Նվազեցնելով կորսված տարածքների նշանակությունը` Սերժ Սարգսյանը փորձում է խույս տալ պատասխանատվությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայի բանակցություններից հետո Սերժ Սարգսյանն օդանավում՝ լրագրողների հետ զրույցում, բավականին վտանգավոր հայտարարություններ արեց: Նրա բացատրություններից պարզ դարձավ, որ Հայաստանը պատերազմից դուրս է եկել զգալի կորուստներով։

Նախ եւ առաջ հարկ է արձանագրել, որ հայկական կողմը 1994թ. զինադադարից հետո առաջին անգամ տարածքներ է կորցրել: Այս մասին, ինչպես հիշում ենք, բարձրաձայնեց Ժիրայր Սէֆիլյանը, որին իշխանության սպասարկուները շտապեցին դավաճան հռչակել՝ առանց մտածելու, որ երկու օր անց Սերժ Սարգսյանն է կրկնելու նույն միտքը՝ կորսված տարածքների էլ ավելի մեծ թիվ նշելով: Քառօրյա պատերազմի վերջին օրը դեսպանների առաջ խոսելով 2-3 հարյուր մետրերի մասին՝ մեկ ամիս անց Սերժ Սարգսյանն արդեն կորուստները չափում է հեկտարներով: Եվ ամենազարմանալին այն է, որ իշխանության ներկայացուցիչները տարածքային կորուստների մասին խոսում են այնքան հեշտությամբ ու անհոգությամբ, կարծես խոսքը վերաբերում է Հայկի ու Բելի ճակատամարտին: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն անգամ ավելի հեռուն գնաց՝ կորսված տարածքներն անվանելով «ամայի ու անմշակ»: Հետաքրքիր է՝ որքա՞ն ամայի ու անմշակ հողեր կան սահմանից այս կողմ, որոնք կարող ենք առատաձեռնորեն հանձնել ադրբեջանցիներին:
Ըստ էության, Սերժ Սարգսյանի ցանկացած հակասական հայտարարություն ՀՀԿ-ականները պաշտպանում են մեծագույն եռանդով:

Երբ Սարգսյանը խոսել էր «80-ականների զենքի» մասին, ՀՀԿ-ականներն այնքան էին շփոթվել, որ նույնիսկ հայտարարվեց, թե մեզ խաբել ու թանկ գնով վաճառել են 80-ականների զենք (Համլետ Հարությունյան, ՀՀԿ): Այս անգամ կրկին նույն իրավիճակը ստեղծվեց՝ ներառելով նույնիսկ ԼՂՀ ԱԺ փոխխոսնակին, որը միացավ «ոչ ռազմավարական» դիրքերի մասին մեկնաբանություններ անողների շարանին: Ի վերջո, ի՞նչ է նշանակում «ոչ ռազմավարական» տարածք արտահայտությունը: Գուցե վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի «աշխարհացունց» ելույթ էլ նվիրի այս թեմային ու հանձնարարի ՊՆ-ին, որ վերջինս ներկայացնի բոլոր «ոչ ռազմավարական» տարածքների ցանկը, որոնք առաջին իսկ առիթի դեպքում կհանձնենք Ադրբեջանին գոնե առանց զոհերի: Թե չէ, ի՞նչ է ստացվում, ամեն անգամ 100 մայրեր պիտի սեւազգեստ դառնան, որից հետո իշխանության բոլոր օղակները կորսված տարածքները հռչակեն «ոչ-ռազմավարական, ամայի ու անպիտա՞ն»:
Այդուհանդերձ, եթե մի կողմ թողնենք հարցի բարոյական կողմը, չենք կարող անտեսել ինքնին կորուստի փաստը:

Նախորդ տարիների ընթացքում ձեւավորվել էր այն մտայնությունը, որ Հայաստանի որեւէ ղեկավար գլխից ձեռք չի քաշել, որ համարձակվի զիջումների գնալ Արցախի հարցում: Այդ կարծիքի հիմքում 1998թ․ պալատական հեղաշրջումն էր: Ըստ էության, փոխզիջումների կողմնակից Տեր-Պետրոսյանը կամովին հեռացել էր իշխանությունից, իսկ նրան փոխարինել ու արդեն 18 տարի կառավարում են փոխզիջումների դեմ հանդես եկած Քոչարյանն ու Սարգսյանը: Ստեղծվել էր մոտեցում, որ եթե առաջին դեմքը պատրաստ է զիջումների, նա իշխանության մնալ չի կարող: Սակայն կատարվեց ամենամտահոգիչը. Սերժ Սարգսյանի նախագահության 8-րդ տարին չլրացած` Արցախը զրկվեց 800 հա տարածքից: Ինչպիսի փաստարկներ կամ հանգամանքներ էլ որ լինեն, տարածքային կորուստների պատասխանատվությունն ի պաշտոնե Սերժ Սարգսյանի վրա է, ինչից նա փորձեց խույս տալ՝ նվազեցնելով կորսված տարածքների նշանակությունը եւ նույն հանձնարարականն իջեցնելով իր ենթականերին։э

Որքան էլ Ադրբեջանին չհաջողվեց իրականացնել իր ծրագրի առավելագույնը, նա, այնուամենայնիվ, հասավ որոշակի հաջողությունների, որոնք վստահաբար օգտագործելու է առաջիկայում: Իսկ, ահա, Հայաստանում իշխանությունը, հաղթահարելով քառօրյա պատերազմի անակնկալը, չընդունեց իր պատասխանատվությունը: Ամենացավալին, սակայն, այն է, որ հասարակությունը հեշտությամբ ու անվրդով մարսեց տարածքային կորուստների մասին լուրը: Ինչպես տեսնում ենք՝ Սերժ Սարգսյանն էլ չկորցրեց իշխանությունը: Տպավորություն է, որ զոհ ենք դարձել մի փորձարկման, որով ժողովուրդը ընտելանում է տարածքային կորուստների փաստին: Այսօր 800 հեկտար է, վաղը կլինի 80 հազար եւ այսպես շարունակ…

Ն. Հովսեփյան




Լրահոս