Ոստիկանության պետի արտահայտած միտքը որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել. Աշոտ Ահարոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ Ծիծեռնակաբերդում անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Վերջինիս և լրագրողների հետ տեղի ունեցած զրույցը բուռն քննարկումների տեղիք է տվել:

Կատարվածի շուրջ ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանում է հրապարակել, որում ասվում է` «Երեկ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ոստիկանության պետի արտահայտած միտքը որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել և տարբեր թյուր մեկնաբանությունների ու շահարկումների առիթ տվել: Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին: Ի դեպ, բանավոր խոսքում չերևացող չակերտները տեսել և ասվածը հենց որպես փոխաբերություն էլ հասկացել են զրույցին մասնակից բազմաթիվ լրագրողներ, ինչը ակնհայտ է նրանց հրապարակումներից:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ շահարկումներից, մանավանդ որ ոստիկանության պետը բաց ու պատրաստակամ է լրատվամիջոցների հետ աշխատանքում և կարևորում է լրագրողների ներդրումը ոստիկանության գործունեությունը լուսաբանելու գործում: Ի դեպ, հենց ոստիկանության պետի նախաձեռնությունն է՝ առաջիկայում կազմակերպել հանդիպում լրագրողների հետ և քննարկել բոլոր խնդիրները: Կարծում եմ, որ դա ավելի օգտակար կլինի, քան ամեն կարգի թյուրիմացությունների ու շահարկումների տիրաժավորումը»:




Լրահոս