ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ՝ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈ՞Ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ին՝ մեռելոցի օրը, Նուբարաշենի գերեզմանատանն արտառոց դեպք է տեղի ունեցել: Այգեստանի բնակիչ 59-ամյա Սուսաննա Այդինյանն իր աղջիկ թոռնիկի հետ գնացել է գերեզմանատուն եւ այնտեղ հանդիպել  իր նախկին փեսային: Զոքանչի եւ փեսայի միջեւ սկսվել է վեճ, եւ փեսան` Արմավիրի բնակիչ Մանուկ Մկրտչյանը, ծեծի է ենթարկել զոքանչին ու առեւանգել դստերը:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Սուսաննա Այդինյանը հազիվ էր կարողանում զսպել արցունքները: Նրա պատմելով` իր դուստրը` Արմինե Բարսեղյանը, հարս է գնացել  Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղ, սակայն փեսան` Մանուկը, շատ վատ է վարվել իր դստեր հետ եւ թույլ չի տվել, որ նա հաճախակի այցելի իր մորը. «2006թ. տղա թոռնիկիս մոտ առողջական խնդիրներ առաջացան, եւ աղջիկս իր երկու երեխաների հետ միասին եկավ քաղաք` իր մայրական տուն, եւ մենք սկսեցինք զբաղվել երեխայի առողջականով»:
Ըստ մեր զրուցակցի` 9 ամիս իր թոռնիկները մնացել են քաղաքում, եւ այդ ընթացքում փեսան ոչ մի անգամ չի եկել ու չի հետաքրքրվել իր երեխաներով. «9 ամիս հետո եկավ, վերցրեց կնոջն ու երեխաներին եւ ասաց, որ էլ չեք գա քաղաք, ձեր տունը գյուղում է, մնացե՛ք այնտեղ»:
Այս ամենից հետո ընտանիքում սկսվել են անհաշտությունները, ամուսինն անընդհատ նվաստացրել եւ ծեծել է կնոջը: Ըստ տիկին Սուսաննայի` փեսայի հարազատներն ամեն ինչ արել են իր դստեր կյանքը թունավորելու համար. «Ամեն օր ծեծուջարդ, սարսափելի վատ պայմաններ, ու աղջիկս, հայտնվելով հոգեկան անհավասարակշիռ ու չպաշտպանված վիճակում, երեխաներին թողեց ու փախավ տնից»:
Հաշվի առնելով այն փաստը, որ մայրն է լքել երեխաներին, նրանց խնամակալ է ճանաչվել հայրը:
«Երբ մենք իմացանք այս մասին, դիմեցինք Արմավիրի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջեցինք, որ երեխաներին հանձնեն մորը: Դատարանը մերժեց մեր դիմումը եւ հիմք ընդունելով հոգաբարձուի կողմից ներկայացված թուղթը՝ որոշեց, որ երեխաները պետք է շարունակեն մնալ հոր մոտ, իսկ մայրը կարող է շաբաթվա մեջ երկու անգամ այցելության գնալ»,-պատմեց Տիկին Սուսաննան:
Թեեւ Արմինեին իրավունք է տրվել տեսակցել երեխաներին, սակայն նրա ամեն մի  այցելությունը երկու ընտանիքների միջեւ վերածվել է ծեծկռտուքի:
«Փեսաս երկրորդ անգամ է ամուսնացել, եւ նրա երկրորդ կինը` Ալվինան, թոռնիկներիս շահագործում է, երեխաները նիհարել են, ատամները՝ փչացել, ու մենք ոչ մի կերպ չենք կարողանում նրանց մեր ուզած ձեւով խնամել: Երեխաները վախվորած են, որ գոռում են թոռնիկներիս վրա, վախից քարանում են»,-շարունակեց ներկայացնել մեր զրուցակիցը:
Երկու ընտանիքների միջեւ հակամարտությունն այսքանով չի ավարտվել: Ըստ Սուսաննայի՝ իր դուստրը երեխաներին տեսնելու նպատակով այցելության  է գնացել դպրոց եւ իր աղջկա հետ միասին հեռացել գյուղից. «Փեսաս դիմել է ոստիկանություն, թե երեխային առեւանգել են: Ախր ճի՛շտ հասկացեք, նա մեր երեխան էլ է, ինչո՞ւ մայրը չի կարող իր երեխայի հետ լինել: Այդպես երկու ամիս թոռնիկս մնաց մեզ մոտ ու շատ լավ էր զգում իրեն»: Սակայն դստերն «առեւանգած» մորը չի հաջողվել երեխային երկար պահել իր մոտ:
Սուսաննան, ինչպես արդեն նշեցինք, ապրիլի 1-ին իր աղջիկ թոռնիկի հետ գնացել է Նուբարաշենի գերեզմանատուն եւ այնտեղ հանդիպել իր նախկին փեսային: Զոքանչի եւ փեսայի միջեւ սկսվել է վեճ, փեսան ծեծի է ենթարկել զոքանչին ու տարել իր դստերը:
Մեր զրուցակցի հավաստմամբ` իր փեսան շատ լավ հովանավորներ ունի եւ կարողանում է ամեն ինչ անել, որ երեխաներն իր մոտ մնան. «Փեսայիս երկրորդ կինը բարեկամական հարաբերությունների մեջ է զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, ու մի անգամ, երբ դատարանում էի, դատավորներից մեկն ինձ ասաց, որ իր շեֆն իրեն ասել է, թե ամեն ինչ կանեք, որ երեխաները մնան հոր մոտ»:
Սակայն, ըստ մեր զրուցակցի, միայն զինդատախազ Գեւորգ Կոստանյանը չէ, որ շահագրգռված է երեխաներին մորից զրկելու հարցում: Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը եւս իր փեսայի հետ բարեկամական կապ ունի եւ ամեն ինչ անում է ընդդեմ իր դստեր:
Տիկին Սուսաննան նշեց, որ պայքարելու է մինչեւ վերջ՝ երեխաներին մոր խնամակալությանը հանձնելու համար եւ պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան:
Կատարվածի շուրջ զրուցեցինք նաեւ երեխաների հոր` Մանուկ Մկրտչյանի հետ: Վերջինիս խոսքով` իր կինն այլ տղամարդու հետ փախել է գյուղից, իսկ ինքն էլ ստանձնել է երեխաների խնամակալությունը: «Երեխաները չեն ցանկանում տեսնել իրենց մորը: Իսկ այն, որ իբր թե ես հովանավորներ ունեմ ու ամեն ինչ անում եմ, որ երեխաներին զրկեմ իրենից, սուտ է: Ամեն ինչ օրենքի շրջանակներում է»,-ասաց Մանուկը` հավելելով, թե իր նախկին  կինն աղջիկ երեխային տանում է գիշերային ակումբ, եւ ինքը դրանից խիստ անհանգստանում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս