ՉԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2010թ. սեպտեմբերի 4-ի գիշերն Իջեւանի Մետաղագործների-58 հասցեում թունավորել են Գանձաքարի նախկին գյուղապետ Անաստաս Հակոբյանի 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուններին եւ 68 խոզերին` տիրոջը պատճառելով 5,5 միլիոն դրամի վնաս: Ա. Հակոբյանը Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնին տեղեկացրել է, որ դեպքի մասին ինքը նույն օրը հաղորդել է ոստիկանության Իջեւանի բաժին, սակայն այդ օրը նրա հաղորդագրությունը ոստիկանությունում չեն ընդունել եւ համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել: Հակոբյանը սեփական նախաձեռնությամբ նմուշներ է վերցրել անկված անասունների մսեղիքից, անասունների այդ օրվա կերից, խմելու ջրից եւ ստուգման տարել հանրապետական անասնաբուժական համաճարակային եւ ախտորոշիչ կենտրոն: 2010թ. սեպտեմբերի 6-ին, ստուգման արդյունքները ստանալով, նա ներկայացրել է ոստիկանության Իջեւանի բաժին, որից հետո ոստիկանությունում այդ նյութերը գրանցել են: Չանցած մեկ ամիս՝ փոխվել է գործով քննիչը, եւ քրեական գործի վարույթը կասեցվել է: Մեկ տարի ութ ամիս անց  Ա. Հակոբյանն ինքնուրույն ձեռնարկել է գործի բացահայտման միջոցառումներ: Նա գրավոր դիմել է Իջեւանի ոստիկանության բաժին եւ Տավուշի քննչական բաժին` նշելով այն վկայի անունը, որի միջոցով կարող է գործը բացահայտվել, սակայն վկան չի հրավիրվել եւ չի հարցաքննվել: 2012թ. հունվարի 12-ին Իջեւանի երկու բնակիչներ գրավոր հայտարարություն են ներկայացրել Ա. Հակոբյանին, որ լուրեր ունեն այն մասին, թե նրա անասունները ում միջոցով են թունավորվել: Մայիսի 13-ին Հակոբյանը ստիպված դիմել է Տավուշի մարզի դատախազին եւ մայիսի 21-ին պատասխան ստացել, որ իր դիմումի պատասխանը կստանա ոստիկանության Տավուշի քննչական բաժնից: Հակոբյանը դիմել է Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոն: Կենտրոնն այդ դիմումն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազին, վերջինս էլ գրությունը հասցեագրել է Տավուշի մարզի դատախազություն:  2012թ. օգոստոսի 8-ին Տավուշի մարզի դատախազի տեղակալ Աշոտ Գեւորգյանը մարզի քննչական բաժնի պետ Կ. Հակոբյանին է ուղարկել Ա. Հակոբյանի դիմումը՝ այն իրենց վարույթում գտնվող քրգործին կցելու եւ համատեղ ընթացք տալու համար: Ա. Հակոբյանն  ասաց, որ ներկայում քրգործը նոր, երիտասարդ քննիչի են տվել՝ Գասպարյան ազգանունով, որը բազմաչարչար գործով արդեն երրորդ քննիչն է: Հակոբյանն ասում է, որ ինքը Տավուշի քննչական բաժնում ցուցմունք է տվել, հայտնել գործի բացահայտման համար կարեւոր անուններ, փաստեր, նշել կարեւոր 3-4 վկաների անուններ, սակայն ոստիկանությունը, ըստ էության, չի զբաղվում գործի քննությամբ: Հարց է ծագում. ոստիկանությունը չի՞ ուզում, թե՞ չի կարողանում բացահայտել այս գործը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարում է, որ ոստիկանությունը քաղաքացիների բողոքները, դիմումներն անպատասխան չի թողնում, ոչ մի հանցագործություն չի անտեսում: Տեսնենք, թե այս բազմաչարչար գործով ոստիկանության խոսքն ու գործը որքանով են համընկնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս