ՎՃԱՐՈՎԻ ԿԱՆԳԱՌ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՄՈՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթ ահազանգեց մի քաղաքացի եւ վրդովված պատմեց, որ Էջմիածնի Մայր տաճարի դիմաց գտնվող ավտոկայանատեղիում մեքենան 10 րոպե կանգնեցնելու համար 200 դրամ է վճարել. «Մտա եկեղեցի, մոմ վառեցի, դուրս եկա, ասում են՝ 200 դրա՛մ տուր, 10 րոպե կանգնել ես: Փաստորեն, Աստծո մոտ գնալն էլ են սարքել փողով: Էս ի՞նչ երկիր է»: «Ժողովուրդ»-ի թղթակիցն անմիջապես մեկնեց Էջմիածին՝ ստուգելու՝ քաղաքացու դժգոհությունը որքանով է տեղին: Այնտեղ նաեւ մեր մեքենայից 200 դրամ գանձեցին Մայր տաճարի հարակից ավտոկանգառում կայանելու համար:
Խնդրի առնչությամբ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց. «Այնտեղ համակարգիչ կա, որը ֆիքսում է, թե մեքենան երբ է մտնում եւ երբ է դուրս գալիս: Մինչեւ տասը րոպե կայանելն անվճար է, հենց տասը րոպեն լրացավ եւ թեկուզ մեկ վայրկյան, համակարգիչը հաշվում է այն եւ գանձում ընդամենը 100 դրամ: Յուրաքանչյուր ժամի համար գանձվում է 100 դրամ: Իսկ կտրոնը պարտադիր պետք է տան մեքենայի տիրոջը, որտեղ նշված է մեքենայի կայանատեղի մտնելու եւ դուրս գալու ժամանակահատվածը»: Իսկ ո՞ւր են գնում այդ փողերը: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Կանգառը նոր է սկսել գործել, դեռ մեկ ամիս չկա, իսկ գումարները ծառայում են եկեղեցու գործունեության եւ ծրագրերի իրականացման նպատակով»: Եվ այսքանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը դեռ խոսում են զբոսաշրջության զարգացման մասին: Ահա թե ինչպես են զբոսաշրջիկներին գայթակղում սուրբ քաղաքում:




Լրահոս