Միչիգան նահանգը հաստատեց ցեղասպանության թեման կրթական ծրագրում ներառելու մասին օրինագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ երեկ Ներկայացուցիչների պալատի 4493 օրինագիծը՝ «Ցեղասպանության թեման կրթական ծրագրում. Նահանգապետի խորհրդատվական խորհուրդը, կրթական ծրագրեր ու գնահատում» խորագրով ստորագրվել է Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերի կողմից:

«Առաջնորդների մեր հաջորդ սերունդը պետք է միջոցներ ունենա բացահայտելու և օգնելու կանխել իրենց աշխարհասփյուռ եղբայրներին ու քույրերին սպառնացող լայնածավալ չարիքը», – հայտարարել էր Սնայդերը:

«Միչիգանում սովորողներին ցեղասպանության մասին ուսուցանելը կարևոր է, քանի որ մենք պետք է հիշենք և տեղեկանանք մեր անցյալի այդ սարսափելի իրադարձությունների մասին՝ շարունակելով աշխատանքներ տանել ավելի հանդուրժող հասարակություն ստեղծելու շուրջ»:

Հայոց ցեղասպանության կրթության հանձնաժողովի (AGEC), Համագումարի Միչիգան (նահանգի) տնօրեն Ջոն Ջեմյանի և ամբողջ հասարակության առաջնորդության և ջանքերի շնորհիվ Ցեղասպանության վերաբերյալ կրթության մասին HB 4493 օրինագիծն այժմ օրենքի ուժ է ստացել: Ջեմյանը, ով AGEC-ի ակտիվ անդամ է, Միչիգանի օրենսդիր մարմնի նախկին ներկայացուցիչ է եղել, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի նախկին գործադիր տնօրեն: Ջեմյանը, անդրադառնալով այս նվաճմանը, հիշեցրել է իր գործընկերոջ և Համագումարի տնօրենների խորհրդի նախկին անդամ Էդգար Հակոբյանի իրականացրած և նահանգային, և դաշնային մակարդակով հանուն ցեղասպանության ճանաչման ուղղված անխոնջ քարոզչության մասին:

Հակոբյանը, ով մահացավ 2011 թ., ծառայել է որպես [Համագումարի] խորհրդի անդամ 1998-2003 թթ.: «Ուրախ եմ, որ վերջապես իրագործեցինք Միչիգանում Ցեղասպանության վերաբերյալ կրթության մասին այս կարևոր օրենքի ընդունումը», – ասել է Ջեմյանը: «Այս հաջողությունը ցույց է տալիս, որ մեր համայնքի բոլոր առաջնորդների համատեղ աշխատելու դեպքում կարող ենք մեծ արդյունքների հասնել: Հատուկ երախտագիտություն եմ հայտնում AGEC-ի նախագահ Էդվարդ Հարաթյունյանին նրա առաջնորդության համար, ինչպես նաև բոլոր անդամներին՝ այս կարևոր հանգրվանին հասնելու համար», – ավելացրել է նա:

Ներկայացուցիչ Քլինթ Քեստոյի հեղինակած HB 4493 օրինագիծը փոփոխություններ է ներառում Կրթության մասին փոփոխված օրենսդրությունում և ըստ վերջինիս, Միչիգանի ավագ դպրոցներում հասարակագիտական ուսումնական ծրագրում և համապետական գնահատման ծրագրում կներառվեն ցեղասպանությունների, այդ թվում, Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության մասին դասավանդումը և գնահատումը: Բացի այդ, օրինագիծը Ցեղասպանության և Հոլոքոստի մասին կրթության հարցերով նահանգապետի խորհուրդը հաստատում է որպես ժամանակավոր հանձնաժողով: Նահանգապետ Սնայդերի կողմից նշանակված 15 անդամներից բաղկացած խորհուրդը կլինի խորհրդատվական և մասնավոր ֆինանսավորմամբ:

«Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը չեն կարող մոռացվել», – ասել է նահանգի սենատոր Մարթի Նոլենբերգը (Հանրապետական, Միչիգան), Կոնգրեսի հայկական հարցերով նախկին համանախագահ կոնգրեսական Ջո Նոլենբերգի (Հանրապետական, Միչիգան) որդին: «Հպարտ եմ լինել և դեմոկրատների, և հանրապետականների հետ միասնական, որպեսզի նրանք հիշվեն Միչիգանի հաջորդ սերունդների կողմից»:

Պաշտոնական օրենսդրությամբ նշվում է. «2016-2017 թթ. ուսումնական տարեշրջանից սկսած դպրոցական շրջանի խորհուրդը կամ հանրակրթական դպրոցի տնօրենների խորհուրդը պետք է ապահովեն, դպրոցական շրջանի կամ հանրակրթական դպրոցի 8-ից 12-րդ դասարանների հասարակագիտության ուսումնական ծրագիրը ներառում է ցեղասպանության մասին դասավանդում՝տարիքի և դասարանի համապատասխան»:

Հասարակագիտության վերաբերյալ պետական գնահատումը «կներառի հարցեր, որոնք առնչվում են նահանգային խորհրդի հիմնական ուսումնական ծրագրի չափորոշիչների մոդելում առաջարկված ցեղասպանությունների, ներառյալ և չսահմանափակվելով Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության մասին ուսումնական հարցերին»: Ըստ այդ օրինագծի, ընդհանուր առմամբ ցեղասպանության մասին 6 ժամյա դասավանդումը կլինի պարտադիր 8-ից 12-րդ դասարանների համար:

Բացի այդ, Միչիգանի դպրոցական խորհուրդը կաջակցի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պատշաճ կերպով հավերժացնելուն ուղղված միջոցառումներին, գործունեության և կրթության կազմակերպմանը և համակարգմանը, ինչպես, օրինակ Հայոց ցեղասպանության Միչիգանի հիշատակի օրերը»:

Ի լրումն Միչիգանի օրենսդրության, այս տարի Anti-Defamation League (ADL) կազմակերպությունը Հայոց ցեղասպանությունը ներառել է իր մշակված ուսումնական ծրագրում, որպես տարրական, միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության դասավանդման համար նյութեր և դասընթացների պլանների մշակման իր առաքելության մի մաս: Համագումարը կապվել է ADL-ի գլխավոր տնօրեն Ջոնաթան Գրինբլաթի հետ՝ երախտագիտություն հայտնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազային նյութերի և «Պայքար հանուն Ցեղասպանության կանխման. Ցեղասպանություն և համաշխարհային հակահարված» խորագրով ավագ դպրոցում ADL-ի 2016 թ. գարնան ուսումնական պլանի համար:

Այլ ուսումնական ծրագրերի համար այցելեք Հայկական ազգային ինստիտուտի կայքէջը, Հայոց ցեղասպանությունը և մարդու իրավունքների պաշտպանության կրթական ծրագիրը»: Միչիգանը հաջորդում է ևս վեց ԱՄՆ նահանգներին, որոնք հաստատել են Ցեղասպանության դասավանդման հանձնարարականը, այդ թվում՝ Իլինոյսը, Կալիֆորնիան, Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Նյու Յորքը և Նյու Ջերսին:




Լրահոս