ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Լոռու մարզի Շահումյան գյուղն ունի 3005 տնտեսություն: Նախկինում այդ համայնքի բնակչության զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն էր: Այսօր, սակայն, գյուղացին դժգոհում է, որ դրանից ինքը նորմալ եկամուտ չի ստանում:
Գյուղի արոտավայրերը հեռու են, ինչն էլ ազդում է անասնապահության զարգացման վրա: Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը: Գյուղում հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի եւ բանջարաբոստանային այլ կուլտուրաների մշակմամբ: Ինչպես բնակիչներն են ասում, դա էլ կախված է բնության քմահաճույքից: Վերջին տարիներին ավելացել են բնական արհավիրքները՝ կարկտահարություն, երաշտ, հեղեղումներ: Անձրեւային տարիներին որոշ չափով դեռ կարելի է բերք հավաքել, իսկ երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 80%-ը: Այս գյուղի բնակչության մի մասը նախկինում աշխատում էր Շահումյանի պահածոների գործարանում: Սակայն դրա սեփականաշնորհումից հետո այն չի գործում, եւ արդյունքում 300 բնակիչ մնացել է անաշխատանք:
Շահումյան գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց 305 աշակերտով: Արտագաղթի պատճառով դպրոցում տարեցտարի պակասում է աշակերտների թիվը: Ահա հայկական սովորական գյուղերից մեկի վիճակը: Ընդ որում, այս գյուղը ոչնչով կամ գրեթե ոչնչով չի տարբերվում մյուսներից:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԾԱՌԱՅԵԼ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ադրբեջանում գտնվող ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մասնակցությամբ վերջերս տարածված տեսանյութի կապակցությամբ մեկնաբանել է. «Մեր միակ ցանկությունն այն է, որ Հակոբը Կարմիր խաչի օգնությամբ վերադարձվի հայրենիք: Ինչ էլ ցուցադրեն ադրբեջանական զինված ուժերը, մենք հարգում ենք Հակոբին՝ որպես զինծառայողի: Հայրենիք վերադառնալուց հետո Հակոբի նկատմամբ որեւէ հետապնդում չի լինի: Հակառակը, մենք հոգեբանական աջակցություն կցուցաբերենք, եւ նա կշարունակի իր ծառայությունը Հայաստանի զինված ուժերում»: Նախարարը նշել է նաեւ, որ ՊՆ-ն համագործակցում է Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի հետ, որպեսզի նա կապ հաստատի Ադրբեջանի Կարմիր խաչի հետ՝ Հակոբ Ինջիղուլյանի հետ կապվելու համար: Նախարարի խոսքով՝ իրենք աշխատում են այդ ուղղությամբ: «Ադրբեջանի գերիների եւ անհայտ կորածների հանձնաժողովի գործունեությունը շատ դեպքերում ոչ բավարար եմ համարում»,-հայտարարել է Ս. Օհանյանն ու ավելացրել, որ պատճառը միջպետական հարաբերությունների բացակայությունն է: Ըստ նրա՝ եթե չկա միջպետական կապ, անհնար է ակնկալել բարձր արդյունքներ:

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս