Տիգրան Սարգսյանը վերադառնում է «պատվավոր աքսոր»-ից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանում տեղի ունեցած ԵՏՄ վեհաժողովի ընթացքում երեկ կայացվել է անսպասելի որոշում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվել է Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ նա ընդամենը մեկ տարի առաջ էր նշանակվել այդ բարձր դիվանագիտական պաշտոնում, որն, իհարկե, նրա` վարչապետական աթոռից զրկվելուց հետո շատերի մոտ ընկալվում էր իբրեւ «պատվավոր աքսոր»:

Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում Տիգրան Սարգսյանի մասին հանրությունը հիշում էր հիմնականում «օֆշորի» հայտնի գործով դատավարության շրջանակներում, եւ որեւէ մեկը, հատկապես նախկին վարչապետի քաղաքական հակառակորդները, չէին կարող պատկերացնել, որ նա ոչ միայն այսքան արագ կվերադառնա, այլեւ դա կանի ԵՏՀ նախագահի կարգավիճակում, այն էլ` Վլադիմիր Պուտինի հատուկ հավանությամբ, ինչի մասին երեկ ընդգծեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ասելով. «Նրա թեկնածությունը պաշտպանել է Ռուսաստանի նախագահը, ով նրա հետ աշխատել է: Ասում են՝ շատ փորձառու, զարգացած մասնագետ է»:

Այսպիսով` ինչ նպատակ է հետապնդում Տիգրան Սարգսյանի այդ «հաղթական վերադարձը»: Ինքնին հասկանալի է, որ այդ պաշտոնին նա չէր կարող նշանակվել` առանց Սերժ Սարգսյանի երաշխավորության: Հետեւաբար այս նշանակմամբ Հովիկ Աբրահամյանին, ըստ էության, կրկին դարձնելով Տիգրան Սարգսյանի ենթական, Սերժ Սարգսյանը շատ կոնկրետ ներքաղաքական վերադասավորում է կատարում, որի վերջնանպատակն, ի դեպ, կարող է առնչություն ունենալ Ս. Սարգսյանի կողմից սեպտեմբերի վերջին ԱՄՆ Քարնեգի հիմնադրամում արած այն հայտարարության հետ, թե նա գիտի` ով է լինելու Հայաստանի հաջորդ առաջնորդը:

Իսկ առայժմ այս նշանակմամբ Սերժ Սարգսյանը սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարի պաշտոնին առանձնապես բուռն չձգտող Հովիկ Աբրահամյանին (երեկ նա այդ մասին շատ թեական խոսեց` ընդգծելով, թե այդ նշանակումը չպետք է խանգարի իր գործունեությանը Կառավարությունում) բավականին անհարմար վիճակի մեջ է դնում թե՛ մարդկային, թե՛ քաղաքական առումներով: Այսուհետ Տիգրան Սարգսյանի դեմ խոսել կամ նրա դեմ որեւէ քայլ անելը հավասարազոր է լինելու ԵՏՄ-ի եւ Պուտինի ընտրության դեմ քայլ անելուն, ինչը, բնականաբար, Աբրահամյանն իրեն թույլ տալ չի կարող: Ուստի նրան այլ ելք չի մնում, քան խոնարհ կերպով աշխատել իր հին ու նոր վերադասի հետ` մինչեւ իրավիճակի հետագա հստակեցումը:




Լրահոս