ԵՐՋԱՆԻԿ ՆԱԽԱՐԱՐԸ ԱԶԱՏՎՈՒՄ Է ԱՆՑԱՆԿԱԼԻ ԿԱԴՐԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այն եզակի պաշտոնյաներից է, ում գործունեությունը թեպետ ամենաառարկայական դժգոհությունների առիթ է դառնում մշտապես, սակայն նա շարունակում է ժպիտով կառավարել` ասես ոչինչ չի եղել: Բոլորովին վերջերս ՀՀ քաղաքացի Նարինե Մանուկյանը խայտառակ փաստեր հրապարակեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գործելաոճի մասին: «Պարզվում է՝ սոցապնախարարը հաշմանդամ երեխաների անվասայլակների վրա գումար է աշխատում, զինհաշմանդամների ու «Փարոս» ստացողների գումարներն է յուրացնում… Ամենաքիչը 4 տարի է՝ ձեր տարբեր բաժինների պետերի հետ զրույցներում նշում ենք, որ այն մանկական հաշմանդամային սայլակները, որ արդեն տարիներ է՝ ներկրվում են ձեր կողմից, միանգամայն ԱՆՊԵՏՔ են, ավելին ասեմ` խարխուլ ու հնամաշ, չեն ծալվում եւ չեն համապատասխանում ոչ մի ստանդարտի… Բայց նույնիսկ այդ անպետք սայլակի համար հերթագրում են ու 10.000 դրամ պահանջում` հերթն առաջ տալու համար»,- հայտնել էր քաղաքացին: Նրա խոսքերով՝ «Մյուս ու ամենաանկազմակերպ ճյուղը ԲՍՓՀ-ներն են, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին ոչ միայն հոգեբանորեն ավելի են ճնշում ու կոմպլեքսավորում ԽՂՃՈւԿ ԹՈՇԱԿԻ համար` ամսական 21.000 ՀՀ դրամ, այլեւ «Փարոսից» օգտվող ծնողից պահանջում են 10.000 դրամ, կամ ավելի դաժանները` 2-3 ամսվա թոշակ, որ ավելի «արագ» կատարեն իրենց ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ»:
Այս փաստերի մասին նախարար Ա. Ասատրյանը լռում է: Եւ դրան զուգահեռ մաքրում նախարարությունը իր համար անցանկալի կադրերից, որպեսզի դժգոհողներին բացատրի, թե «համակարգը մաքրում է»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախարարի «թիրախում» է հայտնվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը: Նա առաջիկայում կազատվի զբաղեցրած պաշտոնից, նախօրեին արդեն գործընկերներին հրաժեշտ է տվել: Տեղեկությունը ճշտելու նպատակով «ժողովուրդ»-ը կապ հաստատեց սոցիալական ապահովության ծառայության մամուլի խոսնակ Արամայիս Շահբեկյանի հետ, ով ասաց, թե պաշտոնապես տեղեկություն չունի, իսկ սոցիալական ապահովության ծառայության աշխատանքը շարունակվում է իր բնականոն հունով:

 

 

Նորություն չէ, որ հայրենի պաշտոնյաներից շատերը չեն ծառայել Հայոց բանակում: Դեռեւս Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ կառավարության կազմը համալրվեց բանակում չծառայած նախարարներով, որոնց համար հայրենիքը սկսվում եւ ավարտվում էր Տիգրան Սարգսյանի որոշումներով: Պարզվում է՝ այս նոր՝ պրոֆեսիոնալների կառավարության կազմում էլ կան այդպիսիք: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի ծառայել Հայոց բանակում: Ու ամենեւին կարեւոր չէ, թե պաշտոնական ինչ պատճառաբանությամբ: Հավելենք, որ Հայոց բանակում ծառայությունից խուսափել է նաեւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Նա այն պաշտոնյան էր, որ նշանակման առաջին օրերից բացառեց, որ Հայաստանը կունենա ազգային ավիափոխադրող ընկերություն: Դե, իհարկե:

 

 
Նոր կառավարության ձեւավորումից հետո անգործ մնացած ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին իշխանությունները, կարծես, չեն ցանկանում նեղացնել: Նախարարի պաշտոնը լքելուց կարճ ժամանակ անց նրա համար նոր դռներ են բացվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մտերիմ Հասմիկ Պողոսյանին նոր պաշտոն են խոստացել: Մասնավորապես լուրեր կան, որ շուտով էքս նախարարը Եվրամիության երկրներից մեկում դեսպան կնշանակվի: Այո՛, թեեւ նա պաշտոնը լքելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արժանացավ մեդալի, ամեն դեպքում խոսվում է ԵՄ երկրներից մեկում նրան դեսպան նշանակելու հավանականության մասին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Հասմիկ Պողոսյանից, սակայն նա անպատասխան թողեց իրեն ուղղված հարցադրումները:

 

 
Նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված առանցքային հարցերից մեկը ՀՀ կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծն է: «Ժողովուրդ» օրաթերթն առանձնացրել է ուշագրավ կետերից մեկը: Այսպես՝ 5-րդ հոդվածը սահմանում է կուսակցությունների ստեղծման եւ գործունեության սահմանափակումները: «Արգելվում է այն կուսակցությունների ստեղծումը կամ գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով»: Ի՞նչ է նշանակում «կուսակցության կողմից բռնություն կիրառել» եզրույթը, արդյո՞ք որեւէ կուսակցության մեկ կամ մի քանի անդամների կողմից ինչ-որ մեկի նկատմամբ բռնություն կիրառելը կարող է գնահատվել որպես սահմանադրական կարգը տապալելուն միտված քայլ: Նշենք, որ այս ձեւակերպումը վերցված է ՀՀ Սահմանադրության 46 հոդվածից: Սակայն, ի տարբերություն Սահմանադրության, օրենքը պետք է ավելի առարկայական լինի եւ տարընթերցումների տեղիք չտա: Հավելենք, որ «Կուսակցության մասին» օրենքի այս նախագիծը, որը երկու օր անց կներկայացվի օրենսդիրներին, դեռ ամբողջական չէ:

 

 
ՄԵՌԵԼԱՅԻՆ
Սերժ Սարգսյանի՝ օրերս Դ. Կիսելեւին տված հարցազրույցը, պարզվում է, բացի արդեն իսկ այս օրերին քննարկված վիճահարույց հայտարարություններից, պարունակել է եւս մեկ կտոր, որը հրապարակվել է նախօրեին՝ մեկ շաբաթ ուշացումով: Եվ ահա այդ մասում Ս. Սարգսյանը հայտարարում է, որ հայկական կողմը պատրաստ է եղել հանձնել բոլոր 7 շրջանները: Հիշեցնելով 2008թ. Մայնդորֆյան հռչակագրի ստորագրման նախապատմությունը՝ Սարգսյանը շարունակում է. «Դրանից հետո բանակցությունները շարունակվեցին, եւ մենք մի քանի անգամ արդեն մոտ էինք փաստաթղթի ստորագրմանը: Այսինքն՝ հայկական կողմը, հայկական կողմերը՝ Հայաստանն ու Ղարաբաղը, ազատում են բոլոր տարածքները, որոնք հիմա անվտանգության գոտի են, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են: 7 ադրբեջանական շրջանները: Մենք թողնում ենք այդ տարածքները եւ հեռանում: Դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Այո՞»,- հարցադրում է անում Սարգսյանը: Իսկ արդեն Կիսելեւի ճշտող հարցին, թե պատրա՞ստ եք վերադառնալ այդ փաստաթղթին հիմա եւ այն համարել գործող, Սարգսյանը պատասխանում է. «Մենք պատրաստ ենք այդ երեք սկզբունքների շրջանակներում գնալ Ղարաբաղի հարցի կարգավորմանը»: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը վերստին եւ բաց տեքստով հայտարարում է, որ հայկական կողմը պատրաստ է գնալ Ղարաբաղի հարցի կարգավորման՝ հանձնելով բոլոր 7 շրջանները:
Թե որն է պատճառը, որ «Սասնա ծռերի» զենքը վայր դնելու հաջորդ օրը տարածքային զիջումները «բացառող» Սերժ Սարգսյանը որոշել է հիմա բարձրաձայնել 7 շրջանների հանձնման մասին, դժվար է ասել: Անշուշտ, դա բացառող արմատական շրջանակները՝ ի դեմս «Սասնա ծռերի» եւ «Հիմնադիր խորհրդարանի», ճաղերի հետեւում են, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ արդեն զբաղված են նախընտրական սակարկություններով, ուստի քաղաքական դաշտից նմանատիպ հայտարարություններին դիմադրությունը նվազագույն մակարդակի կարող է լինել: Իսկ ինչ վերաբերում է փորձագիտական շրջանակներին եւ, այսպես ասած, մտավորականությանը, ապա այստեղ հանրության հեղինակությունը վայելող շատ քիչ գործիչներ են մնացել, որոնք մինչ այս էլ ամիսներ շարունակ հնչեցնում էին տագնապի զանգը: Մասնավորապես հիշենք, որ դեռեւս այս գարնանը ստորագրված Շուշիի հռչակագիրը, որի հրատապությունը օրեցօր ավելի ակնհայտ է դառնում, այդպես էլ չարժանացավ հանրային մեծ աջակցության: Դժվար է ասել՝ որն է պատճառը: Արդյոք մարդիկ պարզապես չեն հավատում, որ որեւէ հայ ղեկավար կարող է հանձնել արյամբ ազատագրված հողերը, թե այնքան են կքած սոցիալական խնդիրների տակ, որ օրվա հացից անդին՝ այլ բաների մասին ի վիճակի չեն մտածելու: Ամեն դեպքում փաստ է, որ այսօր երկրի ղեկավարը հայտարարում է ազատագրված բոլոր 7 շրջանները հանձնելու մասին, եւ ի պատասխան՝ տիրում է քար լռություն, մեռելային լռություն:




Լրահոս