ՔՈՉՎՈՐ ՑԵ՞Ղ ԵՔ ԴԱՐՁՆՈՒՄ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձմեռնամուտին, երբ հայաստանցիներն իրենց մաշկի վրա են զգալու գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագնի ծանր հետեւանքները, իշխանությունները ձեռնարկել են պատգամավորների եւ կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման գործընթաց:
Ինչո՞ւ իշխանությունը չի վախենում հասարակական ընդվզումից: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց  ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանի հետ:
-Կարծում եմ` իշխանություններն անտարբեր են, որովհետեւ իրենց անպատժելի են համարում եւ գիտեն, որ, միեւնույն է, անելու են այն, ինչ անում են: Ես շատ եմ տխրում նրանից, որ մարդիկ հուսահատվել են. ո՞նց կարելի է մարդու միջից կյանքի հավեսը հանել, չէ՞ որ բոլորս նույն խաղադաշտում, նույն տարածության մեջ ենք, ու եթե մեկը հիվանդ է, մյուսը վատ է, ես ո՞նց կարող եմ ինձ լավ զգալ: Մի՞թե փողն այդ աստիճան կարեւոր է, չէ՞ որ այդ հարստությունը հաստատ հետները չեն տանելու, ու նաեւ մեծ հարցականի տակ է` արդյոք իրենց հաջորդ սերունդը կվայելի այդ հարստությունը, որը շատ աղքատ մարդու բերանից են խլել, երեխայի, ծերունու, հիվանդի… Եթե առաջ հուսահատված էր մի որոշակի խավ, հիմա հուսահատված են համարյա բոլորը, նույնիսկ պաշտոնյաները, բարձր դիրք գրավող մարդիկ, որովհետեւ կերակրատաշտից օգտվողները շատ են պակասել, արտոնյալների օղակը շատ է սեղմվել: Եթե առաջ  50-60 տոկոս էր աղքատությունը, հիմա արդեն 80-ից անց է, դարձել է համատարած, եւ էական չէ` մտավորական ես, թե բանվոր. բոլորը մի առանձին հավասար կարգավիճակում են: Եվ արդեն բոլոր խավերն են անհանգիստ, նյարդայնացած:
-Գուցե Շանթ Հարությունյանի այդ քայլը հենց դրանո՞վ էր պայմանավորված, դա զայրույթի, բողոքի ճի՞չ էր:
-Հիմա չի կարելի նման բաներ անել, պետք է շատ խելացի քայլեր անել: Ճչաց պրծավ, հետո՞: Շանթը հասուն տարիքի տղամարդ է, բայց այդ ամբողջը, այսպես ասած, մի քիչ երեխայական էր: Այսպես երկար հնարավոր չէ ձգել, մի օր ամեն ինչ պայթելու է: Իսկ իշխանավորները ձգում են երկար, որովհետեւ ամեն մի օրն իրենց համար գումար է: Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ ժողովուրդն ավելի շատ հուսահատված է ոչ թե այս վիճակից, այլ այն հարցից, թե ինչին ինչով ես փոխարինում, ում` ումով: Չեմ հանդիպել մի մարդու, ով մինչեւ վերջ հուսահատված ու զզված չլինի, եւ ինչ-որ տեղ նաեւ կասկածներ ունեմ, որ սա դիտավորյալ է արվում, որպեսզի դատարկվի Հայաստանը եւ «գուբերնյայի» կարգավիճակ ստանա:
-Կարծում եք` այսօր մենք չունե՞նք  համապատասխան առաջնորդ, որի հետեւից կգնա ժողովուրդը:
-Այո՛, ես համարում եմ, որ չկա: Անընդհատ հայտնվում է մեկը, ում հետ ժողովուրդը հույսեր է կապում, հավատում: Եվ ինչպես հայտնվում, այնպես էլ անհետանում է: Ժողովուրդը գնաց Րաֆֆիի հետեւից… Ու ստացվեց այն, ինչի պտուղները մենք հիմա քաղում ենք: Մի՞թե կարելի էր այդպես խփել, այդպես ծաղրել ժողովրդին: Իբր ծաղրողներն ու խփողները քիչ էին:
-Ո՞րն է ելքը, մտավորականությունը, Ձեզ նման մարդիկ, ում ժողովուրդը ճանաչում, սիրում է, ի՞նչ պետք է անեն:
-Երբ ինձ այսպիսի հարց են տալիս, էլ ավելի եմ հուսահատվում: Ինչքա՞ն կարելի է պայքարել: Ինչքա՞ն: Վերջ չունի՞… Եվ զավեշտալին այն է, որ ինչքան շատ ենք պայքարում, որ ունենանք ուժեղ, հարուստ երկիր, այնքան ավելի հակառակն է լինում: Ստացվում է, որ, բանուգործներս թողած, զբաղված ենք միայն նրանով, որ մի քանի հազար հոգի շատ հարուստ լինեն: Մի կյանք է, թողե՛ք ապրենք, 25 տարի է` այս վիճակում ենք: Ես ուզում եմ դիմել պետական այրերին` էս մի բուռ հողն է մնացել, սա՞ էլ տանք:  Արեւմտյան Հայաստանի հողերը տվեցիք, չհանգստացաք, հիմա էլ էս մի կտոր հո՞ղն եք տալու: Մենք նահանջելու տեղ ունե՞նք: Որոշ կանայք մտնում են քաղաքականություն, որ գոնե կարողանան փրկել այս իրավիճակը, հասկանում են բնազդաբար, որ սա մեր վերջին հողակտորն է, սա էլ որ թողնենք, ո՞ւր ենք գնալու… Քոչվոր ցե՞ղ ենք դառնալու:
-Եթե երկրի նախագահը կին լինի, ինչ-որ բան կշտկվի՞:
-Եթե խելացի, ուժեղ կին եղավ, իհարկե կշտկվի. ոչնչացնելու կոդը կինը չունի, իսկ տղամարդն ունի: Այնուամենայնիվ, ես չէի ցանկանա, որ մեր զրույցը նման հոռետեսական  ավարտ ունենար։ Չի կարող մի բան՝ լինի լավ, թե վատ, երկար տեւել: Այս մղձավանջը շուտով ավարտվելու է, եւ, ինչպես կասեր Հեմինգուեյը, «մեր փողոցում էլ տոն կլինի»…

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս