Եթե Սերժ Սարգսյանը շատ արագ քայլեր չանի` բաց թողածը գոնե մասամբ լրացնելու համար, պատերազմին պետք է պատրաստվի ողջ հայ ժողովուրդը, բայց արդեն առանց նրա ու նրա թիմի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե իր համար դեռեւս 2011թ-ին տեսանելի էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հակված է խնդիրը ոչ թե բանակցային, այլ ռազմական ճանապարհով լուծել: Եվ քանի որ դա այդպես է, տրամաբանական է մտածել, որ Ս. Սարգսյանը պետք է որ հաջորդած բոլոր տարիներին աներ առավելագույնը` պատրաստվելու համար սպասվող պատերազմին: Իսկ դրա համար նախ` պետք է ուժեղացվեր երկրի տնտեսությունը:

Թե անցած 5 տարիներին ինչպիսի տխուր տնտեսական ցուցանիշներ ենք արձանագրել, հայտնի է բոլորին: Պատերազմին պատրաստվելու համար Ս. Սարգսյանը պետք է ուժեղացներ ՀՀ-ի անվտանգության միջազգային երաշխիքները: 2013թ.-ին մի գիշերում ընունած որոշմամբ Ս. Սարգսյանը փակեց դեպի Եվրոպա տնտեսական համագործակցության դուռը եւ «անվտանգության գործոնը» նկատի առնելով` ՀՀ միացրեց ԵՏՄ-ի խորտակվող նավին, ինչի արդյունքում անցած մեկուկես տարվա ընթացքում ՀՀ տնտեսության ցուցանիշները էլ ավելի վատթարացան:

Պատերազմին պատրաստվելու համար Ս. Սարգսյանը պետք է վերացներ կոռուպցիան, մինչդեռ անցած 5 տարիներին կոռումպացված պաշտոնյաներն ու նրանց մերձավոր ազգականները անարգել կերպով շարունակեցին թալանել երկրի պետական միջոցները, իսկ անձամբ Ս. Սարգսյանի միլիոնատեր ընտանիքի անդամները տասնապատկեցին, հարյուրապատկեցին իրենց ունեցվածքը:

Պատերազմին պատրաստվելու համար պետք է որ հատկապես պաշտպանական ոլորտի կարեւոր պաշտոններում նշանակվեին բարեխիղճ եւ պատասխանատու մասնագետներ, այլ ոչ թե իրենց ֆոտոսեսիաների սիրահար կողակիցներից եւ սեփական փիառից բացի` ուրիշ ոչ մի բանով չմտահոգվող անձինք:

Պատերազմին պատրաստվելու համար պետք է հանրության մեջ վստահության մակարդակը բարձրացվեր պետական ինստիտուտների հանդեպ, մինչդեռ շարունակաբար կեղծելով ընտրություններն ու հրապարակավ խոստովանելով, որ Հայաստանում դատարանները չեն գործում, Ս. Սարգսյանն ու նրա թիմը անցած 5 տարիներին շարունակեցին մարդկանց հասցնել ծայրահեղ հուսալքության, որի արդյունքում տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արտագաղթեցին:

Եվ, ի վերջո, պատերազմին պատրաստվելու համար պետք է ոչ թե բանակի միջոցները յուրացվեին, իսկ դրանում ներգրավված գեներալները ընդամենը պաշտոնանկ արվեին, այլ հնարավոր բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեին բանակի հզորացմանը, իսկ չարաշահումների հեղինակները ցուցադրաբար եւ շատ խիստ պատասխանատվության ենթարկվեին որպես հայրենիքի դավաճաններ:

Կարելի է շատ երկար թվարկել, թե էլի ինչ էր պետք անել` պատերազմին պատրաստվելու համար, որ չի արվել: Սակայն դրանից, ցավոք, այլեւս ոչինչ չի փոխվի. թշնամին չոքել է մեր դռանը: Ուստի, եթե հիմա Ս. Սարգսյանը շատ արագ եւ շատ հիմնավոր քայլեր չանի` բաց թողածը գոնե մասամբ լրացնելու համար, պատերազմին պետք է պատրաստվի ողջ հայ ժողովուրդը, բայց արդեն առանց Սերժ Սարգսյանի ու նրա թիմի:

 




Լրահոս