 100 հազար դոլար. ահազանգում է գյուղապետը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ մերօրյա մեծահարուստները եկեղեցիներ են կառուցում, դրանց շինարարության եւ օծման համար մեծ գումարներ ծախսում, Հայաստանի սարերում եւ անտառներում գտնվող հնամենի վանքերը քանդվում են: Դրանք հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային հարստությունն են, սակայն կարծես ոչ ոքի չեն պատկանում, որովհետեւ դրանք նորոգելու, պահպանելու համար ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում:

Այդպիսի նշանավոր կոթողներից է Շխմուրադի վանական համալիրը, որը կառուցվել է 12-13-րդ դարերում: Այն գտնվում է Հախում գետի հովտում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղից 6 կմ հարավ-արեւմուտք: Համալիրը կազմված է եկեղեցուց, մատուռից եւ երկու գավիթներից: Վանական համալիրի գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է մոխրագույն ֆելզիտից,1181թվականին:

3ae4786804

Այն գմբեթավոր դահլիճ է՝ ավագ եւ չորս փոքր խորաններով: Եկեղեցու պատերին կան վիմագրություններ, որոնց մեծ մասն արդեն ջնջվել է: Գլխավոր եկեղեցուց ոչ հեռու գտնվում է կիսաքանդ մատուռը՝ խորանիկը, որը, արեւմտյան պատի արձանագրության համաձայն, կառուցվել է 1149թ.: Վանքի պարսպապատից միայն ավերակներ են մնացել: Համալիրի տարածքում կան գեղաքանդակ խաչքարեր, որոնց շարքում է հռչակավոր վարպետ Կիրամի կիսաքանդ խաչքարը:

maxresdefault

Վերին Ծաղկավան համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը ահազանգում է Շխմուրադի վանական համալիրի աղետալի վիճակի մասին եւ այն հիմնանորոգելու համար աջակցություն խնդրում: Համայնքի ղեկավարը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ վանական համալիրը գտնվում է Վերին Ծաղկավանի վարչական տարածքում, մշակույթի նախարարության իրավասության ներքո: Նա ասաց, որ վանական համալիրը փլուզման եզրին է: Համայնքապետի խոսքով` Շխմուրադ տանող ճանապարհը վատ վիճակում չէ, վանական համալիրի կողքին նաեւ հին բնակատեղիի ավերակներ կան:

14

Ա. Ղազարյանի հաշվարկներով՝ Շխմուրադի վանական համալիրի վերանորոգման համար հարկ կլինի ներդնել 100 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար: Մեր հարցին, թե ումի՞ց է ակնկալում այդ աջակցությունը, գյուղապետը պատասխանեց, որ դիմել են տարբեր ատյանների եւ հույս ունեն, որ համագյուղացի, «Իդեալ» համակարգի սեփականատեր Նորայր Խաչատրյանը մեծապես կօգնի նշանավոր վանական համալիրը փրկելու գործում: Նշենք, որ Նորայր Խաչատրյանի հատկացրած ֆինանսական միջոցներով է կատարվել նաեւ Բերդի տարածաշրջանի Նոր Վարագավանքի հիմնանորոգումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ն. Խաչատրյանը Նոր Վարագավանքի վերանորոգման համար տրամադրել է 1 միլիոն դոլարին համարժեք գումար:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս