ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանին «քցել» են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ պատգամավորը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին՝ պահանջելով իր հասանելիք հողատարածքը:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014 թվականի հունվարի 31-ին ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հայտնելով, որ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին «Քաղաքային ունիվերսալ բազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, որի հիմնադիրներից մեկն ինքն է, կնքվել է հողամասի առքուվաճառքի պայմանագիր: Արդյունքում, ԱԺ պատգամավորը «Քաղաքային ունիվերսալ բազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից որպես սեփականություն ձեռք է բերել Երեւան քաղաքի էրեբունու համայնքի Արին Բերդի 14 հասցեում գտնվող պահեստային բազան, որը բաղկացած է եղել 28601.5 քմ րնդհանուր մակերեսից, եւ սեփական հողամաս՝ 6.4225 հեկտարից:
Ավելի ուշ՝ 2013թ., պատգամավորը պարզել է, որ փաստացի հողամասի չափը զգալի տարբեր է փաստաթղթով ձեռք բերվածից: Վերջինս համոզված է եղել, որ Կառավարության որոշմամբ ձեռք է բերել սահմանված չափով հողամաս, սակայն փաստորեն ձեռք է բերել ավելի փոքր չափի հողամաս, որի գինը պետք է կազմեր զգալիորեն ավելի քիչ գումար, քան նա վճարել է: Նշենք, որ ձեռք բերած հողատարածքի համար պատգամավորը վճարել է 27 միլիոն 170 հազար դրամ:
Նկատենք, որ Աբրահամ Մանուկյանը գործարքը կատարել է 2006 թվականին եւ դատարան է դիմել 10 տարի անց միայն: Հետաքրքիր է՝ պատգամավորը մինչ այդ չի՞ հասկացել, որ իրեն պակաս հողատարածք են տրամադրել: Ստացվում է, որ ոչ:
Իսկ ինչպես է հասկացել, որ իրեն «խաբել են»: Պարզվում է, որ 2013 թվականին պատգամավորը որոշել է իր գնած հողատարածքում անհրաժեշտ չափագրումներ իրականացնել եւ այդ ժամանակ էլ գլխի է ընկել, որ իրեն «քցել» են: Ասել է թե՝ փաստաթղթերով իրեն մեծ չափերով հողատարածքի թվեր են ներկայացրել, մինչդեռ իրականում այն փոքր է:
Եվ, ահա, ստեղծված իրավիճակից ելնելով՝ Աբրահամ Մանուկյանը դիմել է Կենտրոն դատարան` պահանջելով Երեւանի քաղաքապետարանին իրեն ոչ լիարժեք տրված ապրանքը լրացնել: Արդյունքում գործը նախագահող դատավոր Ռուբեն Ներսիսյանը 8 ամիս տեւած դատաքննությունից հետո վճիռ է կայացրել ԱԺ պատգամավորի հայցը բավարարել եւ պարտավորեցնել Երեւանի քաղաքապետարանին, որ Աբրահամ Մանուկյանին հատկացնեն 2005թ-ից Կառավարության որոշմամբ նախատեսված 6.4225 հողամասի դեռեւս չտրված` 0.4380 հողատարածքը:
Տպավորությունն այնպիսին էր, որ Աբրահամ Մանուկյանը դատարանի միջոցով հասել է իր ուզածին, սակայն Երեւանի քաղաքապետարանը չի հաշտվել Կենտրոնի դատարանի որոշման հետ եւ որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում: Արդյունքում էլ վերաքննիչ դատարանի դատավորներ Ն. Բարսեղյանը, Հ. Ենոքյանը, Գ. Մատինյանը որոշել են Երեւանի քաղաքապետարանի բողոքը բավարարել եւ գործն ուղարկել Կենտրոն դատարան՝ նոր քննություն իրականացնելու համար:
Ասել է թե՝ պատգամավոր եւ քաղաքապետարան կռիվը նոր ընթացք է ստանում: Կենտրոնի դատարանում այս գործով դատաքննությունը դեռ շարունակվում է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աբրահամ Մանուկյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Չեմ կարծում, որ ինձ դիտավորյալ են քիչ տարածք հատկացրել, սակայն փաստաթղթերով այլ տվյալներ գրել: Կարծում եմ՝ այն ժամանակվա չափագրումները տեխնիկական այլ միջոցներով են արել, հիմա տեխնիկական այլ միջոցներ կան: Ամեն դեպքում մեխանիկորեն 3000-5000 քառակուսի քիչ են տրամադրել: Կենտրոն դատարանը իմ օգտին վճիռ կայացրել է, տեսնենք, թող էլի քննեն, փաստաթղթերն ուսումնասիրեն եւ կտեսնենք, թե ինչ կլինի: Համենայնդեպս, այս ամենում հարյուր տոկոս ես դիտավորություն չեմ տեսնում»:
Ո՞ւմ օգտնին որոշում կկայացնի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը, եւ արդյո՞ք ԲՀԿ-ական պատգամավորը կստանա իրեն հասանելիք հողատարածքը, դեռ վաղ է ասել: Սպասենք դատարանի վճռին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԱՌԱՎԵԼ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԸ
Սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությանի որդու` Շահենի հետ տեղի ունեցած միջադեպի մասին հակասական տեղեկություններ տարածվեցին: Ուստի «ժողովուրդ»-ը զրուցեց Շահեն Հարությունյանի հետ՝ հասկանալու համար, թե ով կամ ովքեր կարող էին իրեն ծեծի ենթարկել եւ, առհասարակ, իրեն ծեծի ենթարկե՞լ են, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Հայաստան-Դանիա ֆուտբոլային խաղի ժամանակ Շահեն Հարությունյանին էր մոտեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ասել, որ նա ցած իջնի. «Իջա, մի քանի րոպե զրուցեցինք: Զգուշացնում էր ինձ, որ չկրկնեմ նախորդ անգամվա իմ ակցիան: Դե, քանի որ ես մտադրություն չունեի ներխուժել դաշտ, հետեւաբար իմ եւ ՀՖՖ նախագահի միջեւ եղած խոսակցությունը նորմալ ավարտ ունեցավ, եւ ես իրեն տեղեկացրեցի, որ նման մտադրություն չունեմ»:
Նշենք, որ 2015 հունիսի 13-ին Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ Շահենը մտել էր խաղադաշտ եւ ակցիա իրականացրել, ավելի ուշ ոստիկանները նրան դուրս էին բերել, ինչից հետո «Ֆիֆան» Հայաստանին տուգանել էր 25.000 եվրոյով:
Շահենի պատմելով՝ խոսակցությունից հետո սկսվել է ընդմիջումը, եւ նա որոշել է գնալ հյութ գնելու. «Երբ տեղաշարժվեցինք, մեր հետեւից սկսեցին գալ 4 համազգեստով ոստիկան եւ 4 քաղաքացի: Անդադար հետապնդում էին ամբողջ մարզադաշտում: Երբ հասանք այն կետին, որտեղ վաճառում էին հյութեր, այդ հատվածի կարգադրիչը իմ եւ ընկերոջս հրեց եւ փակեց դարպասը՝ արգելելով այդտեղ մտնել: Նստեցի ոչ իմ տոմսին նախատեսված կարգում եւ նստարանին, որ գոնե վերեւից կարողանամ դիտել: Մոտեցան մի խումբ կարգադրիչներ եւ հարցրին՝ տոմս ունեմ, թե չէ: Տոմսս տեսնելով՝ ասեցին, որ իմ տեղում պիտի նստենք: Եվ երբ մենք համաձայնության եկանք, որ ես եւ ընկերներս նստում ենք մեր տեղում, չշարժվելու պայմանով, ոստիկանությունը չի խոչընդոտում մեր դիտումը, շարժվեցինք դեպի մեր տեղերը: Երբ հասանք դեպի տրիբունա բարձրացող աստիճաններին, քաշքշուք սկսվեց, հրմշտոց, միանգամից սարսափելի թվով ոստիկաններ եւ կարգադրիչներով շրջապատեցին, օլորելով թեւերս, հրեցին աստիճաններից ցած»: Ըստ Շահենի. «Չեմ կարծում, որ ոստիկանները կամ կարգադրիչները Ռուբեն Հայրապետյանի հրահանգով են գործել , քանի որ ես խոսել էի Ռուբեն Հայրապետյանի հետ, եւ ամեն ինչ լուծված համարվեց»: Նշենք, որ տեղի ունեցած միջադեպի համար Շահենը չի դիմել ոստիկանություն, քանի որ չի հավատում մեր երկրի արդարադատությանը:
Հավելենք, որ տեղի ունեցածի արդյունքում Շահենի ոտնաթաթը ստացել է 2-րդ աստիճանի սալջարդ: Բժիշկները նշանակել են 3-4 շաբաթ անկողնային ռեժիմ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԻՆՔՆԱԳՈՎԱԲԱՆԱԿԱՆ
2009 թվականին, երբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նոր էր սկսում իր աշխատանքը Հայաստանում, տարեկան գրանցվում էր գնացքների գծերից դուրս գալու 96 դեպք, 2014-ին գրանցվել էր միայն 9 դեպք, իսկ այս տարի նման դեպքեր առհասարակ չեն արձանագրվել: Այս մասին երեկ ասել է ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը` ընդգծելով, որ 2008 թվականին գրանցվել էր անբավարար գնահատական ունեցող 236 կիլոմետր գիծ, իսկ ներկա պահին նման կիլոմետրերը միայն 6-ն են:

 

ՄԵՂՎԻ ԽԱՅԹՈՑԻՑ
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:45-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «խնձորանոց» կոչվող հատվածին հարակից ձորակում մեղվի խայթոցից մահացել է 1955 թ. ծնված Մ. Մ.-ը, որի դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատ:

 

ՀԱՆԴԱՐՏ Է ԵՂԵԼ
Սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է եղել։
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը «Ազատության»-ը փոխանցել է, որ հակառակորդի կողմից արձակվել են միայն անկանոն կրակոցներ։

 

ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈԽՎԵԼ Է
«Հայ-թուրքական հարաբերությունները Ցեղասպանության 100-ամյակի տարելիցից հետո. նշանակությունը, հիշողությունը եւ քաղաքականությունը» անվանումով կոնֆերանսի ժամանակ «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե պետք է պատրաստ լինել հայ-թուրքական հարաբերությունների` հնարավոր հալեցման շրջանին: Նրա խոսքով` վերջին տարիներին Թուրքիայում տեղի են ունեցել փոփոխություններ, եւ այսօրվա Թուրքիան այլ է:

 

ԿԳՆ-Ն ՄԵՂԱՎՈՐ ՉԷ՞
Վերջին հինգ տարիների ընթացքում 13 դպրոց է փակվել, սակայն ՀՀ ԿԳ նախարարն այդ հարցում նախարարության մեղքը չի տեսնում. «Մենք ի՞նչ մեղավոր ենք, որ երեխաների թիվը նվազում է: Դպրոց չկա, որովհետեւ երեխա չկա, իսկ երեխա չկա, որովհետեւ չեն ծննդաբերում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ եթե փակելու լինեին, առնվազն 100 դպրոց այս պահի դրությամբ պետք է փակեին՝ ֆինանսական խնդիրները հաշվի առնելով. «Սակայն վերջին տարիներին բացառիկ դեպքեր են գրանցվել, երբ այս կամ այն դպրոցը փակել ենք »,- ընդգծել է Ա. Աշոտյանը:

 

ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ
Երեկ Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Մերձավոր Արեւելքում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին: Այն բացել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով ընդգծել է, որ իրավիճակը պահանջում է հրատապ արձագանք, քայլեր՝ Մերձավոր Արեւելքում փոքրամասնությունների գոյությունը ապահովելու համար։ Ֆրանսիայի եւ Հորդանանի արտգործնախարարների նախագահությամբ կայացած համաժողովին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԳ նախարարը:




Լրահոս