Նոր Սահմանադրությունը բավարարելու է բոլոր «տիտուլավորների» ախորժակը` դրա դիմաց երկիրը տանելով «կայուն մեծամասնության» բռնապետության. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին` ինչպես միշտ հանդես գալով յուրօրինակ մեկնաբանություններով: Նախ` խոսելով Աժ-ում կայուն մեծամասնությունն ամրագրող 89 -րդ հոդվածը նախագծից հանելու եւ ընտրական օրենսգրքին թողնելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հորդորի մասին` նա ասում է, թե դա հնարավոր չէ, քանի որ ընտրական օրենսգիրքը կարող է փոփոխվել, մինչդեռ Սահմանադրությունը ավելի կայուն է: Սակայն արդեն հաջորդ հարցի պատասխանում նա հայտարարում է, թե «եթե խնդիրը ձեր ասած խնդիրն է, դրա համար ժամանակ ունենք, կարող են առաջարկություններ անել, ավելի լավ մոդելներ գտնել»:

Փաստորեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքն առ ոչինչ համարելուց հետո, ըստ Գալուստ Սահակյանի՝ իշխանությունները լսելու են ՀՀ քաղաքական ուժերի առաջարկությունները: Իհարկե, ինքնին հասկանալի է, որ Գրիգորիչի այս հայտարարությունն ուղղված է Սահմանադրության փոփոխության գաղափարին ի սկզբանե «ոչ» ասող ուժերին եւ նպատակ ունի նրանց եւս քննարկումների դաշտ բերել. «Այսօր խոսում են նրանք, ովքեր Սահմանադրությունը ընդհանրապես չեն կարդացել եւ իրենց «ոչ»-ի պոչից բռնած՝ մտածում են, որ բոլորը կասեն ոչ,-ընդգծում է Սահակյանը` երկրորդելով,-մտահոգություն ունեն՝ թող առաջարկություններ անեն: Ապա հարցին, թե արդյոք այդ առաջարկությունները կընդունվեն, Սահակյանը, առանց որեւէ անհարմարության, պատասխանում է` իհարկե:

Այստեղ հարց է առաջանում՝ եթե իշխանություններն այդքան պատրաստակամ են ընդունել քաղաքական ուժերի առաջարկները, ապա ինչու մասնագիտական հանձնաժողովի կողմից դա չի արվել մինչ օրս. ի վերջո, շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժեր տարբեր առաջարկություններ էին ներկայացրել, որոնց նվազագույն մասն անգամ այսօր ներառված չէ նոր սահմանադրության նախագծում: Եվ առհասարակ, ում առջեւ են փորձում ձեւեր թափել ՀՀԿ-ականները եւ ինչ նպատակով: «Այն տեսակետները, որոնք բխում են նեղ կուսակցական շահերից, դրանք մեզ համար ընդունելի չեն»,-հաջորդիվ վստահեցնում է ԱԺ նախագահը:

Հետաքրքիր է՝ հասարակական ծաղրի նմանվող այս հայտարարությամբ նա, փաստորեն, համարում է, թե հանրությունն այնքան տգետ է, որ չի հասկանում` այս ամբողջ Սահմանադրությունը` ծայրեծայր, գրված է՝ ելնելով կոնկրետ մեկ քաղաքական ուժի` ՀՀԿ-ի նեղ կուսակցական շահերից, թե իրականում այն աստիճան չի արժեւորում իր խոսքը, որ նման պնդումներ է անում:

Անկախ ամեն ինչից` Գ. Սահակյանն իրավացի է մեկ ընդդիմության հարցում` պնդելով, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը. «Տիտուլավոր տեղ զբաղեցնելու համար պատրաստ է ամեն ինչ անել»: Եվ հենց այս հանգամանքի վրա էլ արված է իշխանության ողջ հաշվարկը` նոր Սահմանադրությամբ բավարարելու բոլոր «տիտուլավորների» ախորժակը` դրա դիմաց երկիրը տանելով «կայուն մեծամասնության» բռնապետության:




Լրահոս