Հունիսի 8-ին կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված պտղի, բանջարեղենի և խաղողի իրացման նպատակով մթերումների գործընթացին զուգահեռ աշխատանքներ են իրականացվել նաև դրանց վաճառքի աջակցության ուղղությամբ: 2012 թվականի հունիսի 30-ից Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում, օգոստոսի 19-ից՝ “Կենտրոն” վարչական շրջանի Մովսես Խորենացու փողոցում (պարփակված Տիգրան Մեծի և Ագաթանգեղոսի փողոցներով), իսկ տարեվերջին՝ “Մալիբու” սրճարանի տարածքում յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Տոնավաճառներին մասնակցել են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացրել բացառապես սեփական արտադրանքը: 
Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառներին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել և հետևողականորեն կիրառվել են մասնակցության հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառներին թույլատրվել է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստել են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Բացի այդ, միջնորդների ներկայությունը տոնավաճառներին բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվել է վերահսկողություն: Տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրվել են հարմարավետ տաղավարներ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ: Տոնավաճառների տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորվել է ՀՀ ոստիկանության կողմից: 
Տոնավաճառների ավարտին կազմակերպվել են տարածքի մաքրման աշխատանքները: Տոնավաճառը գյուղատնտեսական մթերքների մյուս գործող շուկաների համեմատությամբ երևանաբնակ քաղաքացիների համար այլընտրանք է, քանի որ այնտեղ բացառված էր առևտրային միջնորդների մասնակցությունը, իրացվում է թարմ մթերք անմիջապես արտադրողների կողմից` համեմատաբար մատչելի գներով: Վերջինս նպաստում էր գյուղացիական մթերքների իրացման գնաճի կանխմանը: Հունիսի 8-ին Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի 15 հասցեում “Մալիբու” սրճարանի հարակից տարածքում, կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը: 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայություն 




Լրահոս